Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՎաղ առավոտից հարյուրավոր կիլոմետրերով ձգված ու բազմաբնույթ միջոցառումներով «հագեցած» ճանապարհը հաղթահարելուց հետո, կեսգիշերն անց, վերջապես հասանք սարերի ու բլուրների միջև ճամբարային հավաքների ելած հրետանային զորամաս: Վերջինիս հրամանատար, ծառայության երկարամյա փորձառությամբ գնդապետ Գ. Պողոսյանը, լապտերը ձեռքին, անհանգիստ ետ ու առաջ էր քայլում:

Անհանգստությունը բնական է, ներքին ապրումները՝ հասկանալի, ինքնահարցադրումները՝ տրամաբանական. ինչքանով է զորամասը պատրաստ միջոցառումներին:

Մեզ համար խիստ անսովոր աստղազարդ երկնքի լուսավորության ներքո, հրամանատարի հետ կայացած կարճատև զրույցից հետո, գնում ենք հանգստանալու` հաջորդ օրվանից սկսվող մեծածավալ միջոցառումներին պատրաստ և առույգ լինելու ակնկալիքով:

Ինչ հանգստանալ, երբ փորձում ես արժևորել օրվա իրադարձությունները, երբ առանձնակի զգացողություններ են առաջանում շրջապատող բնական միջավայրի հետ գրեթե միաձուլված, տողաններով շարված ու ցուցանակներով սահմաններն առանձնացրած ստորաբաժանումների վրանային ճամբարը դիտելուց, երբ օրվա հագեցած պարապմունքներից հետո անխռով քնած անձնակազմին օրոր է ասում բնությունն իր «սիմֆոնիկ համերգով»…

Չեմ նկատում, թե ինչպես են մտորումների րոպեները ժամեր դառնում, ու… ճամբարի հերթապահը հնչեցնում է օդը թրատող և նոր՝ ուսումնամարտական զորավարժության սկիզբն ազդարարող «Տագնապ» ազդանշանը:

Ճամբարը մեկեն