Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԵՏԱՆԻՆ



Հայկական կորպուսի հրետանին կազմավորված էր հրետանային 2 բրիգադից, 4 առանձին դիվիզիոններից և առանձին լեռնային մարտկոցից, ընդհանուր առմամբ մոտ 100 հրանոթ, որոնցից սոսկ կեսն էր պահպանվել պատերազմից հետո: Կորպուսի վերակազմավորման ընթացքում ձևավորվեց հրետանային մեկ բրիգադ` հրետանային հավաքակայանով և ուսումնական զորախմբերով: 1918թ. սեպտեմբերին ձևավորվեց ռազմական նախարարության հրետանային վարչությունը, որի խնդիրն էր զինել բանակը, նորացնել հրետանու նյութական մասը, զորքն ապահովել հրետանային զենքով ու զինամթերքով: Տարեվերջին, թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը լքելուց հետո, այնտեղ մեկնեց վարչության պետը` գեներալ Կոնստանդին Ղամազյանը` ընդունելու և կարգի բերելու զինամթերքի պահեստները, որոնք թուրքերը թողել էին թափթփված վիճակում: Վրաստանի դեմ պատերազմում հայկական բանակը բռնագրավեց 17 հրանոթ, որոնցից 2-ը` հաուբից, գնդացիրներ, հրացաններ, ձիեր և այլ գույք: Սա հնարավորություն տվեց իսկույն ևեթ ձևավորելու 2 մարտկոց` «թեթև» ու լեռնային: Բացի դրանից, մեր բանակը համալրվեց երկու սարքին զրահագնացքով:

Կարսում ևս թուրքական զորքերը թողել էին որոշ քանակությամբ հրետանային գույք` հրանոթներ, զինամթերք, վառոդ և այլն: Կարս գործուղվեցին մասնագետ սպաներ` այդ գույքի հավաքման, տեսակավորման և Ալեքսանդրապոլի ու Քանաքեռի պահեստներ տեղափոխելու համար: Ձևավորվեց նաև Կարսի բերդի հրետանին: Ալեքսանդրապոլում հիմնվեց հրետանային արհեստանոց` հրանոթները վերանորոգելու, նաև բանակի հրետանին ու հրազենային զենքերը պահեստամասերով ապահովելու համար: Դիվիզիայի` երեք առանձին բրիգադների վերակազմավորվելուն համապատասխան` ձևավորվեցին 3 առանձին հրետանային դիվիզիոններ` 3-ական մարտկոցներով:

1919թ. վերջին հայոց բանակի հրետանին ուներ 130-140 հրանոթ, որոնցից 63-ը (15 մարտկոց) տրված էր հրետանային բրիգադին: Կարսի բերդի հրետանին ուներ 64 հրանոթ և 2 զրահագնացք` 4 հրանոթով: Ինչպես տեսնում ենք, բոլորը միասին կազմում են 135 հրանոթ: Հատուկ նշենք, որ 1914-1916թթ. Կարսի ամրոցում եղել է մոտ 90 հրանոթ` 5 հրետանային գումարտակ (դիվիզիոն): Նույնիսկ եթե եղել է 6 հրանոթային մարտկոց և 3 մարտկոցային դիվիզիոն, ինչն ավելի շատ բացառություն էր, քան օրինաչափություն, ստացվում է ուղիղ 90: 1919թ. հուլիսի 16-ին Հայաստանում Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչը գաղտնի հեռագրով իր ղեկավարությանը հաղորդում էր, որ հայկական բանակում կա 12 հրետանային մարտկոց` 4- ական հրանոթներով: Դժվար չէ հաշվել, որ ստացվում է 48 հրանոթ:

1920թ. օգոստոսին հայկական բանակի հրետանին արդեն ուներ 4 դիվիզիոն, որոնք ներառում էին 4 թեթև և 9 լեռնային մարտկոցներ, այլ տվյալներով` 16 մարտկոց: Նույն սկզբունքով հաշվելու դեպքում ստացվում է 72-96 հրանոթ: Հաշվի առնելով, որ դաշտային հրետանին, լինելով փոքր տրամաչափի, կարող էր ավելի մեծաքանակ լինել, հրանոթների քանակը հազիվ կարող է հասնել մինչև 100-ի: Նորից ընդգծենք, որ սա` 6 հրանոթներով մարտկոցների դեպքում, իսկ իրականում` մարտկոցները, ինչպես վերը տեսանք, հիմնականում ունեին 4 հրանոթներ: Այդ դեպքում առավելագույնը կարող է լինել 64 հրանոթ: Այսինքն` թվերը մոտավորապես նույնն են և համընկնում են, 1919թ. հետո հրանոթների քանակը շատ չէր աճել:

Հրետանու սպառազինությունը հիմնականում կազմում էին երեք դյույմանոց` 76,2 մմ-ոց թեթև (1900թ. նմուշ), լեռնային հրանոթները (1909թ. նմուշ, ֆրանսիական «Danglise-Schneider» ընկերության հրանոթը), ինչպես նաև հինգ դյույմանոց` 122 մմ հաուբիցները: Կան նաև չապացուցված տեղեկություններ այն մասին, որ հայկական բանակում եղել են նաև 8 դյույմանոց` 203,2 մմ-ոց հրանոթներ: Մենք կարծում ենք, որ սրանք կարող էին լինել միայն Կարսի ամրոցում, այն էլ փոքր քանակով և հավանաբար անպիտան վիճակում:

Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի սպառազինության մասին ամենահետաքրքիր տվյալներից է 48 մմ-ոց հաուբիցի մասին տեղեկությունը, որ բարեհաջող «թափառում» է մի գրքից մյուսը: Իրականում` նման տրամաչափի զենք ռուսական և անգամ դաշնակիցների բանակում չի եղել: Միանգամից աչքի է ընկնում հաուբիցի համար տարօրինակ թվացող փոքր տրամաչափը: Իրականում` 48-ը ոչ թե միլիմետրերի, այլ գծերի քանակն է, այսինքն` խոսքը 122 մմ-ոց հաուբիցներից մեկի մասին է: Ռուսական բանակում եղել են երկու նման հաուբիցներ` գերմանական «Krupp» ընկերության ստեղծած` 1909թ. նմուշը, և ֆրանսիական «Schneider» ընկերության կողմից ստեղծած` 1910թ. նմուշը: Դրանցից մեկն էլ կամ նույնիսկ երկուսն էլ եղել են հայկական բանակում, քանի որ երկուսն էլ մինչև հեղափոխությունը լայնորեն կիրառվել են ռուսների կողմից:

Հիմնականում ռուսական բանակից մնացած ռուսական, ֆրանսիական, անգլիական և որոշ քանակությամբ էլ գերմանական հրանոթները չէին կարող հիանալի վիճակում լինել: Խնդիրն այն էր, որ ռուսական բանակը առաջին աշխարհամարտի առաջին օրվանից էլ խնդիրներ ուներ` կապված հրետանու հետ:

Ներկայացվածը լավագույնս ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության բանակը չէր կարող ունենալ լավ հրետանային միջոցներ, քանի որ.

«Երկրորդական» համարվող կովկասյան ճակատում հրետանու վիճակն ավելի վատ էր, քան եվրոպական ճակատում:

Ամրոցների հրետանին առհասարակ, ինչպես նշվեց, վատ վիճակում էր:

Հայկական բանակում իսպառ բացակայում էր ծանր հրետանին:

Դաշնակիցները հրետանու գծով շոշափելի օգնություն Հայաստանին չեն ցուցաբերել: 1920թ. Մեծ Բրիտանիայից Հայաստան է ուղարկվել 44 հրանոթ:

Զարմանալի չէ, որ գրեթե ոչ մի աղբյուրում 1918-1920 թթ. հայկական բանակի սպառազինության մեջ չեն նշվում մեծ տրամաչափի` 203,2 և ավելի մմ-ոց հրանոթներ, թեպետ այդպիսիք դեռ 1890-1900-ականներից պիտի լինեին Կարսի ամրոցում: Նման ամրոցները մեծ տրամաչափի, հիմնականում անշարժ հրանոթներով համալրելը համարվում էր պարտադիր: Կարսի ամրոցային մեծ տրամաչափի հրանոթները 1918-1920թթ. գրեթե չէին կարող համապատասխան արկեր ունենալ: Հայաստանի անկախացումից հետո ամրոցի հրանոթները շատ դժվար էր համալրել արկերով, քանի որ ամբողջ տարածաշրջանում նման հրանոթներ և ամրոցներ գրեթե չկային, իսկ կապը կենտրոնական Ռուսաստանի հետ գրեթե դադարեցված էր:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


19/10/2011