Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՎՈՐ ՍՅՈՒՆԵՐ, ՀԱՎԱՏՈ ՏԱՆԻՔ



ՀՈԳԵՎՈՐ ՍՅՈՒՆԵՐ, ՀԱՎԱՏՈ ՏԱՆԻՔՇուրջս եմ նայում. աշնանային պտղառատ այգիների մեջ է թաքնված Խաչիկը: Իրիկնային այս ժամին այնքա՜ն խաղաղ ու հանգիստ է շնչում սահմանապահ գյուղը:

-Սա մեր զորամասի այգին է,- ասում է տեր Հովհաննեսն ու ինձ ուղեկցում հզոր արմատներ ձգած թթենու մոտ: Մինչև դիրքեր մեկնելը հենց այստեղ` թթենու ստվերում դրված կոճղերին էլ տեղավորվում ենք զրուցելու:

Ով թեկուզ մի անգամ առիթ է ունեցել շփվելու Խաչիկի հոգևոր սպասավոր, սահմանապահ զորամասի գնդերեց տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի հետ,  կվկայի, որ հնարավոր չէ նրա հանդեպ չհամակվել այն նույն հարազատության ու մարդկային ջերմ զգացողություններով, որ փոխանցվել են ինձ մեր առաջին իսկ հանդիպման պահին:

Ծնունդով Վայոց ձորի մարզի Հորս գյուղից է տեր Հովհաննեսը: Պապերը 1921 թվականին այստեղ են եկել Նախիջևանի Մեծոփ գյուղից: Այնպես որ, նա իր հոգևոր սպասավորությունը հենց այս վայրում պատահական չի համարում:

-Այստեղ, ահա, իմ պապենական հարազատ վայրերը անընդհատ աչքիս առջև են,- ասում է տեր Հովհաննեսը: Ծառայության անցնելուց հետո նրա ամենահետաքրքրական հայտնաբերումներից է եղել այն, որ իր պապերից մեկը` վարպետ Բադամը, 1888 թվականին նորոգել է Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հոգևոր սպասավորն է այժմ ինքը:

…Երբ Վեհափառ հայրապետը 2011թ. տարեմուտի առիթով այցելել է Խաչիկ` շնորհավորանք ուղղելու սահմանապահներին, գյուղացիները խնդրել են նրա աջակցությունը, որ գյուղը հոգևոր սպասավոր ունենա: «Ես երկրորդ հոգևորականն էի, որ այս դիմում-խնդրանքից հետո ուղարկվեցի Խաչիկ և սահմանապահ զորամաս` որպես գնդերեց: Անմիջապես սիրեցի այս գյուղը: Այստեղ շատ ավանդապահ են, ազնիվ, մաքուր հավատքով լի: Սրա շնորհիվ է, որ հնարավոր եղավ  եկեղեցու շուրջ համայնքի արագ ու ինքնաբուխ համախմբումը:

Որոշ ժամանակ անց, երբ ամուսնացավ, և ընտանիքում ծնվեց առաջնեկը` Միքայելը, քահանայական ձեռնադրության պահն էր հասունացել: Վեհափառ հայրապետը նշանակումներ էր անում` ով որ համայնքում ծառայություն կիրականացնի:

-Ներքին ձայնս ասում էր, որ հենց Խաչիկում կնշանակվեմ. այդպես էլ եղավ: Անակնկալի չեկա, ուրախությանս չափ ու սահման չկար:- Տեր Հովհաննեսն այս բառերը հատուկ  հնչերանգով է արտաբերում, մանկական անկեղծ ուրախությունը լուսավորում է դեմքը:- Երբ Խաչիկի բնակիչներն իմացան նշանակմանս մասին, սկսվեց զանգերի տարափը` շնորհավորում էին, ուրախանում ինձ հետ… Համայնքում նախ հոգևոր շինարարությունն էր կարևոր. հավատքի սյուները, հոգևոր տանիքն ենք ամրացրել: Դրանից հետո արդեն ֆիզիկական շինարարությունը հեշտ իրականանալի է,- ասում է տեր հայրը: Երկար թվարկում է բոլոր նրանց, ում օգնությամբ ու աջակցությամբ հնարավոր է դառնում այս ամենը: Ի վերջո, «թվարկվեց» ամբողջ համայնքը և զորամասը:- Այս մթնոլորտն է օգնում բոլորիս, որ շարունակենք ոչ միայն մնալ մեր հողի վրա, այլև չլճանալ, ինքնազարգացման ուղիով ընթանալ: Երբ, օրինակ, ուզում էինք եկեղեցին նորոգել և հաշվեհամար բացեցինք, կարճ ժամանակ անց մեր գյուղացիների ջանքերով անհրաժեշտ գումարը հայթայթվեց: Աշխատանքներն արդեն սկսված են, և երկու ամիս անց մենք կտեսնենք մեր եկեղեցին` լիարժեք նորոգված` իր գմբեթով, խաչով, զանգով… Տեղանքի առումով Խաչիկն ավելի  բարձրադիր է, հոգևոր առումով էլ գերիշխող պետք է լինի: Հետաքրքիր մի բան ենք նկատել մեր համայքով. ինչ երազում ենք` ունենում ենք. դեռ չբախած` արդեն բացվում է դուռը: Սա հրաշք է, որը վայելել ու այդ ամենի մեջ ապրել է պետք… Պատերազմին պատրաստվելու համար պետք է օգտագործենք խաղաղությունը: Համայնքով սկսած, մինչև սահմանին, դիրքում կանգնած տղաները` մենք ընդհանուր, ազգային հարց ենք լուծում:

ՀՈԳԵՎՈՐ ՍՅՈՒՆԵՐ, ՀԱՎԱՏՈ ՏԱՆԻՔՀամայնքն այսօր շնչում է ներդաշնակ՝ որպես կուռ ու առողջ օրգանիզմ: Ամենակարևորը` գյուղում գիտեն` եթե Տեր Հովհաննեսը հնչեցնում է եկեղեցու զանգերը, ուրեմն մի կարևոր բան կա. ինչով էլ զբաղված լինեն այդ պահին` շտապում են եկեղեցի:

Զինվորականի հետ զինվորական, գյուղացու հետ` մշակ, պայմանագրայինի երեխաների հետ` երեխա. այսպիսին է տեր Հովհաննեսը. ու թերևս սա է պատճառը, որ թվում է՝ նա ամենուր է: Գյուղի երեխաները տարբեր ռազմահայրենասիրական, մշակութային խմբակներ են այցելում, որոնց զգալի մասն էլի տեր հայրն է ղեկավարում:

-Իսկական ու անկեղծ երազողները երեխաներն են. նրանցից է պետք սովորել: Նրանց ապրելակերպը մեզ համար հզոր ուղերձ է: Նրանք մեզ անկեղծություն են սովորեցնում: Մեր երեխաները հոգով ու էությամբ սահմանապահ են: Իրենց դպրոցի պատուհաններից ամեն օր տեսնում են հակառակորդի մարտական հենակետերը, զորավարժարանը… Բոլորովին կարիք չկա նրանց բացատրելու, թե ինչ է պատերազմը, սահման պահելը,- ասում է տեր Հովհաննեսը:- Եվ, փառք Աստծո, չեն մտածում գյուղը լքելու մասին, ասում են. «Ստեղա լավ տեղ ե՞նք գնալու:

-Դուք նաև զորամասի գնդերեցն եք: Ի՞նչ կարևոր առաքելություն ունի այս ծառայությունը:

-Սա պետք է լինի մաքուր, անկեղծ, արդար մի օղակ,- ասում է տեր Հովհաննեսը,- զինվորականները, գնդերեցների օգնությամբ պետք է գիտակցեն, որ այն ամենն, ինչ ունենք, Աստծուց է: Հայոց բանակի գնդերեց լինելը պատմական առաքելություն է,- առանց պաթոսի հավելում է Տեր Հովհաննեսը:- Երբ ես Գերմանիայում ՆԱՏՕ-ի դպրոցում էի ուսանում և տարբեր երկրների զորաբանակների ներկայացուցիչների հետ շփվում, հասկացա, թե ինչ հարուստ ու ոգեղեն է հայկական բանակը: Շատ այլ բանակների ներկայացուցիչներ չէին կարողանում պատկերացնել, թե ինչու է այդքան հուզական մեզ համար պատերազմի թեման, քանի որ իրենց զորախմբերը այլ հողերում էին մարտնչում:

Հիշում է, թե ապրիլյան քառօրյայի օրերին ինչպես էր կնոջը շատ արագ մեքենա վարել սովորեցնում, որ երբ ինքը մարտական հենակետում լիներ, և եթե, Աստված մի արասցե, լայնամասշտաբ պատերազմ սկսվեր, նա կարողանար վիրավորներին, երեխաներին գյուղից դուրս բերել…:

Խնդրում եմ, որ ավելի մանրամասն պատմի անհանգիստ այդ օրերից:

-Մարտական գործողություններ՝ որպես այդպիսիք, չեղան, բայց «Համար-1» պատրաստության վիճակ էր հայտարարված: Տեսնում էինք, թե ինչպես է հակառակորդը սահմանին զինտեխնիկա կուտակում: Դեռ չգիտեինք` այս ամենը ինչ զարգացում կունենա: Ցերեկվա ընթացքում պետք է հասցնեի բոլորի հետ, բոլորի կողքին լինել: Առավոտյան մարտական հենակետում էի: Կեսօրին իջնում էի գյուղամեջ: Եկեղեցին լեփ-լեցուն էր լինում: Միասնական աղոթք էինք անում: Մեր մեջ զարթնել, գործում էր Քրիստոս, զգում էինք, թե ինչպես է մի կարևոր բան փոխվում: Մեր գյուղացիների զավակների մի մասն այդ ընթացքում Արցախում` առաջնագծում էր, կենաց-մահու կռիվ էր տալիս… Փա՜ռք Աստծու, զոհ չունեցանք…

-Ի՞նչ մտորումներ եք ունենում դիրքերում` անմիջականորեն սահմանագծին, տե՛ր հայր:

-Դիրքերում շփվում ես մարդկանց հետ, որոնց կենցաղն է դարձել հայրենիքը պաշտպանելը, որոնք կանգնում են թշնամու և հարազատի միջև` կյանքի ու մահվան սահմանագծին: Նրանք նախ և առաջ ներքին խաղաղություն պետք է ունենան, վստահ լինեն, որ իրենց ընտանիքում ամեն ինչ կարգին է, իրենք շրջապատի կողմից ընդունված, սիրված են: Ինձ համար ամենից հուզական պահն այն է, երբ զինծառայողը մոտենում և տարբեր հարցերի շուրջ խորհուրդներ է հարցնում: Գնդերեցի աշխատանքը, եթե միայն զորամասով սահմանափակվեր, քիչ կլիներ: Մեր երկու հայկական պետությունների գնդերեցներն այժմ սպասավորում են ոչ միայն զինծառայողներին, այլև նրանց ընտանիքներին: Շատ կարևոր է, որ զինվորականի ընտանիքը միավորողը ճշմարիտ հավատից բխող սերը լինի, հանդուրժողականությունը, փոխզիջումը:

-Ինչպե՞ս է լինում, որ Ձեր կինը, մեկուկեսամյա որդին` Միքայելը, և գյուղը, գյուղացիները, նրանց երեխաները, սահմանին կանգնած զինվորները… բոլորով դառնում են ներդաշնակ մի…:

-Ընտանի՛ք: Այ, հենց այս բոլորը միասին ինձ համար իմ ընտանիքն են: Իմ փոքրիկ ընտանիքը մի բջիջն է այս մեծ ընտանիքի: Մեր եկեղեցում պսակադրվող տղամարդը, որպես կանոն, զինծառայող կամ պայմանագրային է, կինը` մեր տիկնանց միության անդամ, երեխան էլ հաճախում է ամենատարբեր խմբակներ: Այսինքն` այս կամ այն կերպ  համայնքի յուրաքանչյուր ընտանիք եկեղեցու մեջ է, եկեղեցին` համայնքի մեջ, համայնքն ու զորամասը` մեկ ընտանիքում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


17/10/2019