Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

)Հայաստանի կառավարիչն ու սպարապետը, ցուցաբերելով պետական ու ազգային բարձր մտածողություն, 652թ. մեծամեծ նվերներով մեկնեց Ասորիք եւ կառավարիչ Մուավիայի հետ կնքեց պայմանագիր, որով Հայաստանն ընդունում էր արաբական գերիշխանությունը։ Հայերը երեք տարով ազատվում էին հարկերից, Հայաստանն ունենալու էր խալիֆայության միջոցներով պահվող 15000-ոց հեծելազոր, որը պաշտպանելու էր Անդրկովկասն ու Հայաստանը, արաբները Հայաստան չէին ուղարկելու պաշտոնյաներ ու ոստիկան, չէին գրավելու երկրի բերդերն ու ամրոցները, օտար հարձակման դեպքում պարտավորվում էին օգնություն ցույց տալ։

Պայմանագիրը խոշոր ներդրում էր Հայոց պետականության կայացման գործում, արաբները երկրի կառավարումը հանձնում էին հայերին, այսինքն՝ պահպանվելու էր ազգային իշխանությունը։

656թ. մահացավ Թեոդորոս Ռշտունին, 680թ.՝ Մուավիա խալիֆը: 690թ. խալիֆ Աբդ էլ-Մելիքը մի քանի հաղթանակներ տանելով Բյուզանդիայի դեմ, կոտրելով հայ ժողովրդի համառ դիմադրությունը, վերջնականապես նվաճեց Հայաստանը։

Արաբական տիրապետության հաստատումով նոր ծանրագույն կացություն ստեղծվեց։ 703թ. սպարապետ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ բռնկվեց ապստամբություն, բայց քանի որ 2000 հեծյալները բավարար չէին արաբների դեմ հաջողության հասնելու համար, որոշվեց անցնել Արեւմտյան Հայաստան, ձեւավորել բավարար քանակի զորք։ Որպեսզի ապստամբներին զրկեն համախմբվելուց ու զորեղանալուց, արաբները 5000-ոց զորաբանակ են ուղարկում Հայաստան։ Հայ¬արաբական ուժերը հանդիպում են Ակոռիի մոտ՝ Վարդանակերտ գյուղում։ Նախահարձակ եղան հայերը։ Արաբները հանկարծակիի եկան, չկարողացան դիմադրություն ցույց տալ եւ կոտորվեցին։ Արաքսի մեջ խեղդվեց ավելի քան 4000 հոգի, կենդանի մնացած 300 արաբներին հայերը մեծահոգաբար թույլատրեցին հեռանալ։ Փառավոր հաղթանակ գրանցվեց նաեւ Վասպուրականի Գուգանք գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ապստամբների հաղթանակը ոգեւորիչ էր։ Նրանց օրինակին հետեւեցին վանանդցիները, որոնք փայլուն հաղթանակ տարան արաբական մի խոշոր զորամիավորման նկատմամբ։ Երեք անընդմեջ հաղթանակները հույս էին ներշնչում, որ մոտալուտ է հայրենիքի ազատագրության ժամը։ Սակայն լայն ընդգրկում չստացած ապստամբությունը շարունակություն չունեցավ, եւ նոր խալիֆ Վլիթը, որպեսզի խուսափի հայերի հետագա ապստամբությունից, որոշեց ոչնչացնել հայ իշխանների զինական ուժը։ Նրա կարգադրությամբ 705թ. Նախիջեւանի կառավարիչ Կաշըմը հրավերք ուղարկեց հայ նախարարներին։ Նախարարները ներկայացան Նախիջեւան, որտեղ էլ նրանց զինաթափեցին, բոլորին ողջ-ողջ այրեցին։ Հայ նախարարների նկատմամբ իրականացրած դաժան հաշվեհարդարը պատմագրության մեջ հայտնի է «Կրակի տարի» անունով։ Անմարդկային այդ արարքը զայրույթի ալիք բարձրացրեց, եւ խալիֆը զգուշանալով նոր ապստամբությունից, մեղմացրեց հայահալած քաղաքականությունը։

