Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե։ Քվեաթերթիկում մեկ հարց կար. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Իսկ պատասխանը մեկն էր. այո՛: Հայերը մի մարդու պես «այո» ասացին անկախությանը:

Անկախության կայացման բարդ և դժվարին ճանապարհին ձևավորվեցին անկախ Հայաստանի զինված ուժերի խորհրդանիշերը։ Դրանցից մեկը պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբն էր, որն ստեղծվեց 1992 թվականին։ Նվագախմբի ղեկավար, գնդապետ Արմեն Պողոսյանը, վերհիշելով այդ տարիները, նշում է, որ հունվարի 28-ին նախարարության ստեղծման հրամանին հաջորդեց առաջին դեսանտագրոհային գնդի ստեղծման հրամանը։ Հենց այդ գնդի կազմում էին նվագախմբային հաստիքները,  և հենց այդպես կազմավորվեց զինվորական նվագախումբը։

Անկախ Հայաստանի մյուս խորհրդանիշը՝ Պատվո պահակախումբը, նույնպես ձևավորվեց անկախության ձեռքբերմանը համընթաց։ Պատվո պահակային վաշտն ստեղծվեց 1993-ին, վերհիշում է զորամասի հրամանատար, ստորաբաժանման առաջին հրամանատար, գնդապետ  Աշոտ Հակոբյանը։ Առաջին միջոցառումները տխուր առիթներով էին, սակայն այսօր արդեն առանց Հայկական բանակի այցեքարտի չի անցկացվում ոչ մի պաշտոնական միջոցառում. Հայաստան ոտք դրած տարբեր երկրների առաջին դեմքերը օդանավից իջնելուն պես նրանց տեսնում են առաջինը, հեռանալիս՝ վերջինը:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ1991թ. սեպտեմբերի 21-ը  մեծ ցնծությամբ և խանդավառությամբ է հիշում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։  Իր ժամանակակիցների՝ Իսահակյանի, Շիրազի և Սարյանի համար երազանքի պես մի բան էր անկախությունն ու նրա հուսալի զավակը՝ հայկական բանակը։ «Հիմա ով էլ, որ գա անցյալից, մենք հպարտությամբ կարող ենք ասել, այո՛, մենք բանակ ունենք, բանակ, որտեղ զինվորները, հրամանատարները հայերեն են հրամայում։ Սա մեծագույն երևույթ է»,- ասում է մաեստրո Մանսուրյանը։ «Շնորհավորելով անկախության 28-րդ տարեդարձը՝ առանձնահատուկ խոնարհումս եմ հայտնում մեր բանակի բոլոր քաջերին՝ լինի զինվոր, թե հրամանատար»։

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Ազգային բանակ


26/09/2019