ՀԱՅԿԻ ԵՎ ԲԵԼԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Հայկի եւ Բելի ճակատամարտն ունի մեծ նախապատմություն, ու դրա արմատներն Աստվածաշնչում են։ Ըստ Սուրբ գրքի` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին Նոյ նահապետի որդիներ Սեմի, Քամի եւ Հաբեթի ժառանգները Միջագետքում ձեռնամուխ են լինում Բաբելոնի աշտարակի կառուցմանը, եւ այդ «հանդուգն» շինարարների մեջ լինում է նաեւ Հայկը։ Նա Հաբեթի թոռան թոռն էր, Թորգոմի որդին, Թորգոմա տան գահակալը։ Թորգոմա տունը, այլ խոսքով` թագավորությունը, հենց Հայաստանն էր, եւ պատահական չէ, որ հայոց երկիրը հին սկզբնաղբյուրներում հաճախ հենց այդպես էլ կոչվել է` Թորգոմա տուն, հայերը` թորգոմյաններ: Պատմականորեն այդ երկիրը Արարատի թագավորությունն էր, հայերի հայրենիքը։
Ինչպե՞ս էր Հայկը հայտնվել Միջագետքում, Բաբելոնի աշտարակաշինարարների մեջ։ Ժամանակակից պատմագիտությունը պատասխանել է այս հարցին. Թորգոմա տան ¥Հայքի¤ եւ Միջագետքի միջեւ հաճախ են ծագել պատերազմներ, մերթ մի կողմն է հաղթել, մերթ` մյուսը, եւ ահա այնպես է եղել, որ Հայկի գահակալության սկզբնական շրջանում Հայքն ընկել է Միջագետքի տիրապետության տակ, եւ Հայկը, ըստ հնոց կարգի, պարտավոր է եղել զորք մատակարարել հաղթած երկրին։ Այս ձեւով Հայկն իր գերդաստանով ու զորախմբով հայտնվում է Միջագետքում ¥որտեղ մինչ այդ էլ եղել է հայ բնակչություն¤ եւ միանում աշտարակը կառուցողներին։ Իհարկե, աշտարակը չի կառուցվում, կործանվում է։ Կործանվում է նաեւ աշտարակի շուրջը գոյացած քաղաքը, որը զորավար Բաբի անունով հետագայում կոչվում է Բաբելոն, եւ «մեղավորներից» մեկը Հայկն էր։ Նա, լինելով ազատասեր եւ քաջակորով այր, չէր կարող տանել օտարի լուծը, ապստամբում է Միջագետքի բռնակալի դեմ եւ, հավաքելով իր գերդաստանն ու զորքը, վերադառնում նախնյաց երկիր, որն ընկած էր Արարատ եւ Արագած լեռների միջեւ։
Միջագետքի բռնակալը Բելն էր (Աստվածաշնչում` Նեբրովթ), Տիտանների ցեղից (այստեղից էլ` Տիտանյան Բել անունը)։ Նա Նոյ նահապետի որդի Քամի ժառանգներից էր։
Վերադառնալով նախնյաց երկիր` Հայկը նախ բնակություն է հաստատում Վանա լճից հարավ ընկած մի դաշտավայրում, ապա այդ ամբողջ տարածքը ժառանգություն թողնում իր թոռանը` Արամանյակի որդի Կադմոսին, ինքն իր գերդաստանի մյուս անդամների հետ (այդ ժամանակ նա արդեն ուներ չորս որդի, վեց դուստր եւ շատ թոռներ) բնակություն հաստատում հյուսիս-արեւմուտք ընկած մի դաշտավայրում` տալով նրան Հարք անունը։ Հարք, այսինքն` հայրեր։ Նկատի է ունեցել այն, որ այդտեղ ապրելիս են եղել Թորգոմա տան կամ արքայատոհմի հայրերը։
Հարքում Հայկը մի մեծ բնակավայր է հիմնում եւ իր անունով կոչում Հայկաշեն։ Հայոց ազգային պատմության մեջ այն հայտնի է նաեւ Հայկաբերդ, Աստվածաշեն անուններով, գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում։ Ավերակներն այսօր էլ նշմարելի են։