8-րդ դարի երկրորդ կեսին արաբները դարձյալ խստացրին հարկային քաղաքականությունը։ Տարերայնորեն սկսվեց ապստամբություն, որի նախաձեռնողը Մամիկոնյան Արտավազդն էր, ապա՝ Մուշեղը։ 774-775թթ. ապստամբության նշանաբանն էր՝ «Լավ է մեռնել, քան այսպես ապրել»։ Սակայն Կարինի Խարս գյուղի, Բագրեւանդի, Արուճի հաղթանակներին հաջորդած Արճեշի եւ Արձնիի պարտությունները ծանր հետեւանքներ թողեցին հայ ազատագրական մտքի վրա, ասպարեզից հեռացան գաղափարի ակտիվ կրողներ Մամիկոնյան եւ Կամսարական տները, ինչը ծանր հարված էր հայ ազատագրական ճամբարի համար։ Նման պայմաններում զգաստ մտածողություն դրսեւորեց միայն երկրի կառավարիչ Աշոտ Բագրատունին, որը խորհուրդ էր տալիս չշտապել, «բազմագլուխ վիշապի» դեմ պայքարի զորություն, դաշնակիցներ ունենալ։ Սակայն խանդավառված ապստամբները ականջալուր չեղան Բագրատունու խորհուրդներին, հայրենասիրությունը առավել համարելով զգուշավորությունից, գնացին գիտակցված մահվան։

Բաբեկի ապստամբությանը (815-837թթ.) հայերի լայն մասնակցությունը, պավլիկյան շարժումը, 762թ. Վասպուրականի ապստամբությունը, արաբական էմիրությունների դեմ հայ ժողովրդի պայքարը, Բագրատունիների, Սյունյաց, Արծրունիների տների ուժեղացումը, 850-855թթ. ժողովրդական ապստամբությունը, թուրք վարձկանների ձեռքին խաղալիք դարձած խալիֆները ստեղծում էին նոր մարտավարության անհրաժեշտություն։ Կարեւորագույն գործընթացը նախարարական տների համախմբումն էր, միակամության հաստատումը, որը Թովմա Արծրունի պատմիչի բնութագրմամբ ուներ հետեւյալ նպատակը. «Եղբայրը եղբորից օգնություն ստանալով՝ կդառնա ինչպես ամուր քաղաք»։

Բագրատունիներին հաջողվեց հայ իրականության մեջ վերաարմատավորել ազգային ու պետական մտածողությունը։ Սմբատ Բագրատունու՝ Հայոց սպարապետի շուրջը համախմբվեցին բոլոր ազգայնական ուժերը։ Հայաստանը կորցնելու վտանգը խալիֆին ստիպեց Բաղդադ կանչել հայ նախարարներին, պարսից շահի օրինակով կրոնափոխության պահանջ ներկայացնել։ Նախարարները մերժեցին՝ նահատակվեցին Ստեփանոս Կոն իշխանը, Խութեցի Հովնանը, Գրիգոր Արծրունին, իսկ Սմբատ սպարապետն ու քույրը՝ Արծրունյաց տիկին Հռիփսիմեն, նետվեցին բանտ։ Սպարապետի անձնազոհությունը, ազգային բարձր մտածողությունը, հայրենասիրությունը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ հետագա իրադարձությունների վրա։ Խալիֆը բարդություններից խուսափելու նպատակով բանտարկված Սմբատի որդուն՝ Աշոտին, ճանաչեց Հայաստանի կառավարիչ, լուծարեց երկրում գտնվող արաբական զորակայանները, սահմանափակեց ոստիկանի իրավունքները, նրան վերապահելով միայն հարկերի հավաքումը հսկելու իրավունքը։ Փաստորեն հայ ժողովուրդը համառ ու արյունալի պայքարից հետո ձեռք էր բերում ներքին ինքնավարություն, որը, շնորհիվ հմուտ քաղաքական գործիչ Աշոտ Բագրատունու, վերածվելու էր անկախ պետականության սկզբնավորման։ Այնպիսի մի ժամանակ, երբ ամբողջ Առաջավոր Ասիան հեծում էր արաբական դաժան լծի տակ, ըստ էության, լուծվում էր Հայկական հարցը։

