Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԻՆՎՈՐԻ ԼՈՒՍԱՎՈՐ ԺՊԻՏՆ Է



 

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԻՆՎՈՐԻ ԼՈՒՍԱՎՈՐ ԺՊԻՏՆ ԷԱռաջնագծում ենք, Արցախ աշխարհի հյուսիսային թեւում՝ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերում: Այստեղ ամեն ինչ առանձնահատուկ է՝ թե՛ կտրտված, անտառածածկ, բարդ տեղանքը, որ լրացուցիչ բարդություններ է ստեղծում եւ ստիպում չթուլացնել զգոնությունը, թե՛ եղանակային պայմանները՝ հաճախակի  անձրեւները, մշտական մշուշն ու  մառախուղը,  ձմռանն առատ տեղացող ձյունը, որը հաճախ  անանցանելի է դարձնում ճանապարհները:

-Չկա որեւէ դժվարություն, որ հայ զինվորի, հայ սպայի համար անհաղթահարելի լինի,- վստահ ասում է ավագ լեյտենանտ Ալյոշա Հարությունյանը:

Երիտասարդ սպան երկու տարի առաջ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ավարտելուց անմիջապես հետո իր իսկ ցանկությամբ ծառայության է անցել «Եղնիկներում»:

-Հորեղբայրս՝ Սուրեն Հարությունյանը, Արցախյան ազատամարտի տարիներին Հաթերքի  ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Նրա պատմածները լսելով եմ ոգեշնչվել եւ ընտրել զինվորականի դժվարին, բայց պատվաբեր մասնագիտությունը:

Ավագ լեյտենանտը  բոլորովին վերջերս է ստանձնել վաշտի հրամանատարի պարտականությունները:

-Այստեղ բոլորն  էլ իրենց ծառայությունն առանց թերությունների, մեծ պատասխանատվությամբ  կատարում են՝ քաջ գիտակցելով իրենց առաքելության կարեւորությունը: Վերջին շրջանում  խաղաղ է, բայց  թշնամու ձեռագիրը  լավ գիտենալով՝ երբեք զգոնությունը չենք թուլացնում: Անձնակազմի հետ անընդհատ աշխատանքներ են տարվում, մինչեւ մարտական դիրքերը բարձրանալը անվտանգության կանոններին ենք իրազեկում, բացատրում դիրքային ծառայության ամեն մի նրբություն ու առանձնահատկություն: Ֆիզիկապես կոփված են տղաները, բայց, ով էլ այստեղ ծառայի, ուզած թե չուզած՝ է՛լ ավելի է ամրանալու, պնդանալու, թրծվելու:

«Լեռները թույլերին չեն ընդունում».  սա մեր զորամասի  կարգախոսն է, գրված ու չգրված օրենքը:

-Միասին, մեկմեկու լեռների պես  թեւութիկունք ծառայում ենք, մի ընտանիքի նման, հարազատի պես,- զրույցին միանում է կրտսեր սերժանտ Նիկոլայ Հակոբյանը:- Դիրքի ավագն եմ ու պատասխանատու եմ բոլորի համար: Մենք ընկերական մթնոլորտում, միասնական  լինելով ավելի հեշտ հետ կմղենք հակառակորդի ցանկացած ոտնձգություն:

-Բանակում շատ կարեւոր են ընկերական ճիշտ հարաբերությունները, փոխադարձ հարգանքն ու  վստահությունը,  իսկ մարտական դիրքում բոլորս, անկախ ամեն ինչից, եղբայրներ ենք դառնում, մեզնից ամեն մեկի եսը միաձուլվում, դառնում է ընդհանուր մենք,- լրացնում է շարքային Կարեն Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԻՆՎՈՐԻ ԼՈՒՍԱՎՈՐ ԺՊԻՏՆ Է-Մարտունիի Զոլաքար գյուղից եմ,- ներկայանում է Կարենը,- բայց ընտանիքս հիմա Չելյաբինսկում է: Ավագ երկու եղբայրներս ծառայել են, ես էլ եկա պարտքս տալու: Ծառայավայրս շատ գեղեցիկ բնություն ունի, մեր դիրքերից մի չքնաղ աշխարհ է բացվում. ամառը՝ ծառ ու ծաղկունք, ձմռանը՝ ձյունով պատված սար ու ձոր… Համ հիանում եմ, համ պաշտպանում՝ անհրաժեշտն ու հաճելին իրար հետ համատեղելով,- կատակում է զոլաքարցի երիտասարդը:

Շարքային Տիգրան Ղազարյանն էլ արմատներով Իջեւանից է, բայց Վոլգոգրադում է ապրում:

-Բռնցքամարտի ասպարեզում լուրջ հաջողությունների եմ հասել՝ մրցումների ժամանակ երկրորդ տեղն եմ զբաղեցրել, բայց, երբ եկավ զորակոչվելու ժամանակը, վերադարձա հայրենիք: Արկղից հանեցի  թղթիկը,  վրան թվով էր նշված զորամասս, ասացին՝ Տոնաշենն է, մի լավ ուրախացա՝ ասեցի՝ պահ, էս ինչ սիրուն անվանումով տարածք է, մեկը մյուսից սիրուն բառերից կազմված՝ տոն, շեն, բայց, որ իմացա՝ «Եղնիկներն» է, մի քիչ նեղսրտեցի, դե, անկեղծ ասած, հակասական շատ լուրեր էի լսել: Հիմա շատ ուրախ եմ, հպարտ, որ հենց այստեղ եմ. պատիվ է  ծառայել հերոսական ճանապարհ անցած, պարտիզանական ջոկատի հիման վրա ստեղծված  այս զորամասում, այստեղ Շահեն Մեղրյանն է կռվել, Լեոնիդ Ազգալդյանը…. Երեք  ամսից զորացրվելու եմ, բայց միտքս, սիրտս այստեղ է մնալու. այստեղ զգացի իսկական ընկերության, իսկական ծառայության համնուհոտը:

♦♦♦

Ուղեւորվում ենք հաջորդ մարտական դիրք:  Լեռնային դժվարանցանելի ճանապարհն անվերջանալի է թվում, բայց նաեւ հրաշալի հնարավորություն է վայելելու տեղանքի աննկարագրելի գեղեցկությունը: Աշունն իր շքեղ գունապնակի ողջ նրբերանգներն ասես ի ցույց է դրել:

-Իրադրությունը կայուն է, հակառակորդի կողմից շարժ չի նկատվել,- արագ-արագ զեկուցում է զինվորներից մեկն ու մեզ աշնան «ցուցասրահից» մեկեն տեղափոխում  ռեալ իրականություն՝ պատերազմի ու խաղաղության սահմանագծին ենք:

Անթարթ հայացքները հառած վերահսկվող տարածքին՝ կանգնած են զինվորները:

-Ի՞նչ է երեւում այն կողմում,- հարցնում եմ:

-Մեր կորցրած պատմական  հայրենիքի մի հատվածն է, կարոտով նայում ենք, հավատով սպասում ու վստահեցնում՝ վաղ թե ուշ մերն է լինելու:

Նարեկ Պոլոյանն է, խոսքի ամեն բառից վճռականություն է հորդում:

-Ծառայությունը քեզ ավելի է կապում քո հողուջրին,- ասում է երեւանցի Այվազ Մելքոնյանը,- այստեղ՝ դիրքում կանգնած  հասկանում ես, որ  միայն Երեւանը չէ քեզ հարազատ, այլ նաեւ հեռվում ծվարած այս գյուղը, որի անունը  մինչ ծառայությունդ չէիր էլ լսել, բայց հիմա սրտիդ մեջ է…

Երբ ես զորացրվեմ, եղբայրս կգա, այստեղ կկանգնի:  Էսպես  իրար փոխարինելով՝ ամուր կպահենք հայրենիքը:

♦♦♦

Օրը մթնում է,  պետք է շտապենք՝ ուրիշ  մարտական հենակետեր էլ  դեռ պետք է այցելենք:

Սահմանագծի ամբողջ երկայնքով ինժեներական, ամրաշինական լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Գիշերային, ջերմատեսիլ  տեսադիտարկման սարքավորումները  զգալիորեն դյուրացրել  են մարտական հերթապահության իրականացումը, բարելավվել են կենցաղային պայմանները… Արագ-արագ նշումներ եմ անում նոթատետրումս ու ավելացնում՝ այս  ամենը չափազանց կարեւոր է:

Զինվորները  հազար տարվա հարազատի պես մեզ ջերմ ժպիտով հրաժեշտ են տալիս:

Նոթատետրումս մի գրառում էլ է ավելանում՝ իսկ ամենակարեւորը զինվորի  լուսավոր ժպիտն է ու նվիրումը հայրենի եզերքին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/10/2019