ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հոկտեմբերի 3-8-ը Վաշինգտոնում (ԱՄՆ) կազմակերպեց համաժողով, որը նպատակ ուներ վեր հանել եւ քննարկել ՆԱՏՕ-ի գլխավորած գործողությունների ժամանակ բուժապահովման խնդիրները: Համաժողովին մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, Մակեդոնիան, Սերբիան, Ավստրիան, Շվեյցարիան եւ Հայաստանը՝ հանձինս ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ բուժծառայության գնդապետ Ա. Փարսադանյանի ու բաժնի պետ բուժծառայության փոխգնդապետ Մ. Վարդանյանի:
«Կոնֆերանսի ընթացքում զեկուցվեց Աֆղանստանում 2011թ. բժշկական ծառայության կատարած աշխատանքների, բուժօգնության ծավալների եւ փուլերի մասին: Քննարկվեց բժշկական ապահովման ներկայիս վիճակը: Անդրադարձ եղավ նաեւ գործողություններում ներգրավված անձնակազմի հոգեբանական պատրաստականությանը եւ այս ոլորտում կատարված ուսումնասիրություններին»,- ասաց գնդապետ Ա. Փարսադանյանը:
«Քննարկեցինք նաեւ բժշկական ապահովման բազմազգ խմբի ստեղծման հարցը. խումբը ձեւավորվելուն պես կգործուղվի Լիբիա՝ բժշկական անհրաժեշտ ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշեց նա:
Քննարկումների արդյունքում ձեւակերպվեցին այն առաջարկությունները, որոնք պետք է ներկայացվեն նոյեմբերի 28-30-ը Բրյուսելում կայանալիք ռազմաբժշկական ծառայությունների պետերի հերթական նիստում: Առաջարկությունները վերաբերում են, մասնավորապես` Աֆղանստանի առողջապահական համակարգի, զինված ուժերի բժշկական ծառայության զարգացմանը աջակցելուն եւ բուժանձնակազմի կրթության կազմակերպման ծրագրերին:
Համաժողովի արդյունքում հայկական կողմը համաձայնություն ձեռք բերեց ՀՀ ԶՈՒ բժիշկ սպաներին վերապատրաստելու նպատակով Բուդապեշտի «Բժիշկների կատարելության կենտրոն» գործուղելու շուրջ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