Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ



1997

Մարտի 20 – Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է ՀՀ վարչապետ:

Մարտի 28 – ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենում Լ.Տեր-Պետրոսյանի և Հ. Ալիևի հանդիպումը:

Մայիսի 31 – հունիսի 1 – ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին են ներկայացնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տարբերակ, որն ստացել է «փաթեթային» անվանումը: Այս տարբերակի համաձայն` խնդրի կարգավորումը կառուցվում էր Լիսաբոնյան գագաթաժողովի սկզբունքների հիման վրա: Փաստաթղթի ներածական մասում հղում էր արվում նաև ՄԱԿ ԱԽ 1993թ. ընդունած 4 բանաձևերին: Այս ձևակերպումը հանդիպում է նաև հետագայում առաջարկված «փուլային» տարբերակում: Ըստ որի` հայկական ուժերը պետք է հեռանային Լեռնային Ղարաբաղի տարածքից, ԼՂ ինքնապաշտպանական ուժերը հետ քաշվեին մինչև 1988թ. ԼՂԻՄ սահմանը, շփման գծից պետք է հեռացվեին բոլոր տեսակի ծանր զինատեսակները և տեղակայվեին ԵԱՀԿ խաղաղարար ուժեր: Ապա եւ Լաչինը վերադարձվեր Ադրբեջանին, սակայն վերջինս պայմանագիր էր կնքելու ԵԱՀԿ-ի հետ` միջանցքը բացառապես Լեռնային Ղարաբաղի կողմից օգտագործվելու մասին:

Հայաստանը և Ադրբեջանը երաշխավորելու էին ազատ երկաթուղային հաղորդակցություն Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան-Երևան գծով: Ոչ պակաս «ուշագրավ» էր փաստաթղթի երկրորդ մասը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Հակամարտության բոլոր կողմերը պետք է ճանաչեին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղը պետք է դառնար «պետական և տարածքային կազմավորում Ադրբեջանի կազմում»: Դա նշանակում էր, որ Ղարաբաղն ունենալու էր իր սահմանադրությունը, օրենքները, օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, կարող էր ընտրել Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչներ և մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները պետք է ունենային Ադրբեջանի անձնագրեր` «Լեռնային Ղարաբաղ» մակագրությամբ:

Լեռնային Ղարաբաղում մերժում են այս փաստաթուղթն ամբողջությամբ, իսկ Երևանը ներկայացնում է իր առարկություններն ու դիտարկումները` միաժամանակ այն ընդունելի համարելով որպես բանակցությունների հիմք:

Օգոստոսի 29 – Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը և Բ. Ելցինը ստորագրում են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, որը հայտնի է նաև Մեծ պայմանագիր անունով: Այդ պայմանագրով նախատեսվում էր համատեղ ձեռնարկել բոլոր միջոցները` «խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի սանձազերծած ագրեսիային հակազդելու համար» և միմյանց ցուցաբերելու «անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմականը` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համապատասխան` հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով»:

Սեպտեմբերի 1 – Լեռնային Ղարաբաղում անցկացվում են արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում ԼՂՀ նախագահ է ընտրվում Արկադի Ղուկասյանը:

Սեպտեմբերի 20-24 – Մինսկի խմբի համանախագահները կողմերին են ներկայացնում հակամարտության կարգավորման ևս մեկ տարբերակ` «փուլայինը»: Այն փաստաթղթային ձևակերպում է ստանում և ներկայացվում կողմերին դեկտեմբերի 2-ին:

Սեպտեմբերի 26 – Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակով լուծման օգտին:

Նոյեմբերի 1 – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում է իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը եւ հասարակական քննարկմանն է ներկայացնում ԼՂ հակամարտության կարգավորման համար միջազգային հանրության ներկայացրած առաջարկները:

Հոկտեմբերի 9 և 23 – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևի հետ:

Դեկտեմբերի 2-5 – Տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ներկայացնում ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակը:

Փուլային տարբերակով նախատեսվում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի դուրս բերումը ԼՂԻՄ 1988թ. սահմանից դուրս գտնվող բոլոր շրջաններից, բացառությամբ Լաչինի: Ստեղծվելու էր խառը հանձնաժողով` Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրներին հետևելու համար: Սակայն ամենակարևոր հարցը` Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը, չէր արտացոլված փաստաթղթում: Այն պետք է քննարկվեր հետագայում` Մինսկի խորհրդաժողովի ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը վճռականապես մերժում է այս տարբերակը, որին դեմ են արտահայտվում նաև Հայաստանի քաղաքական վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչները: Հայաստանի իշխանությունները թեև նշում են որոշ կետերի ու ձևակերպումների շուրջ իրենց անհամաձայնությունը, սակայն, ընդհանուր առմամբ, ընդունում են փուլային տարբերակը` որպես բանակցությունների հիմք:

Փաստորեն, 1997թ. ընթացքում ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած երկու տարբերակն էլ մերժվում է, քանի որ մի դեպքում Լեռնային Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում, իսկ մյուս դեպքում` ընդհանրապես հստակեցված չէր նրա կարգավիճակը: «Փուլային» տարբերակը դարձավ 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը: Հետագայում հայկական կողմի համար այսպես կոչված «փաթեթային» տարբերակն ընդունվեց որպես բանակցային սկզբունք. այսինքն` բանակցությունների արդյունքում պետք է համաձայնեցվեին բոլոր խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կարևորագույն մոտեցում, ինչը չէր արտահայտված «փուլային» տարբերակում և, համաձայնության դեպքում, լուրջ վտանգ էր ներկայացնում Ղարաբաղի համար:

Դեկտեմբերի 18-19 – Կոպենհագենում տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական նիստը, որի ժամանակ արձանագրվում է բանակցությունների փակուղում հայտնվելը:

1998

Հունվարի 7-8 – ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկում են ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկված տարբերակները: Լ. Տեր-Պետրոսյանի ընդունած փուլային տարբերակի դեմ են արտահայտվում ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և ուրիշներ: Նրանք, հակառակ ՀՀ նախագահի առաջ քաշած թեզերի, պնդում էին, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելը չի կարող ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա, իսկ ի հակակշիռ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման, փաստում էին, որ կան այլընտրանքային ճանապարհներ Իրանի և Վրաստանի հետ:

Փետրվարի 3 – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս:

Փետրվարի 4 – ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնում է վարչապետ Ռ. Քոչարյանը:

Մարտի 16 – Հայաստանում տեղի են ունենում նախագահական արտահերթ ընտրություններ, և երկրորդ փուլ են դուրս գալիս Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը:

Մարտի 30 – Քվեարկության 2-րդ փուլում հաղթում է Ռոբերտ Քոչարյանը:

Ապրիլի 28 – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ:

Հոկտեմբեր 11 – Ադրբեջանում նախագահական ընտրություններում հաղթում է Հեյդար Ալիևը:

ՌԴ արտգործնախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ մշակվում է ԼՂ հակամարտության կարգավորման նոր տարբերակ, որը հայտնի է «Ընդհանուր պետություն» անվանումով:

Նոյեմբերի 10-11 – Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին են ներկայացնում հակամարտության կարգավորման նոր տարբերակ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար սեփական սահմանադրություն, որը գործելու էր ԼՂ տարածքում: Ադրբեջանի օրենքներն ու գործադիր մարմնի որոշումները ուժի մեջ էին լինելու Լեռնային Ղարաբաղում, եթե չհակասեին ԼՂ սահմանադրությանը: Լեռնային Ղարաբաղն ունենալու էր ազգային գվարդիա և ոստիկանական ուժեր: Ադրբեջանի բանակը, ոստիկանական ուժերը իրավունք չէին ունենալու մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք` առանց ԼՂ իշխանությունների համաձայնության: Լեռնային Ղարաբաղի սահմանները պետք է համապատասխանեին նախկին ԼՂԻՄ սահմաններին: Մինչև ԼՂ և Հայաստանի միջև անարգել հաղորդակցության հարցի վերջնական լուծումը, Լաչինը պետք է մնար ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հսկողության ներքո: Ադրբեջանական կողմը պետք է Լեռնային Ղարաբաղին վերադարձներ Մարտակերտի և Մարտունու շրջանների գրավյալ տարածքները:

Նոյեմբերի 26 – Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նշում են մի շարք լրացումներ, որոնք անհրաժեշտ է կատարել ներկայացված նախագծում, և պատրաստակամություն են հայտնում ներկայացված փաստաթղթի նախագիծն ընդունել որպես բանակցությունների հիմք:

Հարկ է նշել, որ թեեւ առկա էին բազմաթիվ թերություններ, սակայն ընդհանուր պետության տարբերակը հայկական կողմին անհամեմատ ավելի ձեռնտու էր, քան նախկինում առաջարկվածները: Առավել կարևոր էր այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ինքնավար գոյությունը Ադրբեջանի կազմում չէր քննարկվում: Համեմատության համար նշենք, որ թե՛ փաթեթային, թե՛ փուլային տարբերակները սահմանում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջան պետության մաս: Ադրբեջանում շատ լավ հասկանում էին, որ «ընդհանուր պետություն»-ը ենթադրում է Ղարաբաղի փաստացի անկախություն: Ադրբեջանը մերժում է այս փաստաթուղթը:

1999

Մարտ – Հայաստանում Ժողովրդական և Հանրապետական կուսակցությունների (որոնց առաջնորդներն էին համապատասխանաբար Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը) միավորումով ստեղծվում է «Միասնություն» քաղաքական դաշինքը, որի նախընտրական կարգախոսն էր` «Կառուցենք և պաշտպանենք»:

Մայիսի 30 – Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Միասնությունը» ստանում է քվեների 40 տոկոսից ավելին:

Ապրիլի 25 – Վաշինգտոնում տեղի է ունենում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևի առաջին երկկողմ հանդիպումը:

Հունիսի 10 – ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվում Կարեն Դեմիրճյանը, իսկ Վազգեն Սարգսյանը նշանակվում է վարչապետ:

1999թ. ընթացքում ՀՀ և Ադրբեջանի նախագահները բանակցում են մի քանի անգամ. հուլիսի 16-ին և օգոստոսի 22-ին` Ժնևում, սեպտեմբերի 11-ին` Յալթայում, հոկտեմբերի 11-ին` Նախիջևանի սահմանի մոտ:

Հոկտեմբերի 27 – Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ սպանվում են ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, մի քանի պատգամավորներ վիրավորվում են:

Նոյեմբերի 18-19 – Ստամբուլում տեղի է ունենում ԵԱՀԿ գագաթաժողովը: Ստամբուլյան փաստաթղթում նշվում էր, որ ԵԱՀԿ-ն ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու ջանքերը: Մեկ անգամ ևս փաստելով, որ Մինսկի խումբը խնդրի կարգավորման լավագույն ձևաչափն է` ԵԱՀԿ-ն կոչ էր անում շարունակել բանակցությունները:

ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Պատմության էջերից


19/10/2011