Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԵրկար ու ձիգ տարիներ են անցել, բայց այսօրվա պես պարզ հիշում եմ, թե ինչ ցնծությամբ, ինչ ոգեւորությամբ  Հանրապետության հրապարակում նշեցինք առաջին Անկախության տոնը: Ինչ երանելի օր էր՝  ընկերներիցս շատերը դեռ ողջ էին, ու միասին պարում էինք, ուրախությունից, հուզմունքից գրկախառնվում ծանոթ-անծանոթի հետ:

Մեր դարավոր երազանքը՝ ազատ, անկախ հայրենիք ունենալը իրողություն է, ու անասելի  հպարտ եմ, որ իմ լուման ունեմ այս գործում: Անկախությունը թանկ գնով վաստակեցինք՝ զոհված մարտական ընկերներ, կորցրած առողջություն…

Հազար դժվարություն տեսանք, հազար դառնություն ճաշակեցինք, բայց մի բան հաստատ է՝ աշխարհում ամենամեծ երջանկությունը հայրենի հողի վրա ապրելն ու արարելն է:

Այսօր էլ փորձում եմ իմ հնարավորության սահմաններում օգտակար լինել՝ իմ հրամանատար Վովա Վարդանովի «Ողջ մնալու արվեստ» ակումբում եմ դասավանդում: Մեր պատերազմական տարիների փորձն ու գիտելիքն ենք փոխանցում երիտասարդներին, սովորեցնում գոյատեւել ցանկացած դժվարին իրավիճակում: Մեր նպատակն է մեր պատանիներին, երիտասարդներին դարձնել ավելի ուժեղ, կոփված, ավելի մարտունակ, որ պատրաստ լինեն կյանքի բոլոր մարտահրավերներին:

Ուժեղինն է աշխարհն ու իրավունքը:

ԱՐՏԱԿ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ազատամարտիկ

♦♦♦

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՄեզնից ամեն մեկն իր բաժինն ունի անկախության կայացման ճանապարհին՝ ե՛ւ կռվողները, ե՛ւ կռվողների թիկունքն ամուր պահողները: Երբ կռիվներից հետո որոշ ժամանակով իջնում էինք քաղաք, աննկարագրելի էր մարդկանց  ջերմ վերաբերմունքը, ամեն մեկը փորձում էր ինչ-որ կերպ աջակցել, օգնել: Մայրերն օրհնում էին մեզ, հավատացե՛ք, նրանց օրհնանքը  հազար զրահի ամրություն ունի, տատիկներն իրենց գրպանների հազար ու մի ծալքերից  կոնֆետ էին հանում ու ստիպելով խցկում մեր գրպանները՝ «Ջեմով կոնֆետ է, բերաններդ կքաղցրացնեք»:

Թիկունքի նվիրումը, սերը  բազմապատկում էր կռվողների ուժը:

Մեր անկախության մեջ իրենց մասնաբաժինն ունեն նաեւ այն ծնողները, որ ցրտին, սովին զավակներ էին ունենում ու չէին լքում երկիրը…

Դժվար տարիներ էին՝  սով, շրջափակում, պատերազմ…  մոմի մարմրող լույսի տակ ապրեցինք, բայց  մի վայրկյան անգամ  չմարեց անկախ, ազատ երկիր ունենալու հավատն ու հույսը:

Տոնդ շնորհավոր, անկախության ողջ տառապանքն ու անհուն բերկրանքն ապրած հայրենակիցներ:  Գալիք սերունդը թող երբեք ու երբեք չիմանա, թե ինչ է անկախության կորուստն ու, ազատ, անկախ երկնքի տակ իրագործելով իր հազարագույն երազանքները՝ էլ ավելի հզորացնի Հայաստանը:

ԳԵՂԱՄ ԼԱԼԱՅԱՆ

Պահեստի փոխգնդապետ

Միջազգային կարգի փրկարար

♦♦♦

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՍեպտեմբերի 21-ը մեր Անկախության օրն է,  մեր հպարտության օրը,  այն նաև, կարելի է ասել՝ եղեռն ապրած ժողովրդի համար վերածննդի օր է։

Մեր անկախությունը հեշտությամբ չի տրվել, մենք այն ձեռք ենք բերել քաջորդիների արյամբ, տանջալի ու վճռական պայքարով։

Աչքի լույսի պես պահպանենք մեր անկախությունը, հիշենք ու մեծարենք հայրենիքի ազատությունն ու անկախությունն իրենց կյանքի գնով փրկագնած  մեր հերոսներին, գնահատենք նրանց հարազատներին։

Վերջերս՝ սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի օրը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների քավորությամբ մկրտվեցին ապրիլյան օրերին անմահացած մեր հերոս տղերքի հարազատներն ու անվանակիցները։ Մեծ խորհուրդ ու սեր կար այս ամենում ու նաեւ՝ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն։

ԺՈՐԱ ԱՖՐԻԿՅԱՆ

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից

♦♦♦

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԱնկախության գինը շատ լավ գիտեն  նրանք, ովքեր իրենց մարմնի վրա  զգացել են կորստի  ցավն ու դառնությունը: Հորեղբայրս` հետախույզ Արտակ Մանասյանը, մեր ազատ, անկախ հայրենիքի նվիրյալներից մեկն էր, սերը առ հայրենիք եռում էր նրա հոգում։ Հորեղբայրս կռվել է Մոնթեի ջոկատում, զոհվել մարտական առաջադրանք կատարելիս։

Այսօր իր  եղբոր կատարած գործի հետևորդն է  հայրս` Արմեն Մանասյանը։ Նա դարձավ զինվորական` խոստանալով պահպանել տղերքի ու եղբոր կերտած անգին խաղաղությունը։

Հպարտություն ու մեծ երջանկություն է ապրել ազատ ու անկախ երկրում։

Քո մի բուռ հողը ամեն ինչից առավել է, քո կապույտ երկինքը ազատ սավառնելու անվերջություն է։

Սիրում եմ քեզ, Անկախության թևեր առած  իմ հայրենիք, ինձ համար չափազանց թանկ ու սուրբ հող…

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՆԱՍՅԱՆ

ուսանողուհի

 

Պատ.` ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


26/09/2019