ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Հոկտեմբերի 22-ը Վահան Զատիկյանի ծննդյան օրն է: «Մալաթիա» ջոկատի առաջին հրամանատար, նույնանուն համայնքի առաջին համայնքապետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Զատիկյանն այսօր կդառնար 63 տարեկան:
Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանվել է «Վահան Զատիկյան» կրթաթոշակ, որին արժանանում են ինստիտուտի լավագույն ուսանողները: Ըմբշամարտիկ, մեծ հայրենասեր Վահան Զատիկյանի պատվին հանրապետության Ըմբշամարտի ֆեդերացիան, որի նախագահն էր, ամեն տարի աշնանը հուշամրցաշար է կազմակերպում: Այս տարի ծննդյան օրվա առիթով «Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում կանցկացվի Վահան Զատիկյանի անվան 20-րդ միջազգային հուշամրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մարզական ակումբների պատանի ըմբիշները:
Վահան Զատիկյանը ծնվել է 1956թ. Ջավախքի Լոմատուրցխ գյուղում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Երևան:
…Զինվորագրվելով հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին՝ Վահան Զատիկյանը անվերապահորեն հավատում էր հաղթանակին, հավատում էր, որ Հայաստանից նենգորեն խլված Արցախը նորից վերադառնալու է մայր հայրենիքի գիրկը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչությունը, վստահելով իր նվիրյալ զավակին, անկախության առաջին տարիներին`1991թվականին, նրան ընտրեց համայնքի ղեկավար, ապա՝ ԱԺ պատգամավոր: Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարը զինադադարից հետո ամբողջությամբ նվիրվեց համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանն ու բնակչության կենցաղի բարելավմանը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին:
Վահան Զատիկյանը հաճախ էր իր ելույթներում նշում, որ երկրապահը, ազատամարտիկը անգնահատելի հասկացություններ են, արժեք են:
Վահան Զատիկյանը մշտապես հիշել և աջակցել է զոհված մարտական ընկերների ընտանիքներին, մշտապես ապրել է նրանց հանդեպ պարտքի զգացումով, հաճախ է այցելել «Եռաբլուր»՝ ընկերների շիրիմներին… Ցավոք, անսպասելի ինքն էլ գնաց` միացավ «Եռաբլուրում» ննջող իր երկրապահ ընկերներին:
Վահան Զատիկյանն ազգանպաստ գործունեության համար արժանացել է կառավարական և գերատեսչական պարգևների, նաև՝ ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի:
Վահան Զատիկյանի անունով է կոչվում իր իսկ ազատագրած Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոցը, ուր հաճախ են լինում երկրապահները, օգնում դպրոցին` կահավորման և համալրման հարցում: Զատիկյանի անվան դպրոցի մերձակա հրապարակում՝ Երևան-Ստեփանակերտ մայրուղու մոտ է գտնվում Վահան Զատիկյանի կիսանդրին:
Վահան Զատիկյանի ծննդավայրի դպրոցը նույնպես կրում է նրա անունը: Նրա կիսանդրին տեղադրված է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքում, վաղամեռիկ համայնքապետի նախաձեռնությամբ հիմնադրված այգում, որը ուխտատեղի է դարձել համայնքի բնակչության, երկրապահների ու նոր սերնդի համար:
Շնորհավո’ր ծնունդդ, Վահան Զատիկյան, մեր ազնվագույն ընկեր, ազնվագույն հայ:
Սիրով ու նվիրումով՝ մի խումբ ընկերներ
Խորագիր՝ Նորություններ