Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՏՈՀՄԻԿ ԱՐՅՈՒՆԸ



«Թանկագին հնություն է ազգս, Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգս»։
Խրիմյան Հայրիկ

Մայրս՝ Հրանուշ Ջալալյանը, սերում էր Գանձասարի հայտնի՝ Եսայի Հասան Ջալալյանների տոհմից։ Նա այդ իշխանական տոհմի վերջին շառավիղն էր։ Մայրս հպարտությամբ էր կրում Ջալալյան ազգանունը եւ ապրեց ու իր մահկանացուն կնքեց ազնվականին վայել։ Նա ծնվել էր տեր Սահակի որդի Հասան Ջալալի ավագ որդու՝ Սիրեկան Բեկի հարկի տակ։ Այդ ուսյալ զարգացած կինը համարյա անգիր գիտեր հայոց պատմությունը, ամենայն մանրամասնությամբ կարող էր ներկայացնել Խամսայի մելիքություններին վերաբերող բոլոր պատմական անցքերը։ Հաճախ էր նա վեճի բռնվում մեզ՝ երիտասարդներիս հետ՝ հղում անելով Րաֆֆու այս կամ այն պատմավեպ։ Հիշում էր, թե ականավոր վիպասանն իր գրքի որ էջում, որ տողում ինչ է գրել Հասան Ջալալյանների մասին. «Գնացե՛ք, բացե՛ք, կարդացե՛ք»։

Նա առանձնակի սիրով էր պատմում, թե ինչպես է հայտնի պատմավիպասանը գիշերել իրենց տանը։ Այնպես էր պատմում, կարծես ներկա էր գտնվել, թեպետ ինքն այդ ժամանակ դեռեւս ծնված էլ չի եղել։ Իրականում` Րաֆֆին իր պատմավեպի նյութը քաղել է մորս Բեկ պապի պատմածներից։ Հետագայում մայրս իրենց տոհմի պատմությունը լսել է հենց իր պապից, որը երկար է ապրել` մինչեւ 116 տարեկան…

Մայրս հպարտությամբ էր նշում, որ իրենց ազնվական տոհմը սերում է Իրանից Ղարաբաղ գաղթած Հասան Ջալալյաններից, որոնք հռչակվեցին հայրենանվեր մեծ գործերով։ Եվ մայրս խոր ցավ էր ապրում, երբ տեսնում էր, որ իր նախնիների քաջագործությունների մասին այսօր չի պատմվում, եւ մոռացվում է նրանց հսկայական ավանդը հայ ժողովրդի կյանքում։

Մորս պատմածով այսօրվա Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղը, որտեղ 1992թ. տեղակայված էր մեր պաշտպանական ջոկատների հոսպիտալը, հիմնադրել է Սիրեկան Բեկը` իր չորս եղբայրների հետ միասին։ Նախ անասունների համար գոմեր են կառուցել, հետագայում իրենք էլ հիմնավորվել են նույն տեղում։ «Կամանդույուշչի»` ճիշտ այս բառն էր օգտագործում, երբ խոսում էր հորեղբորս` Միսակ Ջալալյանի մասին, որ հայտնի զորավար է եղել։ Ժամանակին նրան՝ այդ քաջարի զինվորականին ճանաչել են ոչ միայն արցախցիները, այլեւ Արցախի թշնամիները։ Նա բարձրագույն կրթություն էր ստացել արտասահմանում, ինչը եզակի բան էր այն ժամանակների համար։

Ըստ մորս պատմածի` մի անգամ Միսակը գործով Մոսկվայից Բաքու է գալիս։ Եվ երբ երեկոյան գնում է քրոջ՝ Մարիամի տուն գիշերելու, տեսնում է՝ ամբողջ ընտանիքը՝ յոթ հոգի, սպանված են, եւ դիակները փռված են տնով եւ դռնով մեկ։ Հինգ երեխաներից ավագի՝ Սամվելի դիակը չի գտնվում։ Եվ այդպես էլ անհայտ է մնում նրա ճակատագիրը։ Ասում էր. «Այդ օրվանից նա իր ձեռքն առավ զորավարի սուրն ու մինչեւ իր կյանքի վերջը դարձավ թուրքերի ահն ու սարսափը, հայերի՝ վրիժառու հրեշտակը»։

Մայրս իր հորեղբորը նկարագրում էր այնպես, ինչպես առասպելական հերոսի. «Բոյով էր, թիկնեղ, նրա հայացքին ոչ ոք չէր դիմանում։ Ման էր գալիս սպիտակ ձիով, որի թամբը զարդարված էր ոսկեգույն ծոպերով»։ Միսակ Ջալալյանը նշանված է եղել Արցախի ամենագեղեցիկ աղջկա՝ Եսթերի հետ, որի հետ սակայն այդպես էլ չի հասցնում ամուսնանալ։ Մայրս ասում էր, որ դեռ մինչեւ վերջին ժամանակներս կենդանի է եղել Եսթերը եւ մահացել է շատ ծեր հասակում։ Հիշողությանս մեջ հատկապես դաջվել էր մի դրվագ, որը մայրս ոչ թե պատմում էր, այլ թատրոնի նման ներկայացնում. շրջակա գյուղերի տերուտիրականը հորեղբայրս էր՝ Միսակը։ Երբ մի թուրք էր մահանում (նա ասում էր՝ սատկում), ասենք՝ Շուշիում կամ Միրբաշիրում, Քելբաջարում, հորեղբայրս թաղելու հող չէր տալիս, ասում էր. «Այս հողերը Վաչագան թագավորի հողերն են, դուք այս հողերում թաղվելու իրավունք չունեք։ Գնացեք ձեր երկիրը, այստեղ դուք տեղ չունեք»։

Իսկապես` Վաչագան թագավորի աղբյուրը դեռ կա եւ գտնվում է Միրբաշիրում, եւ թուրքերը երբեք այդ աղբյուրից չեն համարձակվել ջուր խմել՝ ասելով. «Հարամ է այս աղբյուրը»։

Միսակի զորքը հիմնականում կազմված է եղել հայ, ինչպես նաեւ ռուս երիտասարդներից։ Եվ նա անողոք պայքար է մղել Արցախ աշխարհի թշնամի թուրքերի դեմ։ 1917թ. սկսած` արցախահայությունը մշտապես ապավինել է նաեւ Միսակի զորքին ու բազկին։ Շուտով նա ծրագրում է թուրքերից մաքրել ամբողջ հայկական տարածքը, ավաղ, սպանվում է «Ցեխաձոր» կոչված տեղամասում՝ թիկունքից արձակված գնդակով, դավաճանի ձեռքով։ Մայրս ավելի ուշ ծանոթանում է իր հորեղբոր՝ Միսակի թիկնապահներից մեկի՝ Բաբուլանց Նիկոլայի հետ, որը Մոխրաթաղ գյուղից էր։ Եվ նա շատ հետաքրքիր պատմություններ է պատմում Միսակի կյանքից՝ ափսոսալով, որ շատ ուշ է ճանաչել նրա քրոջը։

Բեկ Ջալալյանը` այդ բարեպաշտ մարդն ու իշխանը, ունեցել է 11 զավակ, որոնցից, սակայն, ոչ մեկը իր հոր նման երկարակյաց չի եղել. Միսակը, Սոնան, Անիմկան, Մարիամը, Աստղիկը, Շուշին, Սաթենիկը, Բախշին, Սաքոն, Արտեմը եւ Մխիթարը՝ մորս հայրը։

Մայրս՝ Հրանուշ Ջալալյանը, իսկական իշխանուհի էր։ Նա չքնաղ էր՝ շիկահեր, կապուտաչյա մի գեղեցկուհի, որ մինչեւ խոր ծերություն դեռ պահպանել էր իր տեսքը։ Երբեք գլխին գլխարկ չէր դնում։ Ի տարբերություն շատ կանանց` երբեք ցերեկները չէր քնում, միշտ առույգ էր, ոտքի վրա։ Այսպիսին էր նրա տեսքը եւ խառնվածքը, թեեւ կյանքում շատ դառնություններ ու տառապանք էր տեսել՝ հարազատների կորուստ, կուլակաթափություն… Բայց ոչինչ այդ հզոր կնոջը չկարողացավ կոտրել։ Մայրս չկոտրվեց անգամ այն օրը, երբ իմացավ, որ իմ հեռավոր ազգականներից մեկը, որն արդեն մեծահարուստ էր դարձել, մեծ ճաշկերույթ է կազմակերպել` ի պատիվ Հասան Ջալալյանների տոհմի եւ իրեն չի կանչել։ Նա ընդամենն ասաց. «Եթե ես այնտեղ չեմ, ուրեմն այնտեղ Ջալալյաններ չկան, կամ եթե կան, ուրեմն կեղծ, ինքնակոչներ են»։ Ընդամենն այսքանը։

Մահվանից առաջ մայրս խնդրեց, որ իրեն Գանձասար՝ իր ծննդավայրը տանենք։ Տարանք։ Երկա՜ր զրուցում էր Տեր Հովհաննեսի հետ։ Պատմեց իր ով լինելը, իր տոհմից պատմեց, վերջում էլ լուսանկարվեց իր մոտիկ ազգականի՝ Ներսես Հասան Ջալալյանի մահարձանի մոտ։ Այդ օրվանից մայրս կարծես վերափոխվեց. իրեն անչափ երջանիկ էր զգում, թեթեւ, խոսում էր իշխանուհու պես, իրեն պահում էր իշխանուհու նման…

Այսօր չկա մայրս, մի օր էլ չեմ լինի ես, բայց կուզենայի, որ իմ այս մի բուռ հուշերը բարի հետք թողնեն մեր մատաղ սերնդի սրտում։

ՍԻՐԱՆՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Ճակատագրեր


19/10/2011