Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Եվրոպայում տիրող իրավիճակը նպաստավոր էր Իսրայել Օրու գործունեության եւ ծրագրի ընդունելության համար։ 1679թ. ավստրիական բանակը ծանր պարտության մատնեց թուրքական զորքերին, եւ Կարլովեցի պայմանագրով Թուրքիան դուրս քշվեց Եվրոպայի խորքերից։ Մարեց Թուրքիայի անպարտելիության առասպելը։ Կայսրության հեղինակությունը անկում ապրեց, եւ Հովհան Վիլհելմը, ժամանակը հարմար նկատելով, իր համաձայնությունը հայտնեց Օրու ծրագրի նկատմամբ։ Հովհան Վիլհելմը մտադրվել էր Օրու հետ Հայաստան ու Վրաստան ուղարկել մի սպայի, սակայն թուրքական ներխուժումը Եվրոպա խանգարեց։ Նույն 1698թ. Վիեննայում էր նաեւ Ներսես Երեւանցի գործիչը, որը Հայաստանի ազատագրության խնդրանքով դիմել էր Լեոպոլդ կայսրին, բայց մերժում ստացել։ Կայսրը Օրուն մերժում է, բայց հայ պատվիրակը չի վհատվում, Կարինի վրայով հասնում Էջմիածին, ապա ուղեւորվում է Անգեղակոթ, որտեղ մելիք Սաֆրազի ջանքերով 1699թ. ապրիլի 2-ին գումարվեց 11 մելիքների ժողով։ Ներկաներին ծանոթացնելով իր ծրագրին, Օրին մանրամասներ հաղորդեց իր հանդիպած միապետների տեսակետների, Հայկական հարցի նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Ժողովականները, հավանություն տալով Օրու ծրագրին, նրան լիազորում են հանդես գալ իրենց անունից եւ իրենց անվանում են՝ «Մեծ Հայքի գլխավորներ ու ատենակալներ»՝ իշխանին ուղղված նամակում մելիքները տեղեկացնում են, որ իրենք կսկսեն նախապատրաստությունը եւ եվրոպական ուժերի գալուն պես կբարձրացնեն ապստամբության դրոշը։ Դիմումներ են հղվում նաեւ Լեոպոլդ կայսրին, Տոսկանայի դուքսին, Պապին, ռուսական ցարին։ Որպեսզի Օրու նկատմամբ վստահություն ստեղծվեր, լիազորագրերում նշված էր, որ նա ունի իշխանական ծագում։

Ժողովի որոշմամբ, որպես հոգեւոր դասի ներկայացուցիչ, Օրու հետ Եվրոպա է մեկնում նաեւ Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանը։ 1699թ. աշնանը պատվիրակները հասնում են Պֆալց եւ իշխանին ներկայացնում իրենց ծրագիրը։

Օրու ծրագիրը, որ անվանվում է նաեւ Պֆալցյան, բաղկացած էր 36 կետից։ Պֆալցյան ծրագիրը նաեւ դիվանագիտական փաստաթուղթ էր, որովհետեւ նրբորեն գերագնահատվում էին թե՛ ֆրանսիան, թե՛ Ավստրիան, թե՛ Տոսկանան, թե՛ Պֆալցի իշխանությունը։ Նրանցից յուրաքանչյուրն ունենալու էր իր դերն ու շահը։ Նշված պետությունների զորքերը գաղտնի, որպես ռուսական միավորումներ, անցնելու էին Ռուսաստանի վրայով եւ Կասպից ծովից մուտք էին գործելու Անդրկովկաս, որտեղ նրանց էին միանալու հայ-վրացական ուժերը եւ առավելագույնը 25 օրվա ընթացքում ազատագրելու էին Հայաստանն ու Վրաստանը։ Ազատագրված Հայաստանում վերականգնվելու էր հայոց պետականությունը, թագավոր էր դառնալու Հովհան Վիլհելմը։ Համաձայն ծրագրի՝ Եռյակ միության զորքերը պետք է ունենային 5-6 հազար զինվոր, 6 թնդանոթ, 100 արկ, 50 ռումբով հրասանդ, 500 պատրույգավոր հրացան, այլ զենքեր ու 100 դրոշ։ Օրին հավաստում էր, որ հայերը մարտի կհանեն շուրջ 100.000-անոց բանակ Արեւելյան Հայաստանից, ավելի շատ՝ Արեւմտյան Հայաստանից։ Բանակները հանդիպելու էին Շամախիում, որից հետո գործելու էին Գանձակի, Բորչալուի, Ղափանի, Երեւանի ուղղությամբ՝ հերթականությամբ ազատագրելով Հայաստանը։

1701թ. հուլիսին Օրու պատվիրակությունը հասավ Մոսկվա եւ հանդիպեց պետական քարտուղար Գոլովինի հետ։ Օրին խնդրում է հնարավորություն ստեղծել ռուսական ցարին հանդիպելու համար, քանի որ հույս ուներ նրան ներկայացնել արդեն մշակված նոր ծրագիրը։ Օրու նոր ծրագիրը հենվում էր ռուսների` Կասպից ծովի ափերին ամրանալու, Շամախու եւ Գիլանի մետաքսաբեր շրջաններին տիրանալու, Մերձավոր Արեւելքում քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու մտադրությունների վրա։ Նա առաջարկում էր արշավանքի հանել 25 հազարանոց բանակ, որից 15000-ը՝ հեծյալ կոզակներ։ Կոզակները Անդրկովկաս պետք է անցնեին Դարիալի կիրճով, իսկ հետեւակը՝ նավերով։ Վրաստանում նրանց էր միանալու վրացական բանակը, իսկ Հայաստանում դիմավորելու էին շուրջ 100000 զինյալ հայեր, եւ 10-15 օրում լուծվելու էր Հայաստանի ազատագրության հարցը։ Ծրագիրը համաձայնեցված էր վրաց թագավոր Արչիլի հետ, որը օգնության խնդրանքով Մոսկվայում էր։ Օրին առաջարկում էր արշավանքն սկսել 1701թ. հոկտեմբերին, հիմնավորում էր այն գաղափարը, որ իր հայրենիքին ու նրա բարեկամ երկրին անհրաժեշտ է անդավաճան գործակից, քաղաքական ընկեր, որի համագործակցության ու հովանավորության պայմաններում ազատագրության խնդիրը դյուրին լուծում կստանար։ Այսինքն` Օրին առաջին անգամ բարձրացնում էր ռազմական համագործակցության խնդիրը, առաջին անգամ հաստատում, որ հայ ժողովուրդը դիտորդի դեր չի ստանձնում, այլ ակտիվ պայքարողի։

Օրին իր ծրագիրը ռուսական արքունիք հանձնեց 1701թ. հուլիսի 25-ին։ Նույն տարվա հոկտեմբերին Գոլովինի դղյակում կայացավ Պետրոս Առաջին թագավորի հետ հանդիպումը, որի ժամանակ էլ Օրին ներկայացրեց 1677թ. Էջմիածնի ժողովի անունից կաթողիկոսի գրած նամակը։

Օրին Պետրոս ցարին է հանձնում նաեւ Պֆալցի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի նամակը, որտեղ մասնավորապես ասված էր. «Հայաստանի պետերը դիմել են ինձ, խնդրելով ռազմական օգնություն Հայաստանի վրա ծանրացած լուծը թոթափելու եւ իրենց ազատությունը վերականգնելու համար։ Հնարավոր չհամարելով երես դարձնել այդքան մեծ ու բարենպատակ գործից, ուզում եմ գիտենալ՝ արդյոք ցա՞րը եւս արդարացի եւ իրագործելի է համարում հայերի խնդիրը. եթե, այո, արդյոք հնարավո՞ր կհամարեր թույլ տալ Մոսկվայի վրայով դաշնակից զորքերի անցը, այդ գործը գլուխ բերելու համար»։ Այս ամենից բացի, Օրին ցարին է ներկայացնում իր դիմումը, որը զգալիորեն տարբերվում էր նախկինում գրված նմանատիպ ուղերձներից։ Առկա էին քաղաքական հասունացումը, դիվանագիտական հմտությունը, իրադրության ճիշտ ընկալումը։ Հանդիպման ժամանակ ռուսական ցարը համակրանքով արտահայտվեց հայ ժողովրդի ու նրա ցանկությունների նկատմամբ։ Գրեթե մեկ տարի անց՝ 1702թ. ռուսական արքունիքից Օրուն հայտնեցին, որ ցարը վճռել է հայերի օգնության խնդիրը քննարկել հյուսիսային պատերազմից հետո։ Օրին որոշեց ավետիսը հասցնել Հայաստան եւ մելիքներին, Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսներին հորդորել ազատագրական շարժման նախապատրաստվել։ Սակայն բանբեր Միրոն Վասիլեւը 1703թ. վերադառնալով Հայաստանից, տեղեկացրեց այն սառը վերաբերմունքի մասին, որ ցուցաբերել էին հիշյալ առաջնորդները։ Նման շրջադարձը դեռեւս հասու չէր հայ քաղաքական մտքին, այն բեւեռված էր միմիայն Եվրոպայի վրա։ Ժամանակ ու հավաստիքներ էին անհրաժեշտ, որպեսզի հայությունը ճշգրտեր իր վերաբերմունքը։ Թերեւս սա կռահել էր Օրին եւ գործուն քայլերի դիմեց տեղաշարժի համար։ Ժամանակը խոսեց նրա օգտին։ Երբ թուլացած պարսկական խանությունները սկսեցին հալածանքների նոր շղթան, երբ Եվրոպայից սպասվող օգնությունը այդպես էլ իրական չդարձավ, մելիքներն ու Գանձասարի կաթողիկոս, ազատագրական շարժման նվիրյալ գործիչ Եսայի Հասան-Ջալալյանը, իրենք սկսեցին օգնության խնդրանքով դիմումներ ուղղել Ռուսաստան։

Հյուսիսային պատերազմում ռուսական զորքերի հաջողությունները բարերար կացություն ստեղծեցին, եւ ռուսական արքունիքը սկսեց մտածել Անդրկովկաս արշավանքի մասին։ Ահա այսպես ասպարեզ եկավ ցարի՝ Պարսկաստան պատվիրակություն ուղարկելու մտահղացումը։ Արքունիքը, նկատի ունենալով Օրու քաջատեղյակությունը երկրամասին, նրան տվեց ռուսական բանակի գնդապետի կոչում, նշանակեց պատվիրակության ղեկավար։

1704թ. Օրին մեկնեց Դյուսելդորֆ եւ 20000 ռուբլու զենք գնեց, որպեսզի զինի Աստրախանի հայերից կազմված ջոկատը, որը պետք է մասնակցեր ապագա արշավանքին։ Վերադառնալով Եվրոպայից, Օրին 50 հոգանոց պատվիրակության հետ 1707 թվականին նավով Աստրախանից հասավ Բաքվի մոտ գտնվող Նիզովոյե նավահանգիստը, այնտեղից էլ Շամախի քաղաքը, որտեղ տեղի հայության կողմից արժանացավ հանդիսավոր ընդունելության, նա կապերի մեջ մտավ նաեւ վրաց գործիչների, Ղուբայի, Շիրվանի խաների, Անդրկովկասի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ` բարյացակամ վերաբերմունք ստեղծելով Ռուսաստանի նկատմամբ։

Հատկապես արգասավոր էին Օրու հարաբերությունները Գանձասարի կաթողիկոսի հետ։ Ազատագրական շարժման նվիրյալները միակամ ու համակարծիք էին՝ արշավանքը արագացնելու, ավելի հիմնավոր հավաստիքներ ու տեղեկություններ տալու։ Կապերը ամրապնդելու նպատակով որոշվեց, որ Օրու հետ Ռուսաստան մեկնի Եսայի Հասան-Ջալալյանը։

1711թ. ազատագրական շարժման ռահվիրաները հասան Աստրախան եւ այնտեղից պետք է մեկնեին Մոսկվա՝ Պետրոս Առաջինի հետ հանդիպման, բայց Օրու անսպասելի մահը այս անգամ եւս խորխորատ ստեղծեց հայ ժողովրդի ազատագրության ճանապարհին։ Սակայն այն գաղափարը, որին նա նվիրեց իր կյանքը, արդեն տվել էր պտուղները։ Արցախում եւ Սյունիքում ձեւավորվել էր ազգանվեր գործիչների մի ողջ համաստեղություն, որը փորձում էր սեփական ուժերով՝ զինված պայքարի ճանապարհով լուծել հայրենիքի ազատագրության հիմնախնդիրը։ Տիրող էր դառնում այն գաղափարը, որ միայն դրսի օգնությամբ անկարելի է իրականացնել ազատագրման ու պետականության վերականգնման նպատակը։

Շարունակելի

Խորագիր՝ #42 (1313) 30.10.2019 - 5.11.2019, Պատմության էջերից


31/10/2019