Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՈՒՄ



«Եթե հրամանատարն ուզում է բարձր մարտական ոգի եւ կարգապահություն ապահովել իրեն ենթակա զորամասում կամ ստորաբաժանումում, պետք է իր ենթականերին խրախուսելիս և պատժելիս սրբորեն պահպանի արդարության սկզբունքը»:

Զինվորական կոլեկտիվներում փոխհարաբերությունները լավ պատկերացնելու համար պետք է իմանալ նրա կառուցվածքն ու զարգացման փուլերը։ Սովորաբար ընդունված է տարբերակել սկզբնական (ջոկ, դասակ, վաշտ եւ համազոր ստորաբաժանումներ), միջին կամ ավագ (գումարտակ, դիվիզիոն եւ համազորներ) եւ բարձր (զորամաս, շտաբ, վարչություն, ծառայություն եւ դրանց համազորները) կոլեկտիվներ։ Համերաշխ խումբ դառնալու համար զինվորականներն անցնում են կազմավորման, զարգացման եւ հասունության փուլեր։ Հասունության փուլը ձևավորվում է երկու ուսումնական փուլերի արդյունքում։

Միանգամայն հասկանալի է, որ զինվորների միջեւ փոխհարաբերություններում հաճախ են նկատվում գործողությունների անհամաձայնություն, հակասություններ, ոչ բավարար չափով լուծված պրոբլեմներ, որոնք բնական են եւ կապված են սուր հուզական ապրումների, բարոյահոգեբանական մթնոլորտի լարվածության, բնագավառի վերաբերյալ անտեղյակության կամ թերի պատկերացումների հետ։ Ժամանակակից մարտավարության, տեխնիկայի, սպառազինության օգտագործումը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա ամուր, կուռ կոլեկտիվ, որտեղ յուրաքանչյուրը կատարում է իր պարտականությունները։ Փորձը ցույց է տալիս, որ զինկոլեկտիվներում հաճախակի ծագող կոնֆլիկտները, գժտությունները անմիջականորեն կապված են միջավայրում կատարվող իրադարձությունների հետ։ Կոնֆլիկտի ծագումը եւ հասունացումը հաճախ թաքնված է, բայց փորձառու հրամանատարի համար` նկատելի։

Զինծառայության ընթացքում ծագող կոնֆլիկտները լինում են` ներանձնային, միջանձնային, անձնախմբային և միջխմբային: Ներանձնային կոնֆլիկտն առաջանում է, երբ զինծառայողը հանգամանքների բերումով բախվում է ներքին հակասության, եւ սկսվում են ներքին տառապանքը, տանջալից ապրումները, ընտրություն կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված ծանր մտորումները: Միջանձնային կոնֆլիկտի դեպքում երկու կողմերն էլ ձգտում են հասնել նույն նպատակին, մինչդեռ դրան կարող է հասնել միայն մեկը: Անձնախմբային կոնֆլիկտը ծագում է անձի և նույն զորակոչի, մասնագիտության, ծննդավայրի, տարածաշրջանի զինծառայողներից բաղկացած խմբի միջև, երբ վերջիններս փորձում են ձեռք բերել արտոնություններ կամ համբավ, իրենց պարտականությունների կատարումը բարդում են նորակոչիկներին, նսեմացնում նրանց: Միջխմբային կոնֆլիկտներն առաջանում են զինծառայողների` ըստ մասնագիտության, բնակավայրի կամ այլ կերպ ձևավորված խմբերի միջև, ինչի նախադրյալը ցածր կարգապահությունն է, վերահսկողության եւ դաստիարակչական աշխատանքների բարձիթողի վիճակը։

Հայոց ազգային բանակում զինծառայողներին համախմբելու, բարոյական բարձր արժեքներով նրանց դաստիարակելու արդյունավետ և հիմնական միջոցը նաեւ քրիստոնեական հավատի պատվիրաններով առաջնորդելն է։

Զորամասերում ի հայտ եկած կոնֆլիկտների պատճառները բաժանվում են երեք խմբի.

-սոցիալ-հոգեբանական` անկումային տրամադրություն, անտարբերություն, մշակութային կյանքից կտրված լինել,

-բարոյավարքային` հրամկազմի անձնական օրինակի բացակայություն, զինվորական փորձի պակաս, «Ծառայիր այնպես, ինչպես ես եմ ծառայում» կարգախոսին չհետևել,

-կազմակերպչական` հրամկազմի, պետերի ղեկավարման ցածր մակարդակ, ձեւականություն, թերացումների կոծկում, արդյունքների ոչ օբյեկտիվ գնահատական։

Զորամասերում կոնֆլիկտների զգալի մասի պատճառը անարդարության աղաղակող դրսևորումներն են։ Եթե արդարությունը ծնում է հայրենասիրություն, անսահման նվիրում, ապա անարդարությունը, ընդհակառակը, ծնում է ատելություն, ագրեսիա, վրեժխնդրություն` զինծառայողին մղելով հակաօրինական քայլերի։

Բանակում կոնֆլիկտները հնարավոր չէ կանխարգելել` առանց զինվորական կարգապահության վիճակը պարբերաբար վերլուծելու, բարոյահոգեբանական մթնոլորտը ճիշտ գնահատելու եւ դասեր քաղելու: Հրամանատարներն ու պետերը պետք է հիմնավորեն թե՛ խրախուսանքները եւ թե՛ պատիժները, պետք է վարակիչ լինի լավ օրինակը, առանց որի զորամասում եւ ստորաբաժանումներում կյանքը դառնում է անհետաքրքիր։

Գլխավոր ռազմական տեսչության նախկին տեսուչի իմ պրակտիկայում պատահել է, որ տեսչական ստուգումների ժամանակ զորամասի հրամանատարի տարվա ամփոփիչ հրամանի համաձայն ոչ մի սպա խրախուսման չի արժանացել, ինչը վկայում է աշխատանքի ձեւականությունը։

Զորամասում առողջ մթնոլորտի և բարձր կարգապահության ձևավորման գրավականը մարտական պատրաստության արդյունավետ գործընթացի կազմակերպումն է եւ դրա օբյեկտիվ գնահատականը։ Զորամասերում եւ ստորաբաժանումներում կոնֆլիկտների կանխարգելմանը եւ առողջ մթնոլորտի ապահովմանն է ծառայում զինծառայողների դաստիարակության ընդունված սկզբունքը, ըստ որի.

-շարքայինների հետ աշխատանք են տանում սերժանտները եւ ավագները,

-սերժանտների եւ ավագների հետ` դասակի, վաշտի հրամանատարները,

-վաշտերի հրամանատարների, ծառայությունների պետերի հետ` զորամասի հրամանատարի տեղակալները, իսկ

-վերջիններիս հետ` զորամասի հրամանատարները։

Գոյություն ունեն նաեւ այլ սկզբունքներ, բայց կարեւորն այն է, որ անհատական դաստիարակությունը, որպես արժեքավոր մեթոդ, կիրառվի։ Ահա իմ պրակտիկայում տեղ գտած դրական օրինակ. երբ հրամանատարներից մեկին ներկայացրել էին զինվորին արձակուրդ տալու զեկուցագիրը, նա պահանջել էր ներկայացնել նաեւ զինվորի խրախուսման եւ պատժի անհատական քարտը: Համոզվելով, որ զինվորը խրախուսվել է նաև ջոկի հրամանատարի կողմից, հրամանատարը ստորագրել էր արձակուրդի հրամանը։

Չպետք է մոռանալ, որ անձնակազմն ամեն ինչ տեսնում է եւ ամեն ինչին իր գնահատականն է տալիս, և եթե հրամանատարն ուզում է բարձր մարտական ոգի եւ կարգապահություն ապահովել իրեն ենթակա զորամասում կամ ստորաբաժանումում, պետք է իր ենթականերին խրախուսելիս և պատժելիս սրբորեն պահպանի արդարության սկզբունքը:

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Ազգային բանակ


19/10/2011