Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆԸ



ՀԱՐՑ – ՀՀ Ազգային ժողով է ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը:

ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ,
զինվորի հայր, ք.Երևան

ՊԱՏԱՍԽԱՆ – ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծում առաջին անգամ փորձ է արվում զինված ուժերում և այլ զորքերում զինվորական կարգապահական հարաբերությունները կանոնակարգել օրենքի տեսքով: Մինչ այժմ նշված հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ, որում առ այսօր փոփոխություններ չեն կատարվել: Արդյունքում` զինվորական կարգապահական հարաբերություններն արդեն իսկ որոշակի չափով չեն համապատասխանում զինված ուժերի արդի զարգացման պահանջներին, և օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բավարարելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի արդի զարգացման ու իրականացվող պաշտպանական բարեփոխումների պահանջները:

Ի տարբերություն գործող որոշման, օրենքի նախագծում`

1. հստակեցվել են խրախուսանքի և կարգապահական տույժերի տեսակները,

2. համակարգվել են շարքային, ենթասպայական և սպայական կոնկրետ կազմերին տրվող խրախուսանքները և կարգապահական տույժերը,

3. հստակ ամրագրվել է կարգապահական խախտման հասկացությունը, ինչպես նաև կարգապահական խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման պայմանները: Մասնավորապես, կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայողական քննության ենթակա զինծառայողն իրավունք ունի ծառայողական քննության անցկացման ժամանակ ծանոթանալու իր մաuնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, ինչպես նաև մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու քննության նյութերին, ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, oրենքով uահմանված կարգով այն բողոքարկելու:

4. մանրամասնվել և հստակեցվել է խրախուսանքների կիրառման, կարգապահական տույժերի տրման և կարգապահական տույժերի հանման կարգը: Սահմանվել է, որ կարգապահական տույժը տրվում է գրավոր հրամանով, որում պարտադիր նշվում են կարգապահական խախտման էությունը, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը, զինծառայողի մեղքի աստիճանը և կարող են հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ` օրենքով սահմանված կարգով: Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկելու ըստ վերադասության կամ դատարան` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

5. ընդլայնվել է զինծառայողի կողմից իր իրավունքների իրացման հետ կապված դիմումների և բողոքների ներկայացման ընթացակարգը: Մասնավորապես` սահմանվել է, որ զինվորական ծառայության անցման հետ կապված հարցերով զինծառայողն իրավունք ունի զեկուցագիր ներկայացնելու իր անմիջական հրամանատարին (պետին), իսկ հրամանատարի կողմից անիրավաչափ հրաման ստանալու, ինչպես նաև իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու կամ այլ զինծառայողների կողմից անoրինական ու անարդար գործողություններ կատարելու մաuին` վերադաս հրամանատարներին (պետերին): Զեկուցագրում պարտադիր նշվում են առաջարկվող կամ բողոքարկվող հարցի էությունը, այն հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողի տվյալները, որոնց գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում է, ինչպես նաև զեկուցագիր ներկայացնող զինծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, զինվորական կոչումը, բնակության (ուսման) վայրը: Զեկուցագիր ներկայացրած զինծառայողի նկատմամբ անoրինական կամ անարդար գործողություններ կատարած կամ անգործություն թույլ տված հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով նախատեսված պատաuխանատվության, եթե նրա գործողությունները կամ անգործությունը չեն առաջացնում քրեական պատաuխանատվություն: Արգելվում է խոչընդոտել զինծառայողին ներկայացնելու զեկուցագիր, դրա համար նրան պատժել, նսեմացնել նրա պատիվն ու արժանապատվությունը կամ դրսևորել այլ անարդարացի վերաբերմունք, ինչպես նաև ամբողջ ծավալով իրականացնել իր խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանությունը: Զեկուցագրում ներկայացված հարցերը համարվում են լուծված, եթե քննարկվել են ամբողջությամբ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և տրվել է ՀՀ օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող uպառիչ պատաuխան: Զեկուցագրում ներկայացված հարցերի լուծումը մերժելու դեպքում այդ մաuին գրավոր հայտնվում է զեկուցագիր ներկայացրած զինծառայողին` նշելով մերժման պատճառները, մերժման համար հիմք հանդիսացած Հայաuտանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, ինչպեu նաև պարզաբանելով մերժումը բողոքարկելու կարգը:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում երկու անգամ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, դրանց արդյունքում նախագիծը ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ուժերով ուղարկվել է եվրոպական փորձագետների փորձաքննությանը, ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա օրենքի նախագիծը գտնվում է լրամշակման փուլում: Նախատեսվում է օրենքի նախագծի լրամշակված տարբերակի քննարկման և ընդունման գործընթացն իրականացնել ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում:

ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ,փոխգնդապետ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Սոցիալ-իրավական


19/10/2011