ՀՈՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ
«Հիշողություն մանկության ուղիով» եւ «Ես անցա դժոխքի միջով». սրանք Արցախյան ազատամարտի հերոս Վահագն Վարդևանյանի հիշատակը վառ պահող երկու մատյաններ են: Հերոսի անունը կրող դպրոցում տեղի ունեցավ Վահագնի հոր՝ Վաղինակ Վարդևանյանի հեղինակած գրքերի շնորհանդեսը, որն ուղեկցվեց հեղինակի կյանքին ու անցած ճանապարհին նվիրված միջոցառմամբ:
«Հիշողություն մանկության ուղիով» գիրքը պատմում է հեղինակի մանկության, պատանեկության և երիտասարդության մասին: Իսկ «Ես անցա դժոխքի միջով» գիրքը հուշագրություն է որդեկորույս հոր տոկունության, կրած տառապանքների մասին:
Դժվար ու անհաղթահարելի թվացող ճանապարհ է անցել Վահագն Վարդևանյանի հայրը: Այն օրից, երբ որդին զոհվել է, հոր միակ նպատակը որդու դին փրկելն է եղել. «Երբ իմացա, որ տղայիս ու նրա 13 զինվորների ճակատագիրը անհայտ է, որոշեցի մեկնել Արցախ: Մինչև Ստեփանակերտ հասնելը ստիպված էի շատ դռներ բացել, հաղթահարել բազում փորձություններ»:
Վահագն Վարդևանյանն իր ջոկատի 13 անդամների հետ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում հայտնվել է շրջափակման մեջ: 13 ազատամարտիկների զոհվելուց հետո էլ վիրավոր հրամանատարը շարունակել է միայնակ մարտ վարել մինչև վերջին փամփուշտը։ Մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը՝ Վահագն Վարդևանյանն իր մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցող թշնամու 4 զինվորներին։
«Ես հպարտություն եմ զգում, քանի որ այստեղ սովորող աշակերտներն այսօրվանից Վահագնի մասին ավելի շատ բան կիմանան ու կծանոթանան նրա հերոսությանը»,- ասում է հայրը:
Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի դասախոս Սասուն Աբրահամյանը նույնպես պատերազմի մասնակից է: Վահագնին անձամբ է ճանաչել, ճանաչել է նրա մարդ ու զինվոր տեսակը. «Ես՝ որպես պատերազմի վետերան, անչափ ուրախ եմ, որ նման գրքեր են հրատարակվում, որ նոր սերունդը մեր հերոսներին ճանաչելու հնարավորություն ունի: Իմ երեխաներն այս դպրոցում են սովորել, հիմա էլ այստեղ են սովորում թոռներս: Բոլորը պետք է ճանաչեն մեր հերոսներին»:
Վահագն Վարդևանյանն ու նրա 13 զինվորները խաղաղ ննջում են «Եռաբլրում»… Վարդևանյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Նրա անունն է կրում Երևանի թիվ 173 դպրոցը, որտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին, բացված է փառքի սենյակ։ Հենց այդ սենյակում էլ մշտապես իրենց տեղը կգրավեն հոր` Վահագնին նվիրված գրքերը:
Լաուրա Մամյան
Խորագիր՝ Նորություններ