ԳՅՈՒՏ ԽԱՉԻ
Խաչը, որ երկրային ամենահզոր թագավորության՝ Հռոմեական կայսրության մեջ անարգագույն մահվան գործիքներից մեկն էր, ընտրվեց Երկնային Արքայության Տիրակալի կողմից՝ իբրեւ հարության, փրկության ու հավիտենական կյանքի խորհրդանիշ։ Սա է պատճառը, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա հարգանքի ու սիրո գերագույն տուրք է մատուցում Ս. Խաչին՝ այն դարձնելով իր կյանքի մշտական ուղեկիցը։ Խաչի նշանով է դրոշմվում նոր ծնված ու մկրտվող երեխան, խաչն է հովանի լինում նորապսակներին, խաչակնքումով է վավերացվում Տիրոջ կենդանի ներկայությունը, խաչի նշանի ներքո է գերեզման մտնում քրիստոնյան՝ հարության ու փրկության հույսով։
Ս. Խաչի նկատմամբ ունեցած սիրո մեծագույն ապացույցը, թերեւս, նրան նվիրված տոներն են։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Ս. Խաչին նվիրված չորս տոն ունի. Երեւումն Ս. Խաչի, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչ եւ Գյուտ Խաչի։ Այս չորս տոներից վերջին՝ Գյուտ Խաչի կամ Խաչի գտնվելու տոնը մեր Եկեղեցին այս տարի նշում է հոկտեմբերի 24-ին։ Այն շարժական տոն է եւ միշտ կատարվում է Խաչվերացին հաջորդող 7-րդ կիրակի օրը։ Այս տոնի պատմական հիմքը Սրբազան Ավանդության միջոցով մեզ հասած մի գեղեցիկ պատմություն է։
Մեր Տիրոջ փրկչական տնօրինությունների լրումից ու համբարձումից հետո նրա Խաչափայտը մնաց Գողգոթայի բարձունքում ընկած՝ բոլորից լքված ու անուշադրության մատնված։ Գարնանը, երբ երեխաները խաղում էին խոտերի մեջ ու ծաղիկներ հավաքում, ի ծնե կաղ մի երեխա, պատահաբար դիպչելով Խաչափայտին, բժշկվում է։ Այս դեպքից հետո բազում հիվանդներ սկսում են բժշկվել Ս. Խաչի միջոցով։ Հրեաները, ցանկանալով կանխել Խաչափայտի հրաշագործ զորության` հետզհետե տարածվող համբավը, այն դնում են Քրիստոսի գերեզմանում եւ հողով ծածկում, իսկ քարայրի վրա կանգնեցնում են Ափրոդիտեի արձանը, որպեսզի Ս. Խաչից բխող հրաշքները վերագրվեն կուռքին։
Այդ օրերին տերունական վայրերին երկրպագելու համար իր զավակների հետ Հռոմից Երուսաղեմ է գալիս Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե կայսրուհին, որը Պետրոս առաքյալի միջոցով դարձի էր եկել ու մկրտվել։ Հակոբոս Տյառնեղբոր միջոցով տեղեկանալով Խաչափայտի մասին՝ նա հրամայում է բացել գերեզմանն ու հանել Խաչը։ Սակայն գերեզմանը բացելուց հետո նրանք մնում են անորոշության մեջ, քանի որ Տիրոջ Խաչափայտի հետ գերեզմանում էին նաեւ երկու ավազակների խաչերը։ Մինչ նրանք փորձում են կողմնորոշվել, հանկարծամահ է լինում կայսրուհու դուստրերից մեկը։ Մահացած աղջկան դնում են խաչերից մեկի վրա ու աղոթում, սակայն ոչինչ չի կատարվում։ Դնում են երկրորդ խաչի վրա՝ նույնը։ Երրորդ խաչի վրա դնելիս նույնիսկ չեն հասցնում աղոթել, քանի որ խաչափայտին հպվելուն պես արքայադուստրը