Ամբողջ 8-րդ դարը, 9-րդ դարի առաջին կեսը ապացուցեցին, որ հայ ժողովրդի ինքնագիտակցությունը, ազգային մտածողությունը, հայրենասիրությունը նոր մարտավարություն են ստացել, ինչն էլ դարձավ անկախության վերականգնման, Հայկական հարցի լուծման գլխավոր խթանիչը։

Արշակունյաց թագավորության անկումից չորս ու կես դար անց Աշոտ Առաջինը, հարաբերությունները պահպանելով խալիֆի հետ, մեկը մյուսի հետեւից իր թագավորությանն էր միացնում հայկական տարածքները, զսպում կենտրոնախույս ուժերին, Հայրենիք վերադարձնում կրոնափոխ նախարարներին, նրանց հանձնում հայրենի կալվածքները, ճանապարհ հարթում ազգային միաբանության համար։

Աշոտ Առաջինին (885-890թթ.) փոխարինեց որդին՝ Սմբատ Առաջինը (890-915թթ.)։ Դեռեւս հոր կենդանության օրոք նա արդեն իշխանաց իշխան էր, ղեկավարում էր նորաստեղծ պետության արտաքին ու ներքին հարաբերությունները։ Շարունակելով հոր քաղաքականությունը, Սմբատը խալիֆին կասկածելու առիթներ չտալով՝ ձգտում էր բարի եւ հեռուն գնացող հարաբերություններ հաստատել Բյուզանդիայի հետ, որպեսզի ապահովեր թիկունքը եւ լուծեր պետության կարեւորագույն խնդիրները, ինչպիսիք էին միակամության հաստատումը, հայկական դուրս մնացած տարածքների միավորումը։

Սմբատի գահակալության տարիներին իրար էին բախվում ազգային ու պետական մտածողությունները՝ մի կողմից, ինքնիշխանության ձգտող նախարարների քայքայիչ գործողությունները՝ մյուս կողմից։ 892թ. Սմբատը գրավեց Դվինը, կալանեց արաբ ոստիկանին ու էմիրին, շղթայակապ ուղարկեց Պոլիս։ Ապա հնազանդեցրեց ու հարկատու դարձրեց Մանազկերտի էմիրին, թագավորությանը միացրեց Տայքը, Տարոնը, Աղձնիքի հյուսիսային շրջանները, Բարձր Հայքի արեւելյան տարածքները, եւ Հայաստանի սահմանները հյուսիսում հասան Կուր գետին, հարավում՝ Տավրոսյան լեռների հարավային մասերին, արեւելքում՝ Փայտակարան, արեւմուտքում՝ Կարին քաղաք։ Այդ ամենը լուրջ անհանգստություն պատճառեց Ատրպատականի էմիր Ափշինին, որի վրա էր դրված Հայաստանի հարկերի հավաքման ու Սմբատի գործողությունների հսկման պարտականությունը։ Նա զորք ժողովեց, շարժվեց դեպի Հայոց երկիր։ Սմբատը նրա դեմ ելավ 30 հազարանոց բանակով։ Հաջորդ՝ 894թ. էմիրը նորից արշավեց Հայաստան, բայց Դոխսի ճակատամարտում պարտություն կրեց ու ստիպված նահանջեց։ Սակայն ոչ Ափշինը, ոչ նրան փոխարինած եղբայրը՝ Յուսուֆ Սաջը, չհրաժարվեցին Հայաստանն իրենց ենթարկելու մտադրությունից։

Շարունակելի

Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Պատմության էջերից


03/10/2019