Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄՈՒ ՃԱՄԲԱՐՈՒՄ



Ի ՀԵՃՈՒԿՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Օրերս Իրանի պետական 6-րդ հեռուստաալիքն առաջին անգամ իր լուրերի թողարկման ընթացքում ԼՂՀ տարածքը ներկայացրել է Ադրբեջանի Հանրապետության տարածքից անկախ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Gunaz TV» հեռուստաընկերությունը:

Ո՞Վ Է ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

Ըստ ադրբեջանական «Դունյա» լրատվական գործակալության ներիշխանական հավաստի աղբյուրի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին հայտնի է դարձել, որ վերջերս մամուլում ադրբեջանական բանակը քննադատող նյութերը հրապարակվել են ՆԳ նախարարի հրահանգով, ինչը խիստ զայրացրել է Աբիևին: Նա գանգատվել է նախագահին, որ ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը ազգային բանակը ժողովրդի աչքից գցում է»: Ըստ աղբյուրի՝ այս իրավիճակը խիստ վտանգավոր է Ադրբեջանի իշխանության համար:

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆՀԱՅՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ

Ադրբեջանցի զինծառայող Էլդար Նովրուզովի առողջական վիճակն անհայտ պատճառով վատացել է, և նա մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 4 ՍՊԱՆԵՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ… ԿՆՈՋ

«Ենի մուսավաթ» թերթը գրում է, որ ադրբեջանական բանակի 4 սպաներ այցելել են Բաքվի Լոքբաթանի շրջանում գտնվող «ֆայլա բազար» (աշխատաշուկա) և իբր իրենց սենյակները մաքրելու համար 30 մանաթով վարձել 26-ամյա Նահիդա Իմանովային: Այնուհետև զորամասին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով կնոջը տարել են ծառայության վայր եւ բռնաբարել:

Ն.Իմանովային հաջողվել է փախչել զորամասից, կատարվածի մասին հայտնել ոստիկանությանը եւ դիմել Բաքվի Գարադաղի շրջանի զինվորական դատախազություն: Կատարվում է հետաքննություն:

Նկատենք, որ եթե այս պատմության մեջ արտասովոր ինչ-որ բան կա, ապա դա այն է, որ այս անգամ ադրբեջանցի սպաների ուշադրությունը զինվորները չեն գրավել:

ՀԱՅԱՍՏԱՆԸ 8 ԱՆԳԱՄ ՈՒԺԵՂ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

«Այս տարվա հունիսի 26-ին Բաքվում կայացած ռազմական շքերթին անդրադարձել են միջազգային 80 ինտերնետային լրատվական կայքեր, այն դեպքում, երբ Երեւանում կայացած զորահանդեսի մասին գրել են ավելի քան 830 կայքեր, որոնց մեծ մասը՝ անգլիալեզու,- օրերս հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:- Կարելի է ասել, որ Բաքվի զորահանդեսը մեզ համար գովազդ էր, որովհետև բոլորին հետաքրքրում էր, թե որքանո՞վ է պահպանվում ուժերի հավասարակշռությունը: Միջազգային բոլոր փորձագետները եկան այն եզրակացության, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես են սպառազինված, ու հավասարակշռությունը պահպանված է»:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, այդ եզրահանգումը, իհարկե, նպաստավոր չէ Ադրբեջանի համար. չէ՞ որ նա արդեն 10 տարի է, ինչ պնդում է, թե 3-4 անգամ ավելի շատ գումար է ծախսում սպառազինություն ձեռք բերելու համար:

«Չպետք է մոռանալ, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ուժով լուծել Ղարաբաղի հարցը, ապա պետք է ռազմական գերազանցություն ունենա, այն էլ ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ՝ 8, քանի որ մարտական գործողություններն ընթանալու են լեռնային տեղանքում: Եւ եթե փորձագետները հավաստիացնում են, որ ուժերը հավասար են, ապա դա նշանակում է, որ հայկական կողմը Ադրբեջանին գերազանցում է առնվազն 8 անգամ»,- ընդգծեց Ա.Հովհաննիսյանը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԱՊԻՏԱՆԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐԵԼ

Նախիջևանի զորամասերից մեկի բուժծառայության պետ, կապիտան Ջեյհուն Զահիդովը փորձել է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել և երակները կտրելուց հետո ձեռքերն անմիջապես մտցրել է եռացող ջրով կաթսայի մեջ: Այժմ հոսպիտալում է:

ԿԱԽՎԵ՞Լ Է, ԹԵ՞…

Օրերս Նախիջեւանի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 22-ամյա Մեդեթ Մուրադօղլու Վալիեւը իրենց տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ըստ «ԱՊԱ» գործակալության՝ ինքնասպանության պատճառը ընտանեկան վեճն է եղել: Սակայն հավանական է նաև, որ իրական պատճառը ոչ կանոնադրային հարաբերություններն են կամ հայկական կողմի պատժիչ գործողությունները, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետևողականորեն թաքցնում է սեփական ժողովրդից:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԼՃԱՑԱԾ ԵՆ

Ինչպես գրում է «Ազադլիգը», անվտանգության հարցերով ադրբեջանցի փորձագետ Սուլհեդին Աքպերի կարծիքով, Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի հետախուզությունն ու հակահետախուզությունը ոչ մի առաջընթաց չեն արձանագրել, թեպետ վերջին տարիներին ավելացել են Ադրբեջանի ազգային անվտանգության սպառնալիքները:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է

«ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է,- ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:- Ադրբեջանը տարիներ շարունակ մոլորեցրել է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև սեփական ժողովրդին: 2000թ.-ից ի վեր նա 5-6 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, բայց այսօր, փաստորեն, Հայաստանի նկատմամբ ոչ մի առավելություն չունի, իսկ որոշ հարցերում նույնիսկ զիջում է մեզ: Այն, որ արտասահմանցի փորձագետներն են խոսում տարածաշրջանում ռազմական հավասարակշռության մասին, արդեն իսկ շոկի մեջ է գցել ադրբեջանցիներին»:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆԿԵԼ ԵՆ ԿԱՍԿԱԾԻ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ

Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ Հայաստանի ԶՈՒ զորահանդեսը շատ ավելի տպավորիչ էր, քան Ադրբեջանինը: Խուդոյանն ուսումնասիրել է ԶԼՄ-ներում զորահանդեսի արձագանքներն ու դրանք բաժանել 3 խմբի` մեր թշնամիներինը, բարեկամներինը և չեզոքներինը: Օրինակ՝ անգլիական կայքերն ուսումնասիրելիս նա պարզել է, որ բրիտանացիներին հիացրել է հոգևորականների մասնակցությունը զորահանդեսին, ինչը նորություն է:

«Չեզոք» կայքերում նշվում էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունի ռազմական հավասարակշռություն: Ռուսական կայքերում ավելի շատ քննարկվում էր ռուսական զորքի մասնակցությունը մեր զորահանդեսին: Ս. Խուդոյանի կարծիքով, ռուսական զորքի մասնակցությունը մեր զորահանդեսին ճիշտ էր, և նախադեպեր էլ կան. օրինակ՝ ռուսական զորահանդեսին մասնակցել են անգլիական զորքերը:

Ինչ վերաբերում է մեր թշնամի երկրին, ապա հոգեբանը նկատել է, որ զորահանդեսից հետո այնտեղ քչացել են ռազմատենչ հայտարարությունները, և ավելացել է կասկածի ու անորոշության զգացումը:

Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Ռազմաքաղաքական


19/10/2011