Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԵՆ



ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԵՆՀոկտեմբերի 19-ը զինվորական տոնացույցում հրթիռահրետանային զորքերի  օրն է: Մեր հրետանավորները իրենց հմուտ գործողություններով աչքի են ընկել Արցախյան պատերազմի, ապրիլյան մարտական գործողությունների, նաև հակառակորդին սանձելու տարբեր պատժիչ գործողությունների ժամանակ: Իրավամբ պատերազմի աստված համարվող զորատեսակը տարեցտարի շարունակում է կատարելագործվել, արդիականանալ, հրետանային ստորաբաժանումները համալրվում են սպառազինության և տեխնիկայի նորագույն նմուշներով: Ոլորտի ձեռքբերումները և զարգացման հիմնական ուղղությունները ներկայացնում է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանը:

 

ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին մարտունակ են, պատրաստված են գերազանց, ունակ են կատարելու իրենց առջև դրված համապատասխան բարդության ցանկացած խնդիր: Բայց տեղում չենք դոփում, կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են: Վերջերս կառուցվածքային փոփոխություններ են կատարվել զորամիավորումներում, կենտրոնական ենթակայության զորամասերում, որոնք է՛լ ավելի են բարձրացրել մեր կրակային հզորությունը, ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության աստիճանը: Դրա արդյունքում ունենք նաև հրետանային ստորաբաժանումների կիրառման արդյունավետության աճ:

Կարևորում ենք, որ մեր յուրաքանչյուր միջոցի կիրառում լինի նպատակային, նաև պետք է վստահ լինենք մեր ուրվագծած թիրախների ուղղությամբ հարվածների արդյունավետության հարցում:

Կարևոր ուղղություն է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացումը: Այս տարի հրթիռային խմբավորումները համալրել ենք կառավարման ժամանակակից համակարգով, որը թույլ է տալիս կենտրոնացված և ապակենտրոնացված կարգով իրականացնել նշված խմբավորումների կառավարումը մեծ տարածություններում, թե՛ ռազմերթի ընթացքում, թե՛ կիրառման շրջաններում: Այս գործում իր դերակատարումն է ունեցել նաև կապի վարչությունը՝ ներդնելով հուսալի կապի միջոցներ, որոնք չեն ենթարկվում ռադիոէլեկտրոնային պայքարի ճնշումներին` ապահովելով առաջին հերթին մեր հրթիռային խմբավորումների աննկատ տեղաշարժը: Զորային փորձարկում են անցնում հետախուզման գիշերային տեսանելիության սարքեր, հետախուզման ժամանակակից ռադիոտեղորոշման կայանքներ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել հակառակորդի կրակող միջոցները գիշերային և ցերեկային պայմաններում, նաև գնահատել մեր զորքերի հրետանային միջոցների կրակի ճշտությունը, շեղման դեպքում ուղղում մտցնել և հաջորդ կրակոցն ավելի դիպուկ իրականացնել:

Հրթիռային զորքերն ու հրետանին համալրել ենք հակատանկային և այլ նոր միջոցներով, և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում: Օրինակ՝ «Կորնետ» համալիրը նախորդներից էապես տարբերվող հնարավորություններ ունի. մինչև 8000 մետր հեռավորությամբ ցանկացած զրահատեխնիկա կարելի է խոցել: Ունենք նոր, բավական մեծ հեռահարության հրթիռներ:

Արդիականացման և համալրման ծրագրերի մի մասն արդեն կյանքի է կոչվում. ձեռք ենք բերելու հարվածային, հետախուզական մի քանի տեսակի այլ միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, գերճշգրիտ, հեռահար հրթիռներ: Նոր զինամթերքի շնորհիվ մեծանում է արդեն սպառազինության մեջ գործածվող զինատեսակների կրակային հզորությունը: Բազմակողմանի վերլուծության և տվյալների համադրման արդյունքում ձեռք ենք բերում այն միջոցները, որոնք անհրաժեշտ են հակառակորդի համարժեք օբյեկտները, կարևոր հանգույցները ճնշելու, ոչնչացնելու համար: Հատկապես վերջին շրջանում մեր զինանոցը շատ է հարստացել թե՛ քանակապես, թե՛ որակապես: Հավատացնում եմ, մեր հրետանավորները կարող են երկարատև մարտ վարել, նաև անհրաժեշտության դեպքում զսպել հակառակորդի ցանկացած շարժ:

Նաև այդ զսպման կարողությունների նպատակով մեծացնում ենք մեր հրթիռային խմբավորումների գործողության հեռահարությունը, ինչպես նաև կիրառվող զինամթերքի կրակային հզորությունը: Լայնածավալ աշխատանքներ ենք տանում հակառակորդի օբյեկտների հայտնաբերման ուղղությամբ մարտավարական, օպերատիվ-մարտավարական, ինչու չէ, նաև ռազմավարական խորություններում:

Առաջընթացը զգալի է համազորային ստորաբաժանումներում: Բոլոր զորամիավորումներում անցկացրել ենք հավաքներ համազորային օղակի հրամանատարների անմիջական մասնակցությամբ: Ականանետային մարտկոցներում ստեղծել ենք համահավաք ստորաբաժանումներ, և հրամանատարներն այդ հավաքների ընթացքում հանդես են եկել մարտկոցի, դասակի, հաշվարկի հրամանատարի, հաշվարկի համարների դերում: Լավ արդյունք ենք ունեցել, հրամանատարներն այդ կարճ ժամանակահատվածում կարողացել են տիրապետել հրետանավորների հաստիքային սպառազինությանը, խորապես ուսումնասիրել դրա մարտավարական հնարավորությունները: Հավաքների ավարտին զորավարժությունների ընթացքում իրականացրել ենք մարտական հրաձգություն իրենց իսկ անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ: Այս ձևաչափը շարունակական է լինելու, որ հրամանատարական կազմը լիարժեք պատկերացում ունենա հրետանու կիրառման հիմունքների վերաբերյալ: Ի վերջո, մեր խնդիրները կատարում ենք համազորային հրամանատարների որոշումների հիման վրա:

Վերջին շրջանում ապակենտրոնացրել ենք հրետանային ստորաբաժանումները: Այս մոտեցումը մի քանի նպատակ ունի՝ մեծացնել մեր ռազմական տեխնիկայի և անձնակազմի կենսունակությունը, բարդացնել մեր միջոցների հետախուզման, լրահետախուզման և խոցման հնարավորությունները: Այսինքն՝ հակառակորդն արդեն ավելի մեծ ուժեր պիտի կենտրոնացնի, որ կարողանա միաժամանակ խոցում կատարել: Եթե ավելի պարզ ասեմ, մինչ այս մեր ստորաբաժանումը հայտնաբերվելու դեպքում կարելի էր խոցել՝ ներգրավելով համարժեք մեկ այլ ստորաբաժանում: Այժմ հակառակորդը հարկադրված է ներգրավել մի քանի ստորաբաժանումներ, ինչը, բնականաբար, դժվարացնում է խնդրի կատարումը:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում կրտսեր հրամանատարների մասնագիտական պատրաստությանը: Նրանք պետք է փայլուն տիրապետեն հրետանավորի գործին, որ մենք վստահ լինենք՝ խնդիրն ստանալուն պես կկարողանան ինքնուրույն մարտ վարել: Փոփոխություններ ենք կատարել կրտսեր հրամանատարների պատրաստության ծրագրում, հրամանատարների որոշ գործառույթներ, պարտականություններ տվել ենք ջոկի հրամանատարներին: Դա չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում, և մոտ ապագայում արդյունքը կտեսնենք:

Շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր վարչությունը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերում, վերահսկողություն է սահմանում կուրսանտների պատրաստության գործընթացում: Արդյունքն արդեն տեսանելի էր այս տարվա պետական քննությունների ժամանակ, որոնք անցկացրել ենք գործնական մարտական հրաձգությամբ: Յուրաքանչյուր կուրսանտ հանդես է եկել հրամանատարի դերում, և հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի կիրառման վերաբերյալ խնդիրն ստանալուց հետո կայացրել է ինքնուրույն որոշում:

Մյուս կարևոր ձեռքբերումներից է բոլոր հրետանային սարքերի, սարքավորումների սպասարկման, շահագործման, այդ թվում՝ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը: 2020թ. այլևս չենք ունենալու կուտակված անսարք հրետանային սարքեր և սարքավորումներ, միջոցներ: Արդեն ստեղծել ենք որոշակի պահուստային ֆոնդ, ինչը թույլ կտա համաչափ իրականացնել վնասվածի վերանորոգումը և փոխարինումը՝ առանց ազդելու հրետանային ստորաբաժանումների մարտունակության վրա: Ավելին ասեմ, մոտ ապագայում մեր զինանոցում այլևս չենք ունենալու այսպես ասած հնամաշ միջոցներ:

Իհարկե, այս ամենով բավարարվել չենք կարող, որովհետև ձեռքբերումները սահման չունեն: Անընդհատ համալրում ենք մեր զինանոցը, զարգացնում հակառակորդին զսպելու մեր կարողությունները:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարը՝  ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/10/2019