Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԴեպի երկինք սուրացող ռազմական ինքնաթիռների սլացքն ու գերհզոր շարժիչների ձայնը փոքրուց գերել են Ռազմիկին: Ավիացիոն զորամասի հարևանությամբ հասակ առած տղան դեռ վաղ տարիքում վճռել էր՝ պետք է դառնա զինվորական, լավագույնն իր ասպարեզում, ամենահմուտն ու արհեստավարժը: «Երազանքս կատարվեց. դարձա զինվորական՝ ընտրելով տանկիստի մասնագիտությունը»,- ասում է երրորդ տարին անընդմեջ զորամիավորման լավագույն տանկային վաշտի կոչմանն արժանացած ստորաբաժանման  հրամանատար, կապիտան Ռազմիկ Բաղդասարյանը:

…Բաղձալի երազանքն իրականացնելու նպատակով Ռազմիկն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  համալսարան, օր օրի է՛լ ավելի սիրեց տանկն ու ամբողջ էությամբ զգաց դրա հզորությունը: Ասում է. «Գերագույն հաճույք է հրասայլը կառավարելը: Զգում ես, թե ինչպես ես կարողանում ուղղորդել, սանձել քո մարմնի չափսերը բազմիցս գերազանցող՝ 41 տոննա կշռող երկաթե նժույգը»:

Երիտասարդ կապիտանը խոստովանում է՝ ինչպես հրետանավորի, այնպես էլ տանկիստի համար ամենատպավորիչն ու հիշարժանը առաջին ինքնուրույն մարտական կրակն է: Դրանից հետո է, որ տանկը դադարում է անշունչ մետաղի զանգված լինելուց, կյանք է առնում, դառնում մարտական լիիրավ ընկեր: «Երբ առաջին անգամ պիտի վարեի տանկը,- ասում է Ռազմիկը,- անասելի ոգևորություն ու հուզմունք էի զգում ու նաև՝ մի փոքր վախ, անհանգստություն, որը, սակայն, հաղթահարեցինք ու կատարեցինք մեր կյանքի առաջին կրակոցը. ստացա «լավ» գնահատական: Երբ կատարում ես կրակոցը և տեսնում ես քո խոցած նշանակետը, անմիջապես պատկերացնում ես, թե հակառակորդիդ վնասազերծեցիր»:

Լավագույնի կոչմանն արժանացած վաշտի հրամանատարը բարձր արդյունքների հասնելն այսպես է բացատրում. «Հաջողության գրավականն ու միակ բանալին ենթակա անձնակազմի շրջանում մրցակցության առողջ մթնոլորտի ստեղծումն է: Գաղտնիքն այն է, որ պետք է ջանք ու եռանդ չխնայես: Առավոտից երեկո պետք է անձնակազմի յուրաքանչյուր անդամի  պատրաստես իր մասնագիտությանը՝ մեխանիկին, հրամանատարին, նշանառուին: Նրանցից յուրաքանչյուրն իր կարևոր դերակատարումն ունի, և նրանց համատեղ աշխատանքով է պայմանավորված վերջնական արդյունքը: Ուստի, ամեն մեկի հետ առանձին-առանձին պետք է մշակել մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները»:

Բաղձալի արդյունքի հասնելու և լավագույն վաշտի կոչումը վերահաստատելու  նպատակով ստորաբաժանման զինծառայողները ամսվա մեջ մեկ շաբաթ մեքենավարման պարապմունքներ են անցկացնում զորավարժարանում, մեկը մյուսի ետևից խոցում ուսումնական թիրախները:

Ենթակա զինծառայողներով, նրանց հմտություններով ու ուսանածը անվերջ կատարելագործելու պատրաստակամությամբ անթաքույց հպարտացող լավագույն տանկային վաշտի հրամանատարն ընդգծում է. իր համար պատիվ է լինել հայրենիքի ու համաքաղաքացիների պաշտպանը:  Դրա համար, սակայն, հարկ է երբեք չբավարարվել ձեռք բերած հաջողություններով, պետք է անընդհատ կատարելագործվել, ձգտել ու նվաճել նորանոր բարձունքներ:

«Բավական չէ լավագույնի կոչմանն արժանանալը,- ընդգծում է կապիտան Բաղդասարյանը,- միշտ էլ լինում են փոքրիկ բացթողումներ, որոնք պետք է վերացնել: Չէ՞ որ ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ծառայության շնորհիվ է, որ ապահովվում է մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը»:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Ազգային բանակ


17/10/2019