Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

GOOGLE-Ի ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ



Հոկտեմբերի 3-7-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Շվեյցարիայի Տուն քաղաքում տեղի է ունեցել քարտեզագրման, չափագրման եւ գեոդեզիայի ամենամյա համաժողով: Համաժողովին մասնակցել են 16 պետությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ-ից` միայն Հայաստանն ու Մոլդովան: Այս տարվա համաժողովի կարգախոսն էր «Գերինֆորմացիոն համակարգերի նոր ուղին քաղաքացիառազմական համագործակցության շրջանակներում», եւ նպատակն էր խորացնել քաղաքացիական եւ զինվորական կառույցների համագործակցությունը:

Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրման բաժնի պետ գնդապետ Գեւորգ Մանուկյանի խոսքով, համաժողովը հնարավորություն էր ծանոթանալու այն ուղուն, որով շարժվում են զարգացած երկրների ռազմատեղագրման ծառայությունները, այն արդիական մեթոդներին, որոնցով թարմացվում են քարտեզները. «Շվեյցարիան պատահական չէր ընտրված. այստեղ արտադրվում են գեոդեզիական տեխնիկա, GPS կայաններ, օդալուսանկարման համար թվային ֆոտոխցիկներ, որոնք թույլ են տալիս թվային տեսքով ստանալ տեղանքի մոդելը»:

Համաժողովի մասնակիցներին ցուցադրվել է, թե ինչպես են Շվեյցարիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով նկարահանում տեղանքը, ինչպես են այդ նկարների հիման վրա թարմացվում քարտեզները, ստեղծվում նոր երկրատեղեկատվական համակարգեր: Չեխիայի ռազմաաշխարհագրական ծառայության պետն էլ ներկայացրել է, թե ինչպես է իրենց խումբն Աֆղանստանում ապահովում երկրատեղեկատվական տվյալներ:

«ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ներկայացրեց Աֆղանստանում տեղակայված զորքերի երկրատեղեկատվական ապահովման սկզբունքները, պատասխանատու օղակները, ինչպես նաեւ՝ երկրատեղեկատվական տվյալների օգտագործման մեթոդները: Շվեյցարական կողմն էլ ծանոթացրեց ինտերակտիվ ատլասին, ինչը նորամուծություն է եւ ցանկացած օգտագործողի հնարավորություն է տալիս տեղանքի մասին ստանալու ցանկացած ինֆորմացիա: Այսօր թղթե քարտեզներին փոխարինելու են գալիս թվային քարտեզները»,-նշեց Գ. Մանուկյանը:

Համաժողովի մասնակիցներն այցելել են նաեւ շվեյցարական բանակի ուսումնական կենտրոն, որտեղ տպավորվել են հատկապես սիմուլացիոն կենտրոնից. սիմուլատորների միջոցով պատրաստում են ռազմական տեխնիկա, որը կիրառում են թվային մոդելով ստացված տեղանքում. «Իրական տեղանքի պատրանք էր ստեղծված, եւ շատ բնական էր: Այսօր մենք էլ ենք փորձում տեղանքի եռաչափ մոդել մշակել, ինչը հաջողվում է մեզ. վերլուծելով նրանց փորձը` կարող ենք կատարելագործել մեր մեթոդները»,-ասաց գնդապետ Մանուկյանը:

Ռազմական եւ քաղաքացիական կառույցների համագործակցության շրջանակներում համաժողովին մասնակցել են նաեւ Google-ի ներկայացուցիչները: Նրանք ներկայացրել են իրենց նոր մտահղացումը՝ եռաչափ քարտեզը, ինչը, ըստ Գ. Մանուկյանի, ռազմական մեծ նշանակություն ունի. «Երկրատեղեկատվական ինֆորմացիայի հիմքում տեղանքի թվային քարտեզն ու թվային մոդելն են: Google-ի նորամուծությունը՝ եռաչափ քարտեզը, առհասարակ վերացնում է տեղանքի քարտեզ մշակելու անհրաժեշտությունը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Ազգային բանակ


19/10/2011