Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ



Հարգելի ընթերցող, մի պահ հայացքդ կանգնեցրու այս լուսանկարից քեզ նայող տղաների վրա։ Նրանց մեջ գուցե ճանաչես, գտնես ընկերոջդ, եղբորդ, որդուդ։ Այո՛, այդ նրանք են հայկյան «լայնալիճ աղեղներով», զենք-զրահով, երկաթակուռ բազուկներով եւ արծվենի հայացքներով հսկում մեր երկրի սահմանները։

Այո՛, այդ նրանք են երկնահաս լեռների ժայռաբաշ բարձունքներից զօր ու գիշեր հսկում Հայաստան աշխարհի արեւածագն ու մայրամուտը։ Այո՛, այդ նրանք են՝ Հայկ Նահապետի, Առյուծ Մհերի, Սասունցի Դավթի հերոս ժառանգները, հայոց հաղթական բանակի քաջարի զինվորները։

Լուսանկարում պատկերված տղաներին հանդիպեցինք զորամասի հրաձգարան-վարժարաններից մեկում, որտեղ զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ա. Սարգսյանը եւ փոխգնդապետ Գ. Մխիթարյանը նրանց ցուցաբերում էին գործնական ու մեթոդական օգնություն կրակային պատրաստության գործնական պարապմունքների ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։ Գումարտակը նախապատրաստական է, եւ այստեղ նոր զորակոչվածները ստանում են նեղ մասնագիտական պատրաստություն, ձեռք բերում հմտություններ՝ հետագայում նույն զորամասում զբաղեցնելով համապատասխան հաստիքներ։

-Հետեւողականորեն իրականացնում ենք ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր պարապմունքները, անգամ եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտ չեն կարող լինել գործնական պարապմունքներ անցկացնելու համար,- վստահեցնում է գումարտակի փորձառու հրամանատարը։

Անցած ուսումնական փուլի արդյունքներով գումարտակը զորամիավորումում ճանաչվել է լավագույններից մեկը։ Այստեղ բոլորն էլ վճռական են` հաջողությամբ կատարելու նաեւ ամառային-աշնանային ուսումնական փուլի ծրագրերը։ Գումարտակի սպաներն ունեն բարձր մասնագիտական հմտություն, աչքի են ընկնում առաջադրանքների կատարման բարձր պատասխանատվությամբ ու ծառայական կարգապահությամբ։

-Ամեն ինչ անում ենք, որ հեռավոր լեռներում ծվարած այս զորամասում զինվորների առօրյան անցնի հետաքրքիր ու բովանդակալից,- ասաց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Վ. Հարությունյանը։

-Խրախուսանքի ի՞նչ ձեւեր եք կիրառում զինվորներին ոգեւորելու համար,- հարցնում եմ։

-Բոլոր ընդունված ձեւերը՝ սկսած ծնողներին հասցեագրվող շնորհակալական նամակով, վերջացրած արձակուրդով,- վստահեցնում է փոխգնդապետը։

♦♦♦

Զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ա. Սարգսյանի հրամանով եւ աչալուրջ հսկողության ներքո վաշտի անձնակազմը մտցվեց մարտական իրադրության մեջ, նշվեցին ուսումնական տեղերը, նշանակվեցին ղեկավարները, անձնակազմը ներգրավվեց կրակային պատրաստության, նռնականետների օպտիկական նշանոցների նշանափորձման եւ մարտական վիճակի բերման գործընթացում։ Նռնականետորդների խմբի հետ պարապմունքներն անցկացրեց գումարտակի հրամանատարը։

-Նռնականետը նախ հարկավոր է անշարժացնել, ապա հատուկ սարքի միջոցով այն նշանափորձի կամ նշանազարկի բերել, որի կատարման երկու տարբերակ գոյություն ունի. առաջին՝ հեռավոր կետի միջոցով եւ երկրորդ՝ հրաձգարանում նռնականետի ստուգիչ թիրախի միջոցով։ Նռնականետը ջոկի ամենալավ զենքն է,- զինվորներին բացատրում է գումարտակի հրամանատարը։

Այնուհետեւ գնդապետ Ա. Սարգսյանը ստուգեց նռնականետորդներից մի քանիսի գիտելիքները։

Հեռավորությունը՝ 800 մ, ջերմաստիճանը կրակելու պահին՝ -20C։ Հրազդանից զորակոչված շարքային Մայիս Մանասյանի առջեւ խնդիր դրվեց որոշել, թե նշանոցի թիվը որ բաժանքի վրա պետք է դնել։ ՀՊՏՀ Մարկետինգի եւ բիզնեսի կազմակերպում ֆակուլտետի շրջանավարտը փայլուն լուծեց խնդիրը՝ արժանանալով գնդապետի գովասանքին։ Այս զորամասում է ծառայում նաեւ Մայիսի կրտսեր եղբայրը՝ Գոռը, որը վաշտի թերթի խմբագիրներից է, մասնագիտությամբ նկարիչ, որի ձեռքի աշխատանքներով է ձեւավորվում 2-րդ հրաձգային վաշտի պատի թերթը։ Նա սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում։
Երկրորդ խնդիրն առաջադրվեց շարքային Էդգար Հովհաննիսյանին, այն է՝ ծովի մակերեւույթից 2010 մ բարձրության եւ 900 մ հեռավորության վրա որոշել նշանոցի հաշվարկը, ինչն Էդգարը կատարեց վարժ ու արագ՝ նույնպես արժանանալով «լավ» գնահատականի։ Էդգարը ծնունդով Մեղրիից է, սովորում է ԵՊԲՀ-ի ատամնաբուժական ֆակուլտետի երրորդ կուրսում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ալբերտը, որ զորակոչվել է ՀՊՏՀ-ի Մարկետինգի եւ բիզնեսի կազմակերպում ֆակուլտետի 2-րդ կուրսից, նույնպես ծառայում է այս զորամասում։ Ալբերտը 1-ին կարգի շախմատիստ է։

♦♦♦

Հրաձգարանի մի այլ հատվածում ավտոմատից եւ գնդացրից երկրորդ ստուգողական հրաձգություն վարժությունն է կատարում ավագ լեյտենանտ Սերգեյ Հովսեփյանի հրամանատարությամբ գործող վաշտը։ Մեկնարկում վաշտի հրամանատարն ու վարորդ շարքային Արամ Ղազարյանն են, որին փոխգնդապետ Գ. Մխիթարյանը ցույց է տալիս ճիշտ նշանառման, նշանակետերի արագ հայտնաբերման եւ հեռավորության որոշման կարգը։ Նրանք երկուսն էլ պառկած, ծնկած, կանգնած դիրքերից դիպուկ խոցեցին մեջընդմեջ հայտնվող շարժական նշանակետերը։ Վաշտի զինվորների գործնական հրաձգության կազմակերպման ու անցկացման, օգնության ցուցաբերման եւ վերահսկողության աշխատանքներին ակնդետ հետեւում էր գնդապետ Ա. Սարգսյանը, որն իր խորհուրդներով ու գոտեպնդող խոսքերով մշտապես ոգեւորում էր զինվորներին։

Ավտոմատից եւ գնդացրից կատարած ստուգողական հրաձգությունից գերազանց գնահատականներ ստացան ՊԿ գնդացրորդներ շարքայիններ Մարատ Հովհաննիսյանը, Հարություն Բաղբուդարյանը, Վահան Վահանյանը, գնդացրորդներ շարքայիններ Մ.Մելիքյանը, Մ. Վարդանյանը, Դ. Համբարձումյանը, հրաձիգներ շարքայիններ Հ. Մկրտչյանը, Ռ. Երիցյանը, նռնականետորդներ շարքայիններ Գ. Մանուկյանը, Ա. Սարգսյանը, Հ. Ասուբովը եւ Ա. Մելքոնյանը։

Զորավարժարանում իրենց առջեւ դրված մարտական խնդիրները գերազանց կատարեցին ավագ լեյտենանտներ Մարտիրոսյանի եւ Հովհաննիսյանի դասակները, որոնք խրամատավորվելով, կատարեցին հակառակորդի առաջին փուլի կրակային խոցումը, այնուհետեւ՝ հարձակվելով պաշտպանվող հակառակորդի վրա, գրավեցին նրա առաջնագիծը՝ խրամատում ոչնչացնելով ջոկի դիրքը, ապա, հետապնդելով նահանջող հակառակորդին, մարտական կրակ բացեցին։

Կեսօրին եղանք նաեւ հրաձգարանում, որտեղ «Դասակը լեռներում հարձակվելիս» թեմայով գործնական պարապմունք էր անցկացնում փոխգնդապետ Թեւոս Դավթյանի հրամանատարությամբ գործող գումարտակը։

♦♦♦

Ուսումնական պլանի համաձայն` կեսօրին յուրաքանչյուր վաշտից մեկական դասակ անցկացրեց մարտական հրաձգություն։ Նախ՝ մարտական իրադրության մեջ մտցվեցին անձնակազմերը։ Վաշտերի հրամանատարները դասակի հրամանատարներին տեղանքում առաջադրեցին մարտական խնդիրները, որից հետո նրանք սկսեցին մարտի կազմակերպման աշխատանքները։ Դիրքերը նախապատրաստելուց հետո անձնակազմերը դիրքավորվեցին եւ մարտական հրաձգության ներդաշնակման պլանի համաձայն ձեռնամուխ եղան թեմայի նորմատիվների կատարմանը։ Նշված ժամին դասակի հրամանատարը ջոկի հրամանատարներին հրաման տվեց եւ անձամբ վերահսկեց առաջադրանքի կատարումը։ Պարապմունքի ղեկավարի ցուցումով սկսվեց թիրախների ցուցադրումը, ապա եւ մարտական հրաձգության փուլը, որի ընթացքում աչքի ընկավ եւ գերազանց գնահատականի արժանացավ ավագ լեյտենանտ Մ. Հովհաննիսյանի դասակը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/10/2011