ԶԻՆՎՈՐԸ, ԵՐԳԻՉԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ
Երաժշտական նախագծերի ակտիվ մասնակիցն այսօր ժամկետային է, կարելի է ասել, զորակոչվել է անմիջապես բեմից՝ ելույթից վայրկյաններ անց։ Շատերի սիրելի երգիչը, նույնքան սիրելի լուսանկարիչը, պատրաստակամ ու ժպտերես զինվորը Ռոբերտն է, որին հիմա ավելի հաճախ դիմում են շարքային Քոլոյան։ «Բանակն իսկապես ինձ համար նոր դպրոց էր, նոր աստիճան, որ անհրաժեշտ է բարձրանալ, որպեսզի ավելի ամուր կանգնես հայրենի հողի վրա»,- ասում է շարքային Քոլոյանը:
«Եվրատեսիլ 2018»-ում Ռոբերտն անցավ եզրափակիչ, երգեց, սիրվեց ու հայտնվեց հեռուստալսարանի ուշադրության կենտրոնում: Ժպտացող երիտասարդի գրավչությունը նկատելի է նաև զորամասում, վերադասի ու զինակիցների նկարագրություններում։ Ստեղծագործական կյանքը համազգեստ կրելիս ոչ միայն չի խամրել, այլեւ նոր բովանդակություն է ստացել, երիտասարդի երգերում եւ հուշերում ընդգծելով հայրենասիրական տողերն ու մեղեդին: «Այժմ աշխատում եմ նոր երգի ուղղությամբ, խոսքը պատրաստ է, երաժշտությունը՝ նույնպես, գործիքավորումն ընթացքի մեջ է, առաջիկայում կներկայացնեմ հանդիսատեսին, հուսով եմ, կհավանեն»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Ռոբերտը։ Իսկ երգը զինվորի մայրիկի մասին է, իր ու մյուսների՝ բոլորի։
Շարքային Քոլոյանն ազատ ժամանակն անցկացնում է զորամասի ակումբում։ Զորամասի, զորամիավորման ու հայկական բանակի լավագույն լուսանկարիչն է, որը հայտնվելով զորավարժարաններում, դիրքերում, հանդիսավոր արարողություններում անմահացնում է կարևոր դրվագները։ Տեսախցիկն ամենուր է ուսին գցած, լավագույն լուսանկարը չգիտես որ պահին կստեղծվի. «Տեսախցիկը միշտ է ինձ հետ, փորձում եմ բաց չթողնել իմ ընկերներին նկարելու, նրանց սխրանքներն անմահացնելու անհրաժեշտ պահն ու ակնթարթը»։
Զրույցի ճիշտ կեսին Ռոբերտի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր՝ ժամկետայինների ու պայմանագրայինների հերթապահության հետքերով։ Մինչև հերթապահն իր վերադասին կզեկուցի, կհաստատի իրավիճակի վերահսկելիության փաստը, Ռոբերտն արդեն խրամատում է, գտել է առաջին հերոսին՝ դիտորդ Հայկին։ Երիտասարդն այս դիրքի ամենակարևոր դիտակետից է հետևում հակառակորդի շարժը, անցուդարձը, ընդ որում՝ տեսադաշտում նաև ադրբեջանաբնակ գյուղն է, որն ուղիղ նշանառության տակ է։ Ահա թե ինչու է Հայկը լուսանկարչի օբյեկտիվում։ Դիրքի բոլոր դիտակետերում շրջում, զրուցում է դիտորդների հետ, ընտրում իսկական պահը՝ տպավորիչ կադրեր հավաքելու համար։ Խրամատային ֆոտոշարքում անփոխարինելի են նաև ընտանեկան լուսանկարները։ Ռոբերտը նաև այստեղ չի ուշանում, գումարտակի հրամանատարի տեղակալի դասերն ու ուղերձները լուսանկարներում անձայն են, սակայն վկայում են մարտունակության բարձր մակարդակի մասին։
Դեպի հաջորդ հենակետ ճանապարհը երկար չէ, պարզապես ավելի բարձրում է, ճակատային գծում, անմիջապես հակառակորդի գլխավերևում։ Ռոբերտի առաքելությունն այստեղ դիմանկարներով և գեղարվեստական պատկերներով չի սահմանափակվում, դիրքի մարտունակությունը նույնպես պետք է նկատելի լինի լուսանկարում, շրջայցում։ Ուսումնական տագնապի համար վայրկյաններն էլ են բավարար՝ զինվելու, մարտին պատրաստ լինելու մասին բարձրաձայնելու համար։ Այստեղ էլ լուսանկարիչն անցնում է օպերատիվ գործողությունների, պայմանագրայինների հետ հավասար վազում է, կանգ առնում, և րոպեների ընթացքում դիրքի տղաների քայլերը Ռոբերտի տեսախցիկում են։
Համապետական այս ռազմավարական զորավարժության մասնակիցների շարքում նաև Քոլոյանն է, որ տագնապով արթնացել, վազքով պատրաստվել ու զորավարժարան է ուղևորվել։ Գլխավորն իհարկե ստորաբաժանման կազմում առաջադրանքները ժամանակին և ճշգրիտ կատարելն է, որին զուգահեռ ժամկետայինը հասցնում է նաև արհեստավարժ լուսանկարներ անել իր ընկերների ակտիվ գործողություններից, ստուգող հանձնաժողովի աշխատանքից ու այն ամբողջ միջոցառումներից, որոնք սկսվում են վաղ առավոտյան ու ավարտվում ուշ երեկոյան, նույնիսկ կեսգիշերին. «Անկեղծ ասած՝ զորավարժության երկրորդ օրն իմ տարեդարձն էր, որն անցկացրել եմ վազքի մեջ, ամբողջ զորամասով շարժվում էինք, պատասխանատու գործողություններ իրականացնում։ Հավատացե՛ք, անմոռանալի տարեդարձ եմ տոնել՝ համազգեստով և իմ անձնակազմով»։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում