Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐՏԻԿԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՍԻ, ՈՐ…



Ըստ սովորական ընկալման, մարտարվեստը դիտարկվում է որպես հակառակորդին ծեծելու ունակությունների, հմտությունների հավաքածու: Սակայն մարտարվեստի իսկական ըմբռնումը զգալիորեն ավելի լայն է, և մարտ վարելու հմտությունները միայն դրա փոքր կիրառական մասն են կազմում:

Մարտարվեստը կենսակերպ է, աշխարհայացք: Ցանկացած մարտարվեստի առաջին խնդիրն է դաստիարակել հոգևոր մարդու, հարստացնել նրա ներաշխարհը: Միայն ներքին ներդաշնակության հասնելու շնորհիվ մարդը կարող է իր կենսական էներգիան ուղղել դեպի նպատակի իրականացում:

Ահա մարտիկի ունակություններից մի քանիսը.

1. Առաջին հերթին ղեկավարել ինքն իրեն, իր զգացմունքները և ցանկությունները, մտադրություններն ու արարքները:

2. Միշտ պատասխանատվություն կրել սեփական որոշումների և գործողությունների համար: Անհամբերությունը, հեշտ ուղի փնտրելը, ցանկացած գնով նպատակին հասնելը մարտիկին հատուկ չեն: Առաջին և ամենադժվար հաղթանակը, որը պետք է տանի ապագա մարտիկը, հաղթանակն է ինքն իր նկատմամբ:

3. Ֆիզիկական ուժը մարտիկի հիմնական բնութագիրը չէ, տարիքը և առողջական վիճակը չեն կարող իշխել նրա հոգեկան վիճակի վրա:

4. Մարտիկն էլ ունի վախի զգացում, սակայն նա կարողանում է այդ զգացումն ուղղորդել ճիշտ հունով, նա կարող է կենտրոնացնել իր մարմնի բոլոր ռեսուրսները` դրված խնդիրը լուծելու համար:

5. Մարտիկը նախ կմտածի կոշտ ուժ կիրառելու նպատակահարմարության, և հետո միայն` այդ ուժի կիրառման ձևի մասին:

6. Մարտիկը կարողանում է ցանկացած իրավիճակ օգտագործել իր նպատակին հասնելու համար և մարտից հաղթող դուրս գալ նույնիսկ անհույս իրավիճակներում: Յուրաքանչյուր պարտություն մարտիկի համար ևս մեկ քայլ է իր նպատակին հասնելու ճանապարհին` փորձի ձեռքբերում, հակառակորդի գնահատում, թշնամու ժամանակավոր հանդարտեցում:

7. Մարտիկի ամբողջ կյանքը պայքար է և ինքնակատարելագործում:

8. Մարտիկը լինելը կենսակերպ է, իրականության վրա ազդելու եղանակ: Անպայման չէ, որ մարտիկը մարտարվեստով զբաղվի, սակայն հենց մարտարվեստներով զբաղվող մարդկանց մեջ կարելի է հանդիպել մարդու այդ տեսակին, քանի որ մարտարվեստները նպաստում են մարտիկին հատուկ ունակությունների զարգացմանը:

Լավ կլիներ, եթե մեր զինվորներին, զինծառայողներին ուսուցանվեր վերոնշյալը: Այդ դեպքում մեր բանակում չէին լինի սեփական հավակնությունները չզսպելու հետևանքով միմյանց անտեղի վնաս հասցնելու բազմաթիվ դեպքերը:

Մարդուն տեխնիկական գործողություններ կատարել սովորեցնելն ավելի հեշտ է, քան նրա մեջ նոր անձնային հատկանիշներ սերմանելը: Ուստի մարտարվեստների ուսուցման ուղին միշտ եղել է երկար գործընթաց, որի ընթացքում ուսուցիչը պետք է որոշի աշակերտի ընդունակություններն ու հակումները: Երբ ուսուցիչը գտնում է, որ աշակերտի հոգևոր զարգացումը բավարար է, որպեսզի նա հասարակության համար վտանգավոր չլինի, միայն այդ ժամանակ է նա սկսում հնարքների ուսուցումը, որոնց կիրառումը կարող է խեղել կամ նույնիսկ սպանել հակառակորդին:

Տեխնիկայի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է մարտական ոգի, հաղթելու ձգտում, ոչ ստանդարտ պայմաններում որոշում ընդունելու կարողություն: Նման հմտությունները միայն փորձի հետ են գալիս: Ուսուցչի խնդիրն է զգալ աշակերտի հոգեբանական վիճակը և նրա համար աննկատելի այնպիսի խնդիրներ դնել, որոնք աշակերտի կարողություններին հարիր են, կամ էլ ոչ: Ուսուցիչը պետք է կարողանա օգնել աշակերտին հաղթահարելու դժվարությունները` նպատակին հասնելու համար:

♦♦♦

Հենրիկ Շահբազյան և Տակաո Կիտանո

Վերջերս Երևանում էր Ճապոնիայում ձյու ձյուցու մարտարվեստի երկրորդ դեմքը` Սիկե, 8-րդ դան ՏԱԿԱՈ ԿԻՏԱՆՈՆ: «Սիկե» նշանակում է սոկեի թեկնածու` տեխնիկական գծով պատասխանատու վարպետ: Կիտանո սենսեյն ունի «համշի» սամուրայական տիտղոս, որը նշանակում է վարպետ-մոդել: Նա սիրով համաձայնեց մի քանի հարցի պատասխանել:

-Կիտանո-սան, ո՞րն է Ձեր` Հայաստան գալու նպատակը:

-Ես այստեղ եմ ձյու ձյուցուի վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Արդեն հինգերորդ տարին է, ինչ գալիս եմ Հայաստան: Ձյու ձյուցու եմ սկսել պարապել մանուկ հասակից: Մեծանալով հասկացա, որ բացի մարտարվեստ լինելուց, այն մարդուն ուժեղ ու ճարպիկ է դարձնում, նաև ազնվացնում է հոգին, դարձնում զգայուն` բնության օրենքների նկատմամբ: Շուտով վարպետ դարձա և սկսեցի փոխանցել իմ գիտելիքները աշխարհի տարբեր երկրներում, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Ի դեպ, վաղուց եմ համագործակցում Հայաստանի շինդո-րյու կարատե կազմակերպության, նրա ղեկավար Հենրիկ Շահբազյանի հետ, իսկ Գրիգոր Շեկոյանը Ճապոնիայի կայսերական պալատի ներկայացուցիչն է Հայաստանում:

-Դուք երկար ժամանակ շփվում եք հայ մարտիկների հետ: Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ են նրանք տարբերվում ճապոնացիներից, չէ՞ որ սա զուտ ճապոնական մարտարվեստ է:

-Ասեմ, որ և՛ հայերը, և՛ ճապոնացիները նույն կերպ են հասկանում իրականությունը: Տարբերությունը մեր երկու ժողովուրդների ապրելակերպի մեջ է: Ձյու ձյուցուում կան կանգնած և նստած դիրքերում կատարվող հնարքներ: Նստած ժամանակ հիմնականում աշխատում են ձեռքերը: Ճապոնացիների ապրելակերպում շատ է ընդունված տատամիի վրա ծնկաչոք նստելը: Դա մեր սովորությունն է, մենք ծնկների վրա նստելու մեր ձևն ունենք, և հենց այդ դիրքն էլ օգտագործվում է ձյու ձյուցուում` որպես ելման դիրք: Եվ քանի որ հայերն այդպես նստելու սովորություն չունեն, ուստի սկզբնական շրջանում հարկավոր է ծնկների վրա ճիշտ նստել սովորել: Իսկ մնացած հնարքներում նրանք ոչնչով չեն տարբերվում ճապոնացիներից:

-Ճապոնիայում այժմ շա՞տ են ձյու ձյուցուով զբաղվողները, և հիմնականում ո՞ր տարիքից են սկսում պարապել:

-Սկսում են պարապել 6 տարեկանից և արդեն 14 տարեկանում ամենատաղանդավորները կարող են սև գոտի ստանալ: Իսկ ավելի մեծ տարիքում պարապել սկսողները սև գոտու կարող են արժանանալ արդեն երկու տարուց:

-Ես տեսնում եմ, որ Դուք սև գոտի եք կրում: Իսկ ի՞նչ է գրված վրան:

-Գրված է` սին դեն րյու, այսինքն` սրտից փոխանցվող դպրոց, իսկ մյուս կողմում գրված է Կիտանո` իմ անունը:

-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մարտիկն ըստ Ձեզ:

-Իմ վարպետը Կուահարա սենսեյն է («սենսեյ» ճապոներեն նշանակում է «ուսուցիչ» – Ն.Մ.): Նա «Դայ Նիպոն Բուդոկուկայ» է, այսինքն` Մեծ Ճապոնիայի մարտարվեստների կազմակերպության նախագահ: Սենսեյը 90 տարեկան է, ունի 9-րդ դան: Նա հանգիստ է, բոլորովին փառամոլ չէ, թեեւ ամենաուժեղն է: Ինչքան վարպետի դանը բարձր է, այնքան նա ավելի խոնարհ է: Չէ՞ որ այդպես է. մարդ ինչքան ուժեղ է, այնքան ավելի բարի ու հանգիստ է, նաև` արդար:

-Խնդրում եմ, պարզաբանեք, ի՞նչ է նշանակում «դան»:

-Մարտարվեստներում օգտագործվում է վարպետության գնահատման հատուկ համակարգ: Սև գոտու համար քննություն հանձնած մարտիկին շնորհվում են դան-կարգեր, իսկ հետագայում, նրա հմտությունների աճից կախված, աստիճանաբար նրան շնորհվում են հաջորդ աստիճանները, մինչև ամենաբարձրը` 10-րդը: 4-րդ դան ունեցողին շնորհվում է ուսուցչական տիտղոս: Վարպետին անվանում են սենսեյ: 1-4 դան ընկած ժամանակաշրջանը կարելի է անվանել մրցումների, հավաքների, սեմինարների շրջան, որի ընթացքում մարտիկը սովորում է առաջին հայացքից գնահատել հակառակորդին և գործել հավասար արդյունավետությամբ թե՛ անծանոթ և թե՛ ծանոթ մարդկանց դեմ: Արվեստն այն է, որ կարողանաս հաղթանակ տանել մասնագետի նկատմամբ, ընդ որում` հաղթանակը պետք է լինի գեղեցիկ, անթերի և օրինաչափ:

Մարտարվեստին տիրապետելիս զարգացնում ենք մարտիկի ներքին ուժը: Աշխատում ենք ամեն ինչ կատարել մաքուր և հանգիստ: Ամենագլխավորը, որ ուսուցիչը սովորեցնում է աշակերտին, նպատակ դնելու և դրան հասնելու ունակությունն է, որը զարգանում է աշխարհայացքի ձևավորման և աշակերտի մեջ ռազմիկի ոգի դաստիարակելուն զուգընթաց: Ամեն աշակերտ չի կարող ռազմիկ դառնալ, ինչը շատ դեպքերում կախված է նրա հոգեկերտվածքից և նպատակասլացությունից: Ռազմիկը երբեք իրենով և իր ձեռքբերումներով բավարարված չէ, նա իր մասին երբեք չի ասի, թե ինքը «Իսկական մարտիկ» է:

-Ի՞նչ է ձյու ձյուցուն:

-Բավականին վտանգավոր և բարդ հնարքներ ունեցող մարտարվեստ է և ունի իր էթիկետը` վարվելակարգը: Պարապմունքն սկսելուց առաջ մարտիկները պետք է հատուկ ձևով միմյանց ողջունեն: Հնարքն այն է, որ ընկերոջդ պետք է գետնին գցես նրբորեն: Գցելու ժամանակ ֆիզիկական ուժ չենք օգտագործում, հիմնականում դա ներքին ուժի հաշվին է:

-Իսկ այդ ներքին ուժը հայերի մեջ կա՞:

-Իհարկե կա, և դրա ապացույցն ու գործնական կիրառումը ես տեսել եմ:

-Ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանից:

-Ինձ շատ են դուր գալիս Երևանի կանաչ տարածքները (Կիտանո սենսեյը ապրում է Զեյթուն թաղամասում – Ն.Մ.), բնությունը շատ եմ սիրում: Շատ գեղեցիկ են ձեր երիտասարդ աղջիկները և տղաները: Իսկ վարորդները շատ արագ են մեքենա վարում, առանց կանոնների:

-Ի՞նչ կմաղթեք հայերին:

-Ավելացրեք ձեր ներքին ուժը, ձեզ բնությունից տրված է այդ կարողությունը: Ես շատ ուրախ եմ հայերի հետ աշխատելու համար:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


19/10/2011