Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԾՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ



ԱՐԾՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸԳարնանային մայրամուտին` 1991թ. ապրիլի 7-ին, երկնքի մուգ կապույտից մի փոքրիկ լույս իջավ Ճոճկանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խաչին ու տարածվեց գյուղով մեկ: Ֆրունզիկ և Անահիտ Խուդինյանների ընտանիքում լսվեց առաջնեկ որդու մանկական ճիչը, որ բնավ էլ լաց չհիշեցրեց, ասես ողջույնի կանչ լիներ: Մայրության և գեղեցկության տոնին Տերը կարծես նվեր ուղարկեց տիկին Անահիտին: Որդու ծնունդը մեծ բերկրանք լցրեց Խուդինյանների օջախը…
Ֆրունզիկն ու Անահիտն աշխատում էին Ճոճկանի դպրոցում: Մաթեմատիկա դասավանդող Անահիտը նաև հրաշալի հրաձիգ է և որդիներին` Գոռին և Գարիկին պատանեկան հասակում սովորեցրեց հրազենից կրակել: Գոռը շատ էր տարբերվում տարեկիցներից. որքան էլ բնությունն ու ընթերցանությունը, ազգագրական երգերը սիրելի էին տղայի մանկական հոգուն, նա ձգտում էր մարտարվեստին և զինվորական կյանքին: Գոռը դպրոցն ավարտելու հետ արդեն տիրապետում էր կարատե և քիքբոքսինգ մարտարվեստների հնարքներին: Նա տասնվեց տարեկանում ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Վաղուց էր ընտրել իր կյանքի ուղին և հաստատակամ առաջ էր ընթանում: …Գերազանցության դիպլոմն իրավունք էր տալիս ծառայության անցնելու ցանկացած զորամասում: Ու Գոռն ընտրեց սահմանային ծառայությունը:
«Տաք առանձնասենյակն ու ասֆալտը իմը չեն, իմը երկնքին հասնող լեռներն ու կիրճերն են, անտառներն ու սահմանն է: Վերջում Ճոճկան եմ վերադառնալու: Ես առանց գյուղի չեմ կարող ապրել»:
…Որքան էլ ատելի է թշնամու լեզուն, նույնքան էլ օգտակար է այն իմանալ: Նա միշտ փայլուն էր կատարում ցանկացած առաջադրանք: Տևական բացակայությունից հետո կարոտած էր վերադառնում զորամաս` իր ԿԽՏԱՐԱՇԵՆԸ: Ամեն մի հայ հերոս սարսափն է թուրքի:
«Թուրքի գյուլլեն ինձ չի դիպչի, ինձ համար մի՛ անհանգստացիր, մա՛»:
Հաճախ էր կրկնում. «Ուս ուսի պետք է պահենք էս պոստերը, որ հակառակորդը չկարողանա իր նպատակին հասնել: Եթե էս պոստերը անառիկ պահենք, մեր տունն ու հայրենիքն էլ անառիկ կմնան»: Անչափ ուշադիր էր զինվորի նկատմամբ.
«Մի՛ տխրեք, տղե՛րք, իմ զինվորը հպարտ և զգոն պետք է լինի»:
«Ո՞ւմ ես կարոտել, մայրիկի՞դ, սիրածդ աղջկա՞ն: Վերցրու հեռախոսս, գնա՛, խոսի՛ր և խաղաղված եկ»:
…Ճոճկանը ՀԵՐՈՍԱՄԱՅՐ է հիմա ու այլ հայացքով է նայում աշխարհին: Երկնքում իր անհաղթ թևերն է տարածել Արծիվը: Նա իջնում է ներքև, սուր հայացքով հսկում է տարածքն ու ամենքին, հետո բարձրանո՜ւմ-բարձրանո՜ւմ է վեր, դառնում է մի կետ: Հեռացա՛վ, մտածում եմ: Ո՛չ, ո՞ւր պետք է հեռանա: Ահա՜, կրկին վերադարձավ. հավերժների՛ց: Աչքս չեմ կտրում երկնքից: Ինձ դյութել է Արծվի ճախրը: Թևերը տարածած մոտենում, փարվում է գյուղին, հետո սուրալով անհետանում է, որ վերադառնա…
Օրն իր տոնական հանդերձն է հագել: Ճոճկանը ՀՀ անկախության տոնի հետ մեկտեղ, բազմաթիվ հյուրերի, ընկերների, համագյուղացիների ներկայությամբ, մեծ շուքով նշում է իր հերոս որդու` Արծիվ Գոռի վերադարձը: Ճոճկան համայնքի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Գոռ Խուդինյանի անունով: Արծիվը կրկին իջնում է, այնքան մոտ, որ իրեն լսելի լինի ամենասիրած ուսուցչուհու` Վեներա Վարդումյանի խոսքը.
«Կապիտան Գոռ Խուդինյանը` մեր Արծիվ Գոռը, մեր սիրելի աշակերտն ու զինվորը, որ հավերժինն է ու հավիտյան մերը, մեր լեռներինն ու ձորերինը, հայրենի հողի Տիրոջ ու Պաշտպանի սրբացած իրավունքով վերադարձավ իր հայրենի դպրոց` որպես պատվանուն, որպես ուղեցույց և հայրենականչ: Հերոսացումն, ավա՜ղ, գին ունի, ջահել կյանքի գին, ու ապրածն է դառնում լուսաշաղախ առասպել: Հավերժի լույսերի մեջ փա՜ռք ու խնկարկում հերոսներին…»:
Գոռի մայրն էլի մտովի զրուցում է որդու հետ. «Ամեն պահ զգում եմ քո անտես ներկայությունը, շունչը: Դու իմ աչքերում ես, իմ սրտում…»:
«Ների՛ր ինձ, մա՜յր, սիրում եմ բոլորիդ: Ինձ ճիշտ հասկացիր, իմ կյանքի գինն իմ զինակից ընկերների փրկությունն է, իմ հայրենիքի պաշտպանությունն է, թշնամու ոչնչացումն է»:
…Ուշ գիշերը թշնամին ուժեղ հրետակոծությամբ փորձեց կրկին առաջ սողալ: Հենակետում յոթ զինվորներն էին ու կապիտան Գոռը: Նա հրամայեց զինվորներին մնալ դիրքերում և մենակ ընդունեց մարտը: Մեծ տրամաչափի գնդացրով կասեցրեց թշնամու ներխուժումը, բայց թշնամու մի վերջին գնդակ…
«Ես մենակ ընտրեցի իմ ճանապարհը, մա՛, մենակ կռվի բռնվեցի, ոչնչացրի սահմանախախտներին: Գիտեի, որ սա իմ վերջին կռիվն է: Տե՛ս, մա՛, ես մենակ գնացի, բայց վերադարձա հազարացած…Հիմա բոլորի սրտերում եմ, հիմա ամենքինն եմ…»:
ԱՐԾՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ«Ես երբեք չհասցրի առաջինը շնորհավորել քո ծնունդը, տղա՜ս, դու ինձանից առաջ իմ տոնն էիր շնորհավորում: Փորձեցի մի անգամ առաջինը ես զանգեմ քեզ: Հեռախոսի մեջ կրակոցի ձայներ լսվեցին, անհանգստացա: «Ամեն ինչ լավ է, մա՛, գիտեն, որ ծննդյանս օրն է` տղաները հրավառություն են անում: Լարվածություն չկա, սուտ լուրեր են, մի՛ հավատա, նույնիսկ հեռուստացույց մի՛ նայիր»:
Փետրվարի 21-ին զանգեց.
«Մա՛, աղջկաս նկարներից ուղարկիր, կարոտել եմ երեխայիս»:
«Դու էլ իմ երեխան ես, դու էլ քո նկարն ուղարկիր: Ես էլ քեզ եմ կարոտել»:
Ուղարկեց` Մռավ լեռն էր միայն:
«Բա դու որտե՞ղ ես, ես քեզ եմ ուզում տեսնել»:
«Մա՜, ես այս լեռան վրա եմ, գտի՛ր ինձ»:
Մռա՜վ լեռը…Մռավի լեռնաշղթան զարդարում է Արցախի հիասքանչ բնությունը, Կուրի միջին հոսանքի աջակողմյան վտակների և Թարթառի ջրբաժանն է և, ավա՜ղ, սահման: Բազմաթիվ կռիվներ, անհաղթ հերոսներ տեսած լեռն անվանում են նաև Արիության լեռ: Մարտական գործողությունների մասնակցությունը գաղտնի պետք է պահեր. այն իրենն էր և բանակինը: Միայն Մռավ լեռը գիտի Արծիվ Գոռի բոլոր սխրանքները, բայց նա այդ մասին լռում է լեռնաբար: Իսկ ստացած պարգևները, շքանշաններն ու մեդալները հուշում են…
Երեքամյա դուստրը՝ Անահիտը, Լուսինեի և Գոռի աղջնակը, ընդամենը վեց ամսական էր և երեք անգամ էր տեսել հայրիկին: Հիմա իր հերոս հոր գլխարկն է կրում և հրեշտակի անմեղությամբ հպարտանում է իր հորով.
«Պա՛պ ջան, դու գիտե՞ս, որ ես պետք է սովորեմ Գոռ Խուդինյանի անվան դպրոցում, քո՛ անվան դպրոցում: Պատի՛վ ունեմ, պա՛պ»:

ՀՐԱՆՈՒՇ
ք. Գյումրի

Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


17/10/2019