ՄԻ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՈՒՄ
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյան
Ես ազգային բանակում ծառայել եմ 2002-ից մինչեւ 2004 թվականը: Անկեղծ ասած՝ նախազորակոչային շրջանում բանակի մասին իմ հայթայթած տեղեկությունները երբեմն խիստ հակասական էին ու անհամատեղելի: Բայց բոլոր «առասպելները» վերացան, երբ զորակոչվեցին ընկերներս ու ականատեսի աչքերով սկսեցին պատմել իրենց զորամասի առօրյայից, նիստուկացից: Ես զորակոչվեցի բարձր տրամադրությամբ եւ լավ ծառայելու պատրաստակամությամբ: Իմ 18-ամյակն ու բանակի քեֆը նույն օրն էր, որովհետեւ հաջորդ օրը պիտի զորակոչվեի: Զորահավաքակայան գնացի նախորդ օրվա վառ տպավորություններով, փոքր-ինչ հուզված, բայց օրինակելի զինվոր դառնալու վճռականությամբ: Զորահավաքակայանում բավականին երկար զրույցից հետո գնդապետի ուսադիրներով զինվորականը որոշեց, որ ես պետք է ծառայեմ ՀՕՊ զորքերում:
…Բանակային անմոռաց հիշողությունների շարքում իրենց տեղն ունեն զինվորական կյանքի առաջին երեք օրերը: Դրանք ամենադժվարն էին: Համազգեստը վրայովս մեծ էր, անկողինը հարմար չէր, ուտելիքն անծանոթ էր, զորացրվող տղաների քաջալերանքի խոսքերն ավելի շատ հուզմունք էին արթնացնում քան ոգեւորություն: Միակ մխիթարությունն այն էր, որ «տղամարդկային դաժան քննության», «կայանալու դժվարին փորձաշրջանի» մասին քաղաքացիական կյանքում լսած պատմությունների հետքն անգամ չկար զորամասում, ամեն ինչ խաղաղ էր, հարթ, բարյացակամության մթնոլորտում:
…Ես մանկուց տարված եմ եղել զենքերով, ուսումնասիրել եմ պատերազմների պատմությունը: Ու երբ ուսումնական վաշտում ծառայելիս առաջին անգամ տեսա իմ զենքը՝ «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրը, շատ սիրեցի: Հպարտ, հզոր զինտեխնիկա է… Ուսումնական ձեռնարկները ռուսերեն էին, մեր սպաները թարգմանում էին դասերը ու թելադրում, որ գրենք ու սովորենք: Ես չէի համբերում, որ սպաները թարգմանեն, վերցնում էի լսարանում դրված ձեռնարկն ու մեկը մյուսի հետևից թարգմանում դասերը: Սպաները նկատեցին, որ նոր դասավանդվող նյութերը ես նախապես եմ սովորում եւ առաջարկեցին, որ մյուս զինվորներին բացատրեմ կարդացածս: Նույնը վերաբերում է նաեւ ՀՊՊ առարկային:
Այն նույնպես շատ հետաքրքիր էր ինձ համար, ու ես մեծ հետաքրքրությամբ սովորում էի: Այդ ժամանակ ինձ արձակուրդ տվեցին: Երբ վերադարձա արձակուրդից, հսկիչ-անցագրային կետում ծառայակից զինվորները սկսեցին շնորհավորել ինձ: Պարզվեց՝ բոլորը ստացել են կրտսեր սերժանտի կոչում, իսկ ինձ շնորհել են սերժանտի կոչում: Դա իմ առաջին «շոշափելի» հաջողությունն էր «Բանակի գերազանցիկ» կրծքանշանից հետո: Այնուհետև ես նշանակվեցի դասակի հրամանատարի տեղակալ ու «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրի հրամանատարի տեղակալ-ավագ օպերատոր: Մենք արդեն տեղափոխվել էինք այլ զորամաս, որը պաշտպանում էր Հայաստանի հյուսիսարեւելյան օդային տարածքը: Պիտի հպարտությամբ ասեմ, որ «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրի կրակի սեղմակի բանալին ինձ էր վստահված, եւ այն հանձնելու էի զորացրվելուս օրը:
…Բանակային կյանքի ամենահիշարժան իրադարձություններից է զորավարժությունը, որի ժամանակ մեր զորամասը ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք: Զորավարժությունն արդեն ավարտվել էր, մեկ էլ անսպասելի երկինքը լցվեց ինքնաթիռներով ու ուղղաթիռներով: Մեր խնդիրն էր գտնել նշակետը, եւ ամբողջ զորամասը «լծվեց» այդ առաջադրանքը կատարելուն: Նշակետը գտա ես, հաղորդեցի անհրաժեշտ պարամետրերը եւ արժանացա ՀՕՊ լավագույն օպերատորի կոչմանը: Սա բանակում իմ ամենամեծ նվաճումն է, ինչի համար շատ ուրախ եւ հպարտ եմ:
