ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԶՈՐԱՄԱՍ
Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցել են զորավարժությունների պլանով նախատեսված միջոցառումների կատարման և պահեստազորայիններով համալրվածության, անցկացվող մասնագիտական և մարտավարական պարապմունքների ընթացքի մասին:
ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, ստուգել հրամանատարների ընդունած որոշումների իրատեսությունը, տեղում ծանոթացել զորավարժության շրջանակներում ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին և լսել մարտական խնդիրների կատարման վերաբերյալ պաշտոնատար անձանց զեկույցները:
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի և զորավարժության ընթացքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել աշխատանքային խմբերի ղեկավարներին: