Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ…



ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...Ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը մեր բանակի լավագույն սպաներից է: Պարտաճանաչ, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բայցեւ սիրալիր ու  հոգատար. այսպես են նրան բնութագրում զորամասում: Հայոց բանակի սպա դառնալ Հայկը երազել է մանկուց, և հենց այդպիսի հնարավորություն ստեղծվեց՝ անմիջապես գնաց  երազանքի հետքերով և յոթ տարի առաջ ընդունվեց ռազմական բուհ. «Որոշեցի ընդունվել Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Չորս տարիների փորձն ու գիտելիքները ինձ մեծ օգուտ տվեցին հետագա ծառայությունս լավ ու կանոնակարգված կազմակերպելու համար»:

Կապավորի պատասխանատու մասնագիտությունն ընտրած երիտասարդ սպան խոստովանում է՝ ավիացիոն համալսարան ընդունվելը դժվար էր, սովորելը՝ կրկնակի դժվար, բայց լավ սպա դառնալու ձգտումը, ինչպես նաև հոր ցանկությունը հաղթահարել են բոլոր բարդությունները, և ավագ լեյտենանտն ուսումն ավարտել է գերազանց արդյունքներով. «Զինվորական դառնալու գործում մեծ է եղել ընտանիքիս դերը, հայրս մեծ հպարտություն էր ապրում, ամեն անգամ աչքերը լցվում էին, երբ ինձ զինվորական հագուստով էր տեսնում»:

Ազգային բանակի տարբեր զորամասերում մի քանի տարի ծառայելով՝ ավագ լեյտենանտը դասակի հրամանատար է նշանակվում կապի  ուսումնական զորամասում: Կապավորի մասնագիտությունը ազգային  բանակի համար առանցքային նշանակություն ունի: Հայկը գիտակցում է դա ու ջանում է անընդհատ կատարելագործել իր հմտությունները: «Առանց կապի հնարավոր չէ ղեկավարել, իսկ առանց ղեկավարման չկա համաձայնեցված գործողություն»… «Կապավորը պետք է սիրի իր մասնագիտությունը, հասկանա իր գործի բնույթը, անընդհատ կատարելագործի իր հմտությունները: Երբ այս բոլոր գործառույթները լինեն, նա կարող է դառնալ լավ կապավոր: Եվ ես փորձում եմ դառնալ լավ կապավոր»,- ասում է Հայկը:

Պատասխանատվության բարձր զգացումով օժտված ավագ լեյտենանտը իր ենթականերից յուրաքանչյուրի հետ առանձին պարապմունքներ է անցկացնում, ուսուցանում է նրանց, կրթում և աջակցում է մասնագիտական բոլոր հարցերում:

Դասակի բոլոր զինծառայողները նույնպես վստահեցնում են՝ ավագ լեյտենանտ Հակոբյանը հրաշալի սպա է, իր գործի գիտակ ու լավ ուսուցիչ. «Նա բարձր պատրաստվածությամբ սպա է, իր գիտելիքները մատչելի ու դյուրին փոխանցում է զինվորներին: Իսկ առաջացած խնդիրների ժամանակ մշտապես իր զինվորների կողքին է»,- ասում է շարքային Էրիկ Պետրոսյանը։

«Ուրախ ենք, որ ունենք նման դասակի հրամանատար, շատ հետաքրքիր են անցնում նրա դասընթացները»,- ասում է շարքային Հրածին Քոչարյանը:

Զինվորների կողմից սիրված սպա և լավ կապավոր լինելը Հայկ Հակոբյանը  դեռ մեծ հաջողություն չի համարում: Ավելի մեծ երազանք ունի… Իսկ առայժմ հաստատում է, որ առանց ծառայության արդեն իր կյանքը չի պատկերացնում: «Ես պատրաստ եմ ցանկացած տեղ, որտեղ իմ կարիքը լինի, ծառայել հանուն հայրենիքի»,- ասում է կապավոր սպան:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Ազգային բանակ


26/09/2019