Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՓՐԿՅԱԼԴ ԱՍՏՈՒԾՈ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՕԾՅԱԼԴ ԱՍՏՈՒԾՈ



ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՓՐԿՅԱԼԴ ԱՍՏՈՒԾՈ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՕԾՅԱԼԴ ԱՍՏՈՒԾՈ«Մկրտվել» գրաբարում նշանակում է «լվացվել, մաքրվել»: Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից: Մկրտության խորհրդի նախօրինակ է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով: Ինչպես բոլոր խորհուրդները, այդպես էլ մկրտությունը կատարողը Սուրբ Հոգին է հոգևորականի միջնորդությամբ: Այսպիսով, ըստ առաքելավանդ ուսմունքի, մկրտությունը կատարվում է ջրով և Սուրբ Հոգով՝ համաձայն հրեա վարդապետ Նիկոդեմոսին ուղղած մեր Տիրոջ խոսքի. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ. Գ 5), որի տեսանելի ներկայությունն ապահովվում է մկրտության ջրի մեջ հեղվող Ս. Մյուռոնով:

Հայ Եկեղեցում Ս. Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ ըստ Քրիստոսի հրամանի. «Գնացե՛ք, ուրեմն  աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19), և քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, որպես Քրիստոսի առաքյալների իրավահաջորդի, որոնց էլ Տեր Հիսուսը հրամայեց մկրտել:

Մկրտության խորհրդակատարության սկզբում քահանան մկրտվողին հրաժարեցնում է սատանայից ու նրա բոլոր խաբեություններից, այսինքն` մեղքից, որից լվացվելու է մկրտության սուրբ ավազանի մեջ: Ապա, լսելով նրա հավատի ուղղափառ հայտարարությունը և մկրտվելու ցանկության հավաստիացումը, եթե մկրտվողը մանուկ է, նրան եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանի ջրի մեջ երեք անգամ ընկղմում է, իսկ եթե չափահաս է, երեք անգամ ջուր է վրան հեղում՝ արտասանելով Հայ Եկեղեցու մկրտության բանաձևը. «Աստծո այս ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Քրիստոսի արյամբ գնված լինելով մեղքի ծառայությունից՝ ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար» (Չմկրտված անձը անվանվում է երախա):

Մկրտությունը ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելու սուրբ խորհուրդն է, որով մարդը սրբվում է Ադամից ժառանգած (ադամական), նաև մինչև մկրտությունը գործած մեղքերից, վերստին ծնվում է և ընդունում երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսին ժառանգակից, նաև Սուրբ Հոգու տաճար, դառնում է քրիստոնյա:

Եկեղեցու ընկալման համաձայն՝ մկրտության ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, ընկղմվելը՝ թաղվելը, և ջրից ելնելը՝ Նրա հետ հարություն առած նոր կյանք սկսելը: Սա է փաստում Պողոս առաքյալը՝ ասելով. «Մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռոմ. Զ 3-4):

Հայ Եկեղեցին, ըստ Առաքելական եկեղեցիների սովորության, բացի չափահասներից, մկրտում և դրոշմում է քրիստոնյաների մանուկ զավակներին: Այս պարագայում ծիսակատարությունը տեղի է ունենում ծնողների ու կնքահոր հավատի հիման վրա, ինչպես Ավետարանում հիշատակված մի շարք դեպքերում, երբ մկրտվում էին ամբողջական ընտանիքներ մանուկներով հանդերձ: Մեր Եկեղեցում երեխաներին սովորաբար մկրտում են 8 օրական հասակում՝ որպես օրինակ ունենալով մանուկ Հիսուսի 8 օրական թլփատությունը և անվանակոչությունը: Մենք մկրտում ենք մանուկներին նաև այն պատճառով, որ նրանց հնարավորություն տանք, կնքահոր ու ծնողների տված հոգևոր դաստիարակությամբ, մասնակցելու Եկեղեցու խորհուրդներին և ապրելու Եկեղեցու կյանքով, քանի որ չմկրտված անձնավորությունը չի կարող մասնակցել Եկեղեցու մյուս խորհուրդներին, և մանկանը չմկրտելով՝ նրան զրկում ենք Եկեղեցու շնորհաբեր կյանքին մասնակցությունից` մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնի ու Արյան Հաղորդությունից: Տերը պատվիրում է. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. ԺԹ 13-15):

Մանկան մկրտության ժամանակ մեծ դեր ունեն կնքահայրն ու ծնողները, որովհետև նրանք մկրտվող մանկան հավատի թարգմաններն ու ապագա քրիստոնեական դաստիարակության երաշխավորներն են: Այդ պատճառով հարկ է, որ նրանք լինեն օրինակելի հավատացյալներ և մկրտությունից հետո հետևեն մանկան քրիստոնեական դաստիարակությանը: Ավելացնենք նաև, որ Եկեղեցին արգելում է ծնողներին անհավատ կնքահայր ընտրել՝ մկրտված մանուկներին գայթակղությունից զերծ պահելու նպատակով: Կնքահայրը նաև չի կարող երեխա կամ անչափահաս լինել, քանի որ նա է կոչված լինելու մկրտվող մանկան գլխավոր հոգևոր դաստիարակը:

Մկրտության մաքրագործող խորհրդին հաջորդում է Դրոշմի շնորհաբաշխ խորհուրդը: Եթե մկրտությամբ շեշտը դրվում է առավելապես մարդու մաքրագործման վրա, Դրոշմի խորհրդով՝ հավատի մեջ զորանալու: Այս խորհուրդը Սուրբ Հոգու նորոգիչ շնորհների ընդունման նպատակ ունի: Ստանալով աստվածային շնորհները՝ մարդը զորանում է հոգով և անտեսանելի զրահներով ու զենքերով սպառազինվում ընդդեմ չարի հարձակումների, կնքվում է փրկության օրվա համար: Յուղով օծումը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակ, սակայն միայն Հիսուսի մարդեղությամբ՝ Օծյալի գալստյամբ է այն կատարելապես իմաստավորվում ու դառնում աստվածային իրողություն:

Դրոշմը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա: Դրոշմի խորհուրդը կատարվում է սրբալույս Մյուռոնով: Դրոշմի խորհուրդը կոչում ենք նաև ԿՆՈՒՆՔ, քանի որ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմնի մասերն ու զգայարանները՝ ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք, աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար, ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար, հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար, բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ դնելու համար, ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար, սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար, թիկունքը՝ որպես ամուր վահան՝ չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար, ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան քայլելու համար:

Խաղաղությո՜ւն քեզ, փրկյալդ Աստուծո, Խաղաղությո՜ւն քեզ, օծյալդ Աստուծո:

Այս օծմամբ ու անտեսանելի կնիքներով մկրտվողը մեկընդմիշտ կապվում է իր Արարչին ու երկնավոր Հորը։

Հավարտ Ս. Մկրտության ու Ս. Դրոշմի խորհրդակատարությունների նորածին քրիստոնյային մատուցվում է իր անդրանիկ Ս. Հաղորդությունը, որ ի տարբերություն առաջինների՝ կրկնելի է, և որքան հաճախ, այնքան լավ։ Տիրոջ Մարմնին ու Արյանը հաղորդվելով, մեր Փրկչին մեր մեջ ընդունելով՝ զորության անգերազանցելի աղբյուր ենք մեր մեջ ունենում և հնարավորություն՝ պարկեշտ ու առաքինի կյանքով ապրելու դեպքում հաղթահարել մեր առաջ ծառացող չարի բոլոր խոչընդոտներն ու գայթակղությունները։

 

♦♦♦

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Շիրակի կայազորի ավագ գնդերեց Տ. Հակոբ քահանա Գրիգորյանի ձեռամբ և ազնիվ բարերարությամբ՝ հոլանդաբնակ իրաքահայ տիկին Մարգարիտ Նալբանդյանի կայազորի 28 ժամկետային և պայմանագրային զինծառայողներ ու նրանց ընտանիքների անդամներ մկրտության սրբազան խորհրդով դարձան Քրիստոսի ժառանգակից, Աստծո որդեգիր զավակ ու քրիստոնյաների մեծ ընտանիքի անդամ:

Սրբազան արարողությանը հաջորդեց ՀՀ ՊՆ N զորամասում կազմակերպված համերգային-մշակութային մի գեղեցիկ ծրագիր։ Ելույթներով հանդես եկան բազմաշնորհ երգչուհի Անուշ Ավագյանը և «ՀՈՒՅՍ» մանկապատանեկան պարային համույթի շնորհալի մանուկները։ Ամենքին համակել էր ուրախության զգացումը, որ արտահայտվում էր թե՛ զիվորների և թե՛ ներկաների պարերում ու պայծառ ժպիտներում։ Որպես այս անմոռանալի ու անկրկնելի օրվա եզրափակում, հիշյալ զորամասի ճաշարանում ներկաները ճաշակեցին զինվորների պատրաստած մատաղն ու անչափ համեղ այլ ուտեստներ: Մեր աղոթքն ու շնորհակալությունն ենք բերում այս յուրօրինակ օրվա բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին։

 

Սարգիս սարկավագ Հարությունյան

Շիրակի կայազորի գնդերեց

Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Ազգային բանակ


07/11/2019