Պիտի նշեմ, որ զորակոչվելուց կարճ ժամանակ անց ես ինձ այնքան լավ էի զգում բանակում, որ նույնիսկ չէի ուզում արձակուրդ գնալ: Երբ մեր մարտկոցի հրամանատարը ինձ ասաց, որ արդեն արձակուրդիս ժամանակն է, ես հրաժարվեցի տուն գնալ: Մենք ծառայակից ընկերներով հրաշալի հարաբերություններ ունեինք, շատ մտերիմ էինք սպաների հետ, որոնք նոր էին ավարտել ռազմական բուհը եւ համարյա մեր տարեկիցն էին: Ու կարողանում էին համատեղել ավագ ընկերոջ հոգատարությունն ու հրամանատարի խստապահանջությունը:
Շատ լավ հիշում եմ իմ առաջին Նոր տարին բանակում: Բոլորիս տարան ճաշարան, համեղ տոնական սեղան էին բացել՝ շատ քաղցրեղենով ու առանց խմիչքի: Այդ օրը ուշ քնեցինք, երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Բանակային երկրորդ Նոր տարին դիմավորեցի դիրքերում: Մեզ դարձյալ տոնական ուտելիք էին բերել, բայց մենք էլ մեր հերթին գյուղից համեղ բաներ առանք: Ու մինչեւ լույս տղերքով քեֆ արեցինք դիրքերում: Իհարկե, առանց խմիչքի ու վայրկյան անգամ չկորցնելով զգոնությունը: Հիշում եմ՝ մի պահ խշշոց լսվեց: Բոլորս դուրս թռանք ու պարզեցինք, որ «աղմկողը» մի մոլորված լուսան է, որի աչքերը պսպղում էին գիշերվա խավարում:
Շատ լավ հիշում եմ զորացրվելուս օրը: Նույնիսկ նորակոչիկների հուզված դեմքերն են մնացել հիշողությանս մեջ: Նրանց տեսնելով՝ ես վերապրում էի իմ առաջին բանակային օրվա հույզերը ու աշխատում էի ամեն կերպ ոգեւորել տղաներին: Չեք հավատա, եթե ասեմ, որ արցունքս հազիվ եմ զսպել, երբ դուրս էի գալիս զորամասի դարպասից:
Իմ կյանքում շատ կարեւոր բան թերի կլիներ, դատարկ կմնար, եթե ես ծառայած չլինեի ազգային բանակում: Կարող եմ միանշանակ ասել, որ բանակային երկու տարին իմ կյանքի ամենակարեւոր ձեռքբերումների շրջանն էր: Նախ՝ ես սովորեցի ինքնուրույն ապրել, ինքնուրույն որոշումներ կայացնել ու ինքնուրույն դիմակայել դժվարություններին, առանց հարազատների աջակցության: Ես ինքնուրույն դարձա նաեւ կենցաղում՝ պոկվելով մայրական խնամքից ու քնքշանքից: Երբ զորացրվելուց հետո տուն վերադարձա, բոլորն ասում էին, որ ես շատ եմ փոխվել: Դա այնքան ցցուն էր տնեցիների համար. թույլ չէի տալիս, որ խառնվեն իմ կյանքին: Ես էի որոշում ինչ անել եւ ինչպես:
Փոխվել էր նաեւ իմ հայացքը հայրենիքի հանդեպ, իմ ու երկրիս «փոխհարաբերությունները»: Դու ակամա ավելի մոտ ես հայրենիքի զգացողությանը, երբ գիտես, որ ամեն պահի երկինքը կարող է լցվել թշնամու օդուժի տեխնիկայով, եւ դու պիտի դիմակայես, դու պիտի պաշտպանես հայրենիքդ, ժողովրդիդ, հարազատներիդ ու ծառայակից ընկերներիդ… Այդ ժամանակ որպես զինվոր քո մեծ առաքելության առաջ ես-իդ չափերը անսահման փոքրանում են: Հայրենիքը դառնում է անքննարկելի արժեք:
Առիթ եմ ունեցել շփվելու բանակի, առաջնագծի հետ նաև ապրիլյան պատերազմից հետո, երբ կամավորական սկզբունքով մարտական պատրաստություն անցա համապատասխան զորամասերում, այդուհետև մեկնեցի Արցախ՝ սահմանին ինժեներական աշխատանքներ կատարելու:
…Վերջում ուզում եմ բոլոր զինվորներին մաղթել, որ նրանք ջերմ հիշողություններով, մեծ ձեռքբերումներով ու վաստակած հպարտությամբ տուն վերադառնան բանակից:
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #42 (1313) 30.10.2019 - 5.11.2019, Բանակ և հասարակություն