Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԵՆՔ ՆԱԵՎ ԷՊՈՍՈՎ



Ազգային ինքնության նկատմամբ հարգանքի ու ակնածանքի արմատավորման, ազգային հերոսների օրինակի վրա հիմնված հոգեւոր-մշակութային արժեքների վերարտադրման ու հայրենասիրության օջախ է Արագածոտնի մարզի Ուջան համայնքը, պարզապես՝ Ուջանը։ Դեռեւս անցած դարի 60-ական թվականներին, արտաքին ճնշումները հաղթահարելով, համայնքի միջոցներով ու անկոտրում կամքով գյուղում վեր խոյացավ պաշտելի Զորավար Անդրանիկի անկրկնելի հուշարձանը: Այնուհետեւ` 90-ականների սկզբին, Արցախյան ազատամարտի մասնակից մի քանի տասնյակ ուջանցիներից առաջին զոհի պատվին կառուցվեց քաջ ֆիդայիների ու Սոսե մայրիկի քանդակներով պատկերված «Ցասման բազուկ» եզակի խմբարձանը, որի կողքին քիչ հեռվում այսօր կանգնած է մեկ այլ քաջ հայորդու` նորօրյա ֆիդայի Նորիկ Հարությունյանի հուշարձանը։ Բարեկարգ ու ծառապատ տարածքը կոչվում է «Ֆիդայիների պուրակ»։ Եվ անչափ խորհրդանշական է, որ հենց այս սրբագործված վայրում հիմքը դրվեց անչափ կարեւոր ավանդույթի` հայ ժողովրդի անմահ հերոսավեպ «Սասնա ծռեր» «Էպոսի օրը» նշելու, որը վերածվեց ժողովրդական տոնախմբության։

«Սասնա ծռեր» էպոսը վաղուց դարձել է ազգային հոգեւոր մշակույթի, մեր ժողովրդի ազնիվ ու հերոսական կեցության, ազատության ու անկախության խորհրդանիշ։ Այն ապահովում է առողջ և անընդհատ «ներհոսք» դեպի ազգապահպան մշակույթի օրգանիզմ, եւ որպես ավանդապատում՝ դառնում այդ ավիշի հիմնական բաղադրիչը, որով գիտակցվում է սեփական էթնիկական ինքնությունը, որի էությունը միասնական պատմական հիշողությունն է, ընդհանուր հայրենիքի ու համերաշխության զգացողությունը։

Էպոսի հերոսների առասպելական կերպարներն ու խորհրդանիշերը` «Սասունցի Դավիթ», «թուր կեծակին», «Քուռկիկ Ջալալին», այն անսասան ուժն ու կորովն են, որ միշտ զգացել ենք մեր թիկունքին ու կրել մեր էության մեջ։ Առավել եւս այսօր, երբ օրախնդիր են ազգային ինքնության վերազարթոնքը, հայոց պետականության հզորացման գերակա խնդրում համազգային ներուժի ակտիվացումը, երիտասարդ սերնդի հայրենասիրական մղումները։

«Սասնա տուն» հասարակական կազմակերպության հեղինակած, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությանն արժանացած ու Արագածոտնի մարզպետարանի ակտիվ մասնակցությամբ իրականացված «Էպոսյան օրեր» միջոցառումների գագաթնակետը դարձավ Ուջանում անցկացված տոնախմբությունը, որն, իրոք, համաժողովրդական բնույթ կրեց, եկավ հաստատելու, թե որքան կարեւոր են մեր օրերում ազգային-ավանդական, հոգեւոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալումն ու գիտակցումը, տարածումն ու պահպանումը։

Իրենց ելույթներում շեշտադրելով այս ամենը` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարարության` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վարչության պետ Արմենակ Սարգսյանը, ԳԱԱ թղթակից անդամ, անվանի էպոսագետ Սարգիս Հարությունյանը, հոգեւոր հայրեր, «Սասնա տուն» ՀԿ նախագահ Ավագ Ավագյանը, գրող հրապարակախոս Ղուկաս Սիրունյանը, Ուջանի համայնքի ղեկավար Առաքել Հարոյանը, ՀՀ վաստակավոր դերասան Անդրանիկ Հարությունյանը հույս եւ վստահություն հայտնեցին, որ «Էպոսյան օրերի» նշումը կլինի շարունակական՝ կրելով համազգային, ավանդական բնույթ։

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
լեյտենանտ
Լուս՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Բանակ և հասարակություն


19/10/2011