Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ



Երեւանի Ռուբեն Միրոյանի անվան N77 դպրոցում առանձնակի կարեւորություն են տալիս ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ աշխատանք կատարում այդ ուղղությամբ։ Օրերս դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Արցախյան ազատամարտին մասնակցած «Արամո» ջոկատին եւ նրա լեգենդար հրամանատարին՝ գնդապետ Արամ Թորգոմյանին (Արամո)։

«Արամո» ջոկատի անվամբ անվանակոչվեց դպրոցի ռազմագիտության դասարանը (զինղեկ՝ Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյան)։

Դպրոցի դահլիճում հուզիչ մթնոլորտ է։ Աշակերտները ոգեւորված ներկայացնում են նժդեհյան ոգով տոգորված «Արամո» ջոկատի հերոսական դրվագներով լի մարտական ուղին ու պատմում, թե ինչպես են անձնվիրաբար կռվել ջոկատի քաջ ու անվեհեր մարտիկները, բազմիցս հաղթել թվաքանակով իրենց գերազանցող թշնամուն եւ մահին ընդառաջ գնալով՝ հաղթել մահին…

«Արամո» կամավորական ջոկատի տղաները պարգեւատրվում են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, նվերներով եւ… շնորհակալական ջերմ խոսքերի տարափով. «Շնորհակալ ենք, որ մեզ պարգեւել եք ազատագրված հող եւ այդ հողի վրա ազատ ապրելու իրավունք»։

Աշակերտների անկեղծ, ոգեղենացած կատարումներից հուզվել են բոլոր ներկաները։ Հուզվել է հրամանատարը՝ Արամոն. «Էս հողն ու ջուրը մեզ համար չափազանց թանկ են, սուրբ՝ մեր զոհված ընկերների արյամբ է՛լ ավելի սրբացած։ Թշնամին մտքում անգամ չի հանդգնի խախտել մեր սահմանը։ Մենք մեր բանակի կողքին ենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաները խաղաղ եւ երջանիկ ապրեն։ Էս պատերազմը մեզնով է վերջանալու»։

Միջոցառման ավարտին հյուրերը կիսում են իրենց տպավորությունները։

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյան. «Ես շնորհավորում եմ իմ մարտական ընկերոջը։ Շնորհավորում եմ «Արամո» ջոկատի բոլոր տղաներին։ Անչափ տպավորված եմ եւ հպարտ, որ մեր ազատամարտիկների քաջարի ոգին փոխանցվել է նոր սերնդին»։

Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյան. «Մենք ուժեղ ենք, մենք հաղթելու ենք, որովհետեւ այսօր մեր դպրոցներում հայրենապաշտ սերունդ է դաստիարակվում։ Մենք արժանի հերթափոխ ունենք։ Հայրենիքը հուսալի եւ ամուր ձեռքերում է»։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Բանակ և հասարակություն


19/10/2011