ՔԻՄԸ
Ամերիկահայ կինոդերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղերից է, նրա անունը համացանցում ամենաշատ որոնվողների առաջին տասնյակում է: Նրան սիրում են եւ ատում, քննարկում ու քննադատում: Բաց տեսարաններով նրա լուսանկարները պարբերաբար պայթեցնում են համացանցը, իսկ նրա եւ քույրերի մասնակցությամբ ռեալիթի շոուները մշտապես սկանդալ եւ իրարանցում են առաջացնում:
Այսօր խոսքը, սակայն, ոչ թե հայտնի աստղի սկանդալային շոուներին է վերաբերելու, նրա շքեղ մարմնի բարեմասնությունները ցուցադրող լուսանկարներին, այլ պարզապես Քիմի հայկական արմատներին եւ նրա… հայանպաստ գործունեությանը:
Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980թ. հոկտեմբերի 21-ին, Լոս Անջելեսում, ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի ընտանիքում (Ռոբերտ Քարդաշյանը հայտնի փաստաբան էր, մահացել է 2003թ. թոքերի քաղցկեղից):
«Հայրս մեզ շատ բան է պատմել հայերի եւ հայկական մշակույթի մասին, նա միշտ ասում էր, որ մեր ազգանվան վերջից երբեք չհանենք «յան»-ը, ինչն անում են Ամերիկա տեղափոխված շատ հայեր: Ամեն տարի ես եւ մեր ընտանիքը հարգում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թեեւ աշխարհի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիայի կառավարությունը նախկինի նման հերքում է այդ իրողությունը: Հայոց ցեղասպանությունը ավելի վաղ է իրագործվել, քան Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները, ե՛ւ Հոլոքոստը, ե՛ւ այս ոճիրները թերեւս չլինեին, եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Քիմը իր բլոգում (իսկ բլոգի այցելուների թիվը միլիոնների է հասնում):
Նմանաբնույթ գրառումներ հաճախակի կարելի է տեսնել համաշխարհային աստղի բլոգում:
Քարդաշյաններն իրենք եւս ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են: Բրիտանական Daily Mail-ը տպագրել է Քարդաշյան ընտանիքի նախնիների լուսանկարների արխիվը: Պարբերականն իր էջերում պատմել է աստղային այս ընտանիքի նախնիների ճակատագրի մասին…
2015թ. ապրիլին Քիմն առաջին անգամ այցելեց Հայաստան, նաեւ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ: Եվ ահա բոլորովին վերջերս Քիմ Քարդաշյանը կրկին Հայաստանում էր, եկել էր մասնակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին: Հայկական արմատներով գեղեցկուհին այս անգամ եւս այցելեց Ծիծեռնակաբերդ։
«Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը շատ հուզիչ էր: Ջարդերի լուսանկարները եւ դրանց վերաբերյալ հրապարակված գրականությունը տեսնելով՝ չեմ կարողանում հավատալ, որ մարդիկ դեռ շարունակում են հերքել, որ նման բան է եղել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1.5 մլն հայեր սպանվել են»,- գրել է նա:
Քիմ Քարդաշյանը շատ է կարեւորում Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելը: Հայաստանում նա լրագրողներին տեղեկացրել է, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել Սպիտակ տանը, խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի հետ: Քիմը նաեւ վստահեցրել է, որ այս հարցում երբեք չի հանձնվելու։
♦♦♦
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:
Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում ներկայացրել էր բանաձեւի քվեարկության արդյունքներն ու նշել. «Այսօր մենք պատմություն կերտեցինք»։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Հոգևոր-մշակութային