հարություն է առնում։ Այսպիսով՝ ճանաչում են Քրիստոսի Խաչափայտը, որից մի մասունք վերցնելով՝ կայսրուհին վերադառնում է Հռոմ (հետագայում այդ մասունքը Ս. Հռիփսիմեի միջոցով հասնում է Հայաստան եւ թաքցվում Վարագա լեռան վրա), իսկ Ս. Խաչը դրվում է տաճարում։ Սակայն Կլավդիոսի ու Պատրոնիկեի մահվանից հետո հրեաներն սպանում են Հակոբոս Տյառնեղբորը, Ս. Խաչափայտը մյուս երկու խաչերի հետ նետում Գողգոթա եւ վայրը մոռացության մատնելու համար վերածում աղբանոցի։
Շուրջ երեք հարյուր տարի Ս. Խաչը մնում է Գողգոթայի վրա՝ թաղված աղբի մեջ ու մոռացված։ 313թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաներն իրավունք են ստանում ազատ դավանելու իրենց կրոնը։ Երուսաղեմը դառնում է ուխտավայր, ուր աշխարհի տարբեր կողմերից սրբազան վայրերը տեսնելու են գալիս բազմաթիվ քրիստոնյաներ։
Կոստանդիանոս Մեծ կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին, տեսիլքով հրաման է ստանում Աստծուց գնալ Երուսաղեմ, գտնել Ս. Խաչը եւ տերունական վայրերում տաճարներ կառուցել։ 327թ. թագուհին մեծ շքախմբով գալիս է Երուսաղեմ, սակայն անմիջապես չի կարողանում գտնել Խաչափայտը, որի տեղը գիտեր Հուդա անունով մի հրեա։ Վերջինս, կանխազգալով Խաչից հրեաներին սպասվող վտանգը, սկզբում հրաժարվում է տեղը ցույց տալ, սակայն, վեց օր առանց հացի ու ջրի մնալով ցամաք ջրհորի հատակում, ի վերջո մատնացույց է անում Խաչափայտի տեղը։ Գողգոթան պատված էր աղբի հաստ շերտով, եւ այն մաքրելու աշխատանքներն արագացնելու համար թագուհին հրամայում է ոսկեդրամներ նետել աղբի մեջ։ Բլուրը մաքրելուց հետո գտնվում են երեք խաչերը՝ պատված անուշաբույր ռեհանով, որով նրանք զերծ էին մնացել աղբից, հողից ու փտումից։ Գտնվում է անգամ Պիղատոսի գրած եռալեզու տախտակը։ Տերունական Խաչափայտն անմիջապես ճանաչվում է, քանի որ նրան հպվելով՝ նախ բժշկվում է մի կին, ապա հարություն է առնում մի պատանի՝ Երուսաղեմի Մակարիոս պատրիարքի որդին։ Տեսնելով դա՝ Հուդան դարձի է գալիս ու մկրտվում՝ վերանվանվելով Կյուրեղ (հետագայում նա դարձավ եպիսկոպոս եւ ապա նահատակվեց Հուլիանոս ՈՒրացողի ձեռքով)։ Գողգոթայի վրա կառուցվեց Ս. Հարության տաճարը, իսկ Խաչափայտը բարձրացվեց այնտեղ՝ ի ցույց ողջ քրիստոնյա ժողովրդի եւ ի նշանավորումն այն իրողության, որ երեքհարյուրամյա անհայտությունից հետո վերջապես գտնվել ու քրիստոնյա աշխարհին է վերադարձվել նրա մեծագույն սրբություններից մեկը։
Ահա այս սրբազան իրողության հիշատակն է, որ ամեն տարի մեծ շուքով տոնակատարում է մեր Ս. Եկեղեցին։ Եվ այս տոնը առիթ է յուրաքանչյուրի համար՝ սեփական հոգում գտնելու բազում մեղքերի տակ թաղված Խաչը, ապավինելու նրա զորությանը եւ քայլելով Խաչյալի ճանապարհով՝ արժանանալու Երկնային Արքայության անթառամ պսակին։
ԳԱՐԻԿ սարկավագ ԱՍՐՅԱՆ
Զորամասի հոգեւոր սպասավոր