Հայկը բարեշինում է իր երկիրը, այն է` Արարատյան թագավորությունը, եւ երկար տարիներ ժողովուրդն ապրում է խաղաղ կյանքով։ Բելը, սակայն, չէր կարող տանել իր պարտությունը եւ այն, որ Հայկն այդպես էլ չհնազանդվեց իրեն։ Նրա միտքը Հարքին տիրանալն էր եւ Հայկին ծնկի բերելը։ Նախ` նա մի պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ եւ պահանջում ենթարկվել իրեն, վերադառնալ Բաբելոն։ «Դու ապրում ես սարսափելի ցուրտ երկրում,- պատգամախոս որդու միջոցով հայտնում է նա Հայկին,- ենթարկվիր ինձ ու հանգիստ ապրիր իմ երկրում այնտեղ, որտեղ կկամենաս»։ Հայկը լավ հասկանում է Բելի նենգ մտադրությունը, եւ նրա պատասխանը բռնակալին լինում է կոշտ ու կտրուկ` ինքը Բաբելոն չի վերադառնա, չի հնազանդվի։ Այդժամ Բելը որոշում է իր գերագահ իրավունքը Հայկի ու նրա թագավորության նկատմամբ հաստատել պատերազմով` մի մեծ բանակ է կազմում եւ ներխուժում Հայոց երկիր: Երբ հասնում է Վանա լճի ափերին, Հայկի թոռ Կադմոսն շտապում է պապի մոտ եւ հայտնում Բելի հարձակման մասին։ Հայկին ոչինչ չէր մնում անել, քան ընդունել մարտահրավերը։ Նա, զորքի գլուխ անցած, գնում է Բելին ընդառաջ։ Բանակները հանդիպում են Հայոց ձորում, Վանա լճից հարավ-արեւելք ընկած տարածքում։ Սկսվում է Հայկի եւ Բելի նշանավոր ճակատամարտը։
Խորենացու «Հայոց պատմության» մեջ, այլ աղբյուրներում ներկայացված են Հայկի եւ Բելի ճակատամարտի որոշ մանրամասներ, եւ այսօր հնարավոր է գծել դրա ընդհանուր պատկերը։ Ուշագրավ է Խորենացու հաղորդածը. սկսելով ճակատամարտը` Հայկը դիմում է զորքին. «Կա՛մ մեռնենք, կա՛մ հաղթենք»։ Այսինքն` կռիվը պետք է լինի աննահանջ, մինչեւ արյան վերջին կաթիլը։ Եվ որովհետեւ հայոց բանակը հակառակորդի բանակից փոքրաթիվ էր, Հայկը որոշում է ճակատամարտ տալ լեռներում, որտեղ հայերն ավելի մարտունակ էին եւ զորեղ։ Ամուր դիրքեր գրավելով բարձունքներում` նրանք կարողանում են հանկարծակի հարձակումներով մեծ վնասներ պատճառել հակառակորդին, քամել նրա ուժերը։ Հայկին մի պահ հաջողվում է ճեղքել թշնամու շղթան եւ մոտենալ այն բլրին, որտեղից Բելը ղեկավարում էր մարտը։ Վերջինիս գլխին եղել է երկաթե սաղավարտ, կրծքին եւ մեջքին` պղնձե հաստ զրահ, ոտքերն ու ձեռքերը` նույնպես զրահապատ։ Բելը զինված է եղել երկսայր թրով ու երկար նիզակով, Հայկը` հսկա աղեղով ու եռագլուխ նետով։ Պատմական գրականության մեջ շրջանառվում է այն վարկածը, որ Հայկի նետը եռագլուխ է եղել, որովհետեւ հայոց Ար աստվածը երեք խորհրդանիշ է ունեցել` Առյուծ, Արծիվ եւ Արիս (Խոյ)։ Հենց այդ նետով էլ Հայկը, մենամարտի մեջ մտնելով Բելի հետ, դիտապաստ գետնին է տապալում բռնակալին, եւ թշնամու զորքը, տեսնելով նրա անփառունակ մահը, փախչում է խուճապահար։ Խորենացին այսպես է գրում. «Բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը ցիրուցան վազում էր», այսինքն` փախչում։
Հաղթանակած Հայկը կարգադրում է զմռսել Բելի դին եւ թաղել մի բարձր տեղ` «ի տես իր կանանց եւ որդիների»: Այսինքն` սա մի ահեղ նախազգուշացում էր բոլոր նրանց, ովքեր կհանդգնեին ներխուժել իր երկիր։ Նրանք միշտ պետք է հիշեին, որ իրենց ահա այսպիսի տխուր ճակատագիր է սպասում։
Հայկի եւ Բելի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին։ Պատմագիտական մի շարք աշխատություններում այս տարեթիվը նշվում է որպես ստույգ փաստ, որը հաստատվում է պատմական այլ փաստերի համադրությամբ եւ, մասնավորապես, հեթանոսական ժամանակներից եկող հայկական տոմարի ուսումնասիրությամբ։ Ավանդաբար ընդունված է այն վարկածը, որ ճակատամարտից հետո, ի նշան հաղթանակի, Հայկը հրամայել է սահմանել նոր տոմար, որի սկիզբը հենց այդ հաղթանակի օրն է։ Հայոց մեջ այդ օրը կոչվել է Նավասարդ, այսինքն` Նոր տարի։ Ստույգ է, որ այդ օրը հենց օգոստոսի 11-ն է, եւ այդ տոնը հայերը նշել են մեծ հանդիսավորությամբ` Նավասարդյան տոնախմբություններով ու մարզական խաղերով։
Ըստ Խորենացու` Հայկի տարած հաղթանակից հետո է, որ Հարքը նրա անունով կոչվել է Հայք, ու նա դարձել է հայոց անվանադիր նախնին։ Սեպագիր արձանագրություններում ճակատմարտի վայրը կոչվել է նաեւ Հայա դուն, այսինքն` Հայի տուն։
Դարերի ընթացքում հայերն աստվածացրել են Հայկին, որը եղել է պատմական անձնավորություն` Արարատի երկրի կամ Արարատյան թագավորության հիմնադիրը։ Դա Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական եւ հզոր պետությունն էր, որը աշշուրա-բաբելոնական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Ուրարտու, Ուրաշտու, հին եբրայական աղբյուրներում` Ուրարտ, Արարտ անուններով։ Հենց այդ պետության ստեղծումն էր Բելի, այսինքն` Բաբելոնի դեմ Հայկի, ուրեմն եւ` հայ ժողովրդի մղած պայքարի գլխավոր արդյունքը։
Պատմագիտության մեջ շրջանառվում է այն տեսակետը, որ Հայկի հիմնադրած թագավորությունն ամենաերկարատեւն է մարդկության պատմության մեջ` այն հարատեւել է 22 դար անընդմեջ, ժառանգաբար փոխանցվելով հորից որդի։ Ինքը` Հայկը, ապրել է երկար` շուրջ 100 տարի։
Ժողովուրդը փառաբանել է իր մեծ նախնուն։ Հայերը նրա անունով են կոչել ամենապայծառ համաստեղությունը` Օրիոնը (Հայկի համաստեղություն)։ Ըստ ավանդության` նրա ուստրերի եւ դուստրերի անուններն են կրում ամիսները հին տոմարով։ Աղբյուրներում նրան տրվել են «Գեղապատշաճ», «Քաջ աղեղնավոր», «Քաջագանգուր», «Վարսագեղ», «Խայտակն» պատվանունները։ Հայոց եկեղեցին անվանվել է նաեւ «Հայկազյան աթոռ»։
Հայկը փառաբանվել է արվեստում, գրականության մեջ։ Նրա մասին է հայ հին բանահյուսության մեծագույն երկը` «Հայկ եւ Բել» դյուցազնապատումը, հայոց հնագույն վեպը։
Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Պատմության էջերից