Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԻՇՏ ԵՄ ԾԱՌԱՅԵԼ



Ես հայկական բանակի զինվոր եմ, սերժանտ Աղասի Մարգարյանն եմ: Ծնվել եմ 1985թ. Շիրակի մարզի Գուսանասար գյուղում: 2002թ. դպրոցն ավարտել եւ ընդունվել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետ, հետո մագիստրատուրա: Ուսումս շարունակել եմ ռուս- հայկական սլավոնական համալսարանի քաղաքագիտության տեսության ամբիոնի ասպիրանտուրայում: Մագիստրոսական աշխատանքս «Այլախոհական շարժումը ԽՍՀՄ ազգային հանրապետություններում 1960-80-ական թթ.» թեմայով էր, առավել խորացված դրան անդրադարձել եմ ասպիրանտուրայում: Թող անհամեստություն չթվա, բայց մասնագետները բարձր կարծիք են հայտնել իմ կատարած աշխատանքի մասին եւ գերազանց գնահատել: Ճիշտն ասած, կրթությունը մեր ընտանիքի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Հայրս` Հենրիկ Մարգարյանը, մեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում: Մայրս` Համեստ Գասպարյանը, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաների ուսուցչուհի է: Դե նրանց երեխաներն էլ հաստատ չսովորող չէին լինի: Իմ մասին արդեն պատմեցի: Եղբայրս` Բաբիկը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի վեցերորդ կուրսի ուսանող է: Քույրս` Ծովինարը, ինձ պես ընտրել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Մի շրջան երեքս միասին վարձով էինք ապրում Երեւանում: Իրարից մեր ծնողների ու տան կարոտն էինք առնում, միասին գնում էինք դասի, հանգստյան օրերին պարտադիր մեկնում գյուղ: Մի խոսքով, շատ հետաքրքիր, հագեցած ժամանակաշրջան էր, հատկապես ուրախ էինք քրոջս համար, որ անծանոթ միջավայրում հենց սկզբից մենակ չի: Երեւանում նաեւ մի հետաքրքիր սովորություն ձեռք բերեցի. երբեմն մենակ դուրս էի գալիս, ժամերով պտտվում փողոցներում, ծանոթանում, ուսումնասիրում ամեն մի անկյունը, շենքը, ավելի խորը զգում քաղաքի եւ գյուղի տարբերությունը, նաեւ փորձում պատկերացնել, թե ինչը եւ ինչպես կարելի է օգտագործել մեր գյուղում: Արդեն ութ տարի է` դուրս եմ եկել գյուղից, բայց հիմա էլ փակում եմ աչքերս, որ կողմնակի ոչինչ չխանգարի, ու տեսնում եմ, այո՛, այո՛, մտովի տեսնում եմ ծննդավայրիս ամեն մի տունը, քարն ու թուփը, համագյուղացիներին, շրջակայքի բերդամրոցն ու հնադարյան բնակավայրը, ուր հաճախ էինք գնում ընկերներով, պատկերացնում նախնիների կենցաղը: Շատ եմ կարոտում մեր գյուղը: Հարմար առիթի դեպքում անպայման գնում եմ գյուղ, տեսնում հարազատներիս, ընկերներիս, շրջում տարածքում, հարցուփորձ անում գյուղական նորությունների մասին, վայելում հանգստությունը, պարզ ու մտերմիկ հարաբերությունները: Ամեն անգամ, երբ կանգնում եմ դռան շեմին, մայրս ժպտալով ասում է` էլի կարոտցա՞ր, տղե՛ս, մոտենում է ու պինդ համբուրում: Հիմա արդեն առանձնակի հպարտությամբ է դիմավորում ինձ. որդին զինվորական համազգեստով արձակուրդ է գալիս:
Մեր գյուղի հանդեպ սերը արյանս մեջ է, եւ դա էլ իր պատճառներն ունի. գյուղի առաջին բնակիչները նախնիներս են եղել: 1828թ. մեր ազգը Աղասի նախապապիս գլխավորությամբ տեղափոխվել է Ալաշկերտից: Աղասիի որդին` Այվազը, իր տղաների` Մակարի, Մարգարի, Ավոյի, Դավոյի հետ երկար փնտրտուքից հետո հարմար տարածք է գտել, ուր ջուրն առատ է, արոտավայրերը` շատ, եւ տներ կառուցել: Նրանք էլ համարվում են մեր գյուղի հիմնադիրները, մարդկանց ազգանուններն էլ նրանց անուններով են ձեւավորվել` Մակարյան, Մարգարյան, Ավոյան, Դավոյան: Ճիշտ է, հետագայում այլ վայրերից ապրողներ են եկել, մի մասն էլ փոխել է բնակավայրը, բայց մինչեւ հիմա էլ բնակչության հիմնական մասը այս չորս ճյուղերի ներկայացուցիչներն են: Այժմ գյուղը բավական զարգացած է, նույնիսկ այսօրվա ծանր պայմաններում երկու հարյուրից ավելի տնտեսություն ունի: Մեր Գուսանասարը նաեւ իր առանձնահատկությունն ունի. բնակիչները հայտնի են մականուն կպցնելու սովորությամբ:
1912թ. գյուղում եկեղեցի է կառուցվել, սակայն ութ տարի հետո` 1920թ., խորհրդային իշխանությունների պահանջով, գմբեթը քանդվել է: Հայրս իր նկարիչ ընկերոջ եւ հոգեւոր թեմի առաջնորդի հետ որոշել է վերականգնել եկեղեցին: Որոշակի աշխատանքներ արվել են: Հուսով եմ, այս սուրբ նպատակը կիրագործվի, հոգեւոր ու բարոյական զարթոնքի լրացուցիչ խթան կհանդիսանա բոլորիս համար:
2008թ. նոյեմբերի 27-ին զորակոչվեցի ուսումնական զորամաս: Պետք է խոստովանեմ, որ զինվորական կյանքի մասին շատ քիչ բան գիտեի, իմ շրջապատում էլ զինվորականներ չկային, միայն լսել էի, որ հորս պապը կռվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, վիրավորվել երկրորդ Բելառուսական ռազմաճակատում: Ամեն ինչ անսովոր էր, բայց ոչ անհաղթահարելի: Հաշվարկողների մեր դասակում տասնհինգից տասներեքը բուհավարտ էին, հրամանատարներն էլ նշում էին, որ մեզ հետ շատ հեշտ է ուսումնական գործընթացը կազմակերպելը: Ի վերջո, տասնութ տարեկան պատանու եւ արդեն հասուն երիտասարդների միջեւ տարբերությունը մեծ է: Մեզ մոտ հաճախ դասահսկումներ էին լինում, եւ վերահսկողները միշտ գոհ էին մեր ցույց տված արդյունքից: ՈՒսումնական փուլի ավարտին գերազանց հանձնեցի քննությունները եւ տեղափոխվեցի հրետանային զորամաս, ուր եւ այժմ ծառայում եմ: Կարգապահ եմ եղել, նաեւ նախաձեռնող, ձգտել եմ զինվորական մասնագիտությանս տիրապետել լիարժեք, սպային հավասար գիտելիքներ ունենալ: Ծառայության ընթացքում միայն խրախուսվել եմ, արժանացել եմ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի, նշանակվել եմ դիվիզիոնի ղեկավարման դասակի կառավարման ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, նաեւ հրետանային կայանքի հաշվարկող եմ: Հաշվի առնելով տարիքային տարբերությունը, մարդկանց հետ շփվելիս մանկավարժական հմտությունների կիրառման ունակությունը` ինձ նշանակել են զորամասի սերժանտական խորհրդի նախագահ: Պարտականություններիս մեջ մտնում է անձնակազմին նախարարի, գլխավոր շտաբի պետի հրամաններին ծանոթացնելը, քննարկումներ կազմակերպելը, պարզաբանելը, զինվորներին հուզող հարցերը հրամանատարությանը ներկայացնելը եւ այլն: Օրինակ` վերջերս խնդիրներ էին առաջացել ազատ արձակումների տեւողության, տրամադրման կարգի հետ կապված, դիմեցինք հրամանատարին, եւ բոլոր հարցերը լուծվեցին: Պետք է նշեմ, որ սերժանտական խորհուրդը նախեւառաջ ինձ է օգնում, ավելի զգոն եմ, ուշադիր իմ առօրյա պարտականությունների կատարման, յուրաքանչյուր զինվորի հանդեպ: Եթե ես թերանամ, կամ հանդուրժեմ իմ ենթականերից որեւէ մեկի թերացումը, սերժանտական խորհրդում անելիք չեմ ունենա եւ կկորցնեմ նաեւ սպաների վստահությունը: Ծառայության ընթացքում եղել են պահեր, որ շատ են տպավորվել, միշտ կհիշեմ դրանք, ինչպես, օրինակ, Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում մեր մեկամսյա ճամբարային հավաքները, որոնց ընթացքում մարտական հրաձգություն ենք կատարել: Հատկապես հիշարժան է գործնական վարժանքներից մեկը: Առաջադրանք ստանալուց հետո ռազմերթ կատարեցինք դեպի նախանշված շրջան եւ դիրքավորվեցինք: Ամեն ինչ շատ մոտ էր իրական մարտի պայմաններին: Շուրջբոլորը ոչ մի բնակավայր չկար, ճանապարհներից հեռու էինք, մերթընդմերթ էլ անձրեւ էր տեղում: Չորս օր բաց երկնքի տակ էինք` դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Ա.Գրիգորյանը եւ իմ հաշվարկը: Տարբեր խնդիրներ կատարեցինք, բայց ամենակարեւորը, տղաներով ավելի մտերմացանք: Բոլորն էլ մի քանի ամսվա ծառայող էին, առաջին անգամ էին մասնակցում նման դաշտային ելքի: Մի պահ նրանց թվաց, թե մեր մասին մոռացել են, նեղվեցին, որ մյուս ստորաբաժանումներից առանձին ենք տեղակայվել: Զրուցեցի, բացատրեցի, որ դա վարժանքի սցենարով է նախատեսված, իրական մարտի դաշտում մենք չպետք է վհատվենք, այլ կարողանանք հստակ կատարել մեր առաջադրանքը: Գիշերներն էլ հաճախ կանգնում էի ժամապահների կողքին, ոգեւորում նրանց: Պատկերացրեք, չորրորդ օրը նրանք արդեն ափսոսում էին, որ պետք է վերադառնանք զորամաս: Այդ օրվանից նաեւ դիվիզիոնի հրամանատարի վստահությունն աճեց իմ հանդեպ:
Մինչեւ զորակոչվելը կյանքս մի տեսակ համակարգված էր` դպրոց, բուհ, արդեն մտածում էի աշխատանքի մասին: Մտածում էի, որ բանակում սովորելու ոչինչ չունեմ, ֆիզիկապես կոփվելու խնդիր էլ չկար, հենց սկզբից ֆիզպատրաստության ժամերին հարյուր մետրը վազել եմ 12,5 վայրկյանում, պտտաձողի վրա առնվազն 15 անգամ ձգվել եմ: Բայց հիմա բոլորովին այլ կերպ եմ մտածում: Ինչքան էլ պատրաստված գաս բանակ, միեւնույնն է, սովորելու բան ունես, ուղղակի պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշվել եւ հատկապես ծառայության ավարտին վերլուծել, թե այն ինչ տվեց քեզ: Շուտով զորացրվելու եմ, ինձ համար այս երկու տարիները հասունության, փորձառության շրջան էին ողջ կյանքի համար: Ուրախությամբ ու հպարտությամբ կարող եմ նշել, որ հրամանատարների վստահությունը, բարեհաճ վերաբերմունքը ապացուցում են, որ ճիշտ եմ ծառայել, չեմ թերացել եւ կարող եմ իսկական զինվոր ու մարտական ընկեր լինել:
…Մի շատ մեծ ցանկություն ունեմ. ուզում եմ, որ մեր գյուղում լավ աշխատանք լինի, աշխատեմ, ընտանիք կազմեմ եւ իմ ուժերի չափով նպաստեմ նախնիներիս հիմնադրած ծննդավայրիս զարգացմանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #41 (856) 20.10.2010 – 27.10.2010, Ազգային բանակ


15/12/2010