Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՆԴԽՏԱՑԱԾ ՀԱՅՈՐԴՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Մի քույր պատմում է, որ ինքը գորգ էր գործել՝ վրան մի մեծ հայկական Խաչ եւ նվիրել իրենց բարեկամին։ Նա էլ ուրախությամբ այն տարել ու կախել է իր տան պատից։ Մի օր իրենց ծանոթներից մեկը, որն աղանդավորների հավաքի էր մասնակցում, տեսնելով Խաչը, ասում է, որ Հիսուսին Խաչի վրա տանջել են, այդ պատճառով կարիք չկա, որ հիշենք այդ մասին եւ Խաչի պատկերը պահենք։ Տանտերն էլ, հոգեւոր դաստիարակություն չունենալով, կարծում է, թե մեղք է գործում իր տան պատին Խաչի նշանը կախելով, հանում ու թաքցնում է գորգը։

Անցնում է մի քանի ամիս։ Նրա տղան մեկնում է Սվերդլովսկ՝ աշխատանք փնտրելու։ Գնալուց առաջ նա գալիս է գորգ գործող քրոջ տուն, որը նրան մի փոքրիկ աղոթաթերթիկ է տալիս, որի վրա Խաչ էր պատկերված։ Այդ տղան չհավատալով Խաչին, այնուամենայնիվ, քաղաքավարությունից դրդված, չի մերժում եւ թերթիկը դնում է իր անձնագրի մեջ ու այդպես էլ մոռանում դրա գոյության մասին։ Հետո, երբ վերադառնում է Հայաստան, պատմում է հետեւյալ դեպքը։

Սվերդլովսկում իր գործերն անհաջող էին, ու ոչ մի կերպ աշխատանք չէր ճարում, իսկ քաղաքում մնալու օրավարձը պարտադիր պետք է վճարեր, այլապես կալանավորում էին։ Ու մի օր էլ, երբ հուսահատ ու անփող, բնակվելու թույլտվության ժամկետն էլ ավարտված` մի տեղ էր գնում, հանկարծ փողոցում ոստիկանները կանգնեցնում ու փաստաթուղթ են պահանջում։ Վախից կարկամած` նա ցույց է տալիս անձնագիրն ու արդեն ժամկետանց տեղեկանքը ու սպասում, որ ահա ուր որ է` կձերբակալեն իրեն եւ մեծ տուգանքի կենթարկեն։ Վախով նայում էր խստադեմ ոստիկանին ու սպասում անխուսափելիին, երբ հանկարծ ոստիկանի աչքին է ընկնում աղոթաթերթիկի Խաչը ու հարցնում է, թե այս ի՞նչ է։ Ինքը պատասխանում է, որ հայերենով աղոթքներ են։ Ոստիկանի դեմքն անսպասելիորեն մեղմանում է, ու նա նույնիսկ սիրալիր հարցնում է. «Ուրեմն դուք՝ հայերդ, քրիստոնյա՞ եք»։ Ու վերադարձնելով անձնագիրը՝ հարգալից ասում. «Հանուն Հիսուսի, գնա՛, քեզ չեմ ձերբակալում, բայց աշխատիր գրանցվել և հետո միայն քաղաք դուրս գալ»։

Իրադարձությունների անսպասելի շրջադարձից զարմացած` տղան ապշում է մի Խաչի նշանի կատարած գործից ու տուն վերադառնալով, որոշում է անպայման կարդալ մինչ այդ ուշադրության չարժանացրած աղոթքները։ Մի քանի օր չանցած` աշխատանքի անակնկալ հնարավորություն է ստեղծվում, եւ գործերը կամաց-կամաց կարգավորվում են։ Եվ երբ գալիս է Հայաստան, հորը պատմում է այդ դեպքի մասին, վերջինս էլ մեղա է գալիս Աստծուն, որ մինչ այդ Հիսուսի հաղթության նշանը անմտաբար թաքցրել էր մարդկանցից եւ հանելով գորգը՝ նորից կախում է արժանավայել տեղում։

Մ.ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«Խաչապատում» գրքից

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Հոգևոր-մշակութային


19/10/2011