Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ



ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

«Եղնիկ» Վաչոյին

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ

Զինվորականներին ամսավարձ էին բաժանել: Սպայակազմի արտահերթ սպասարկումից հետո խանութի դուռը գրոհեց շարքայինների դասը, և շուտով էլ ժխորը վերածվեց ծեծկռտուքի… Շատերը ձեռնունայն էին մնալու և ստիպված բավարարվելու էին ճարպիկ զինակցի հայթայթած անուշահամ քաղցրեղենին մի նվաղուն, ըղձալի հայացք ձգելով: Մինչդեռ գծուծ չարամիտները բոլորի աչքի առաջ ցուցադրաբար օդից կլլում էին ռահաթ-լոխումի համեղ պատառները և ցինիկորեն լպստում շուրթերի կպչուն շաքարափոշին` ջիջիլ գցելով հուսահատներին։ Մինչև կեսօր զինվորական խառնամբոխը ցրվեց, կրպակը դատարկվել էր:

Այդ օրը զինվորներից երկուսը հատկապես հաջողակ էին:

Կեսգիշերին մոտ, երբ վաղուց արդեն հնչել էր «քնիր»-ը, և միայն գումարտակի հերթապահ սպան էր երբեմն-երբեմն ուրվականի նման չափչփում զորամասի տարածքը, առաջին հետախուզական վաշտի վրաններից մեկում լամպի աղոտ լույս էր թարթում: Երկու հայ վրանի խորքում` մահճակալների միջև, սեղան բացել, զրույց էին անում.

-Կրպակի տիրուհին բարեհաճ է քո նկատմամբ,- նախանձոտ նկատեց Գասպարը:

-Համը բերանն է մնացել,- թիթիզացավ Հրաչը,- ասում է՝ վրացու հետ եղել եմ, թաթարի հետ` նույնպես, բայց հայի՛ հետ ուրիշ է՝ ոնց որ հազար ու մեկ գիշերում: Ապրանքի փողն էլ չվերցրեց, լավ տղի համար, ասում է, ոչինչ չեմ խնայի…

-Էդ շտաբի լրբերից խեր չկա, մեկ էլ տեսար՝ շառով տվեց,- զգուշության կոչեց Գասպարը:- Դու էն ասա, արաղ ճարեցի՞ր:

-Զահլա մի՛ տա՜ր, գնա՛, կանչի՛ր նրան,- խորամանկեց Հրաչը:

Մինչ ավագ ընկերը հարևան վրանը կմտներ՝ արթնացնելու հոբելյարին, Հրաչը սեղանին հանդիսավոր տեսք հաղորդեց, սփռոցին դարսելով կրպակի տիրուհու՝ Մարֆուշայի առատաձեռն նվիրաբերությունը՝ խտացրած կաթ, խուրմա, թեյի կոնֆետ, չորաքի ու բիսկվիտ։ Քիչ անց երեք ընկեր միասին տոնական սեղանի շուրջ էին:

-Մազ էր մնում էս դանդալոշի պատճառով հերթապահի ճանկն ընկնեինք,- դժգոհեց Գասպարը,- ձենը գլուխն էր գցել, թե ձեր հարգանքն ինձ հարկավոր չի, թողեք քնեմ:

-Սրա համա՞ր քունս հարամեցիք, էլ ո՜նց կլիներ, հաջող առեւտուր են արել, բա խմի՞չք,- արծվաքիթը տրորելով՝ փնթփնթաց Արմենը։

-Այ, ո՛չ բարով ծնվեիր, Սառաբաշյան,- ակնարկեց Հրաչը:

Արմենը կռահեց գիշերային հավաքի առիթը և հայացքը թաքցնելով՝ մեղավոր ձայնով ասաց.

-Մի՛ նեղացեք, տղե՛րք, առաջ էլ, մորիցս բացի, ուրիշ ոչ ոք չի հիշել…,- արցունքի մի կաթիլ գլորվեց, ընկավ Սառաբաշյանի առջև դրված դատարկ բաժակի մեջ…

– Դե՛, հերիք է նվնվաք, հիմա հրա՛շք է լինելու,- Հրաչը, լայն ժպտալով, ներքնակի տակից անսպասելի դուրս բերեց «Նաիրի» կոնյակի շիշը և դրեց սեղանին:- Էս էլ ձեզ «Ջուրն հայոց», կուզեք` լաց եղեք, կուզեք` իրար շալակ թռեք:

Ձեռքից ձեռք խլելով երազային անակնկալը՝ Գասպարն ու Արմենը ափիբերան ծոր տվեցին. «Հայկակա՜ն է…»։

-Որտեղի՞ց։

-Միացյալ Ազգերի Կազմակերպությունից,- գոռոզացավ Հրաչը:- Օրերս Մարֆուշայի մոտ մի հայ խորհրդականի հետ ծանոթացա, արձակուրդից նոր էր վերադարձել, նա էլ նվիրեց. հետն էլ, թե՝ թալանի ետևից չընկնեք, կին-երեխա չբռնաբարեք, չսպանեք, հենց իմացեք՝ աշխարհը ձեզ է նայում: Ուզում էի չվերցնել, բայց չկարողացա…

Սրաթռիչ միտքը մի պահ մտերիմ ընկերներին հայրենի օջախ էր հասցրել, բայց կանգառն ակնթարթային էր, վերադարձը` անխուսափելի։

-Ա՛յ տղա, շիշը էդքան մի՛ մաժմժիր, կնիկարմատ չի, լի՛ց,- խրատեց Գասպարը Արմենին:- Մի կարգին կենաց ասա, Հրա՛չ:

Հրաչը, բեմական կեցվածք ընդունելով, կուրծքն ուռցրեց խորոզավարի ու այսպես խոսեց.

-Թաթոս պապս սովորեցնում էր. «Հայը Աստծուց բարեբախտություն խնդրեց, Աստված նրան Հույս տվեց, մյուս անգամ, երբ արդարություն խնդրելու գնաց, Տերը նրան Համբերություն տվեց, և երբ մի վերջին անգամ Բարձրյալի դուռը գանգատ անելու գնաց, Աստված հայի համար Պատգամ ու Խրատ կարդաց… Այն օրից (հայի բախտ է) խորհուրդ ու խրատ ենք հարգում, բայց իրար նայում ու մեր հոգու ցավը չենք տեսնում, մենք մեր սիմվոլներն ենք պաշտում, հայելու մեջ երևացած մեր ստվերն ենք սիրում՝ մեր հայ լինելու գաղափարը, ոչ թե իրար»: Ասել կուզի` ՄԱԿ-ի գործակալներին խորհուրդ տվող հայը մի պարզ ու հասարակ խրատ չգիտեր. պահպանե՛ք իրար, ախպե՛ր, աշխարհի հե՛րն էլ անիծած:

-Անհայտ փիլիսոփա, ԺԲ-ԺԳ դարերի,- նրան իր «մարդկային թուլության» անունով կոչեցին ընկերներն ու խմեցին Սառաբաշյան Արմենի կենացը:

Կարճատեւ մոռացության բաժակից ըմպած հայրենակիցները նորից վերապրեցին վաղանցուկ, երանավետ անցյալը, հիշեցին դավաճան (ամուսնացած) աղջիկներին, հիշատակեցին նաեւ «գժի թուղթ» հանած ախպերությանը, որոնցից ժամանակ առ ժամանակ քաղաքացիական` «վերակառուցվող կյանքի» հմայքը նկարագրող նամակներ էին ստանում` «…Գսպե ջան, գործներս լրիվ լավ ա, տղերքով կոոպերատիվ ցեխ ենք բացել, ամեն ինչ ցենտր ա, եվրոպական կայֆե՜ր… մենակ քեզ ենք սպասում, քեզ լավ նայի, ինչքան կարաս` գլուխ պահի, բա քեզ պետք ա՞…»:

Լիալուսնի բիբը, ինչպես չար աչք, խավարից ելնելով, դեմ առավ վրանի փոքրիկ պատուհանին, իր սառցե մակերեսին, ասես, ցոլացնելով երեքի գիշերային հավաքը, ինչը հետզհետե տարրալուծվեց, շաղ եկավ թանձրասփյուռ ամպ ու զամպի մեջ, որին փոխարինելու եկավ բվեճի կերպարանքով հերթապահ սպայի դեմքը, որ չարաղետ կռնչում էր տարաժամին. «Տագնա՛պ, տագնա՛պ…»:

– Վիժվածքնե՛ր…,- ատելության վայրկենական պոռթկումը թունդ հանեց քնահարամ զինվորների տառապած ու զուրկ հոգիները: «Լավ էր գոնե քնած չէինք»,- մխիթարվեցին ընկերները։

Վաշտը ոտքի հանվեց: Դարանատեղում գտնվող խումբն ընկել էր շրջապատման մեջ: Զոհեր կային: Եվ երբ հրամանատարը, սպառազեն մարտիկների չարքի առջև ճեմելով, առաջադրանքի վերաբերյալ ցուցումներ էր տալիս, Հրաչն իր կողքին կանգնած Գասպարի ականջին փսփսաց. «Հենց որ վերադառնանք, Մարֆուշան երեքիս էլ մի լավ կլողացնի… այս գիշեր սպայական շոգեբաղնիքը մեր տրամադրության տակ կլինի»:

Շարունակելի

Խորագիր՝ #42 (1313) 30.10.2019 - 5.11.2019, Հոգևոր-մշակութային


31/10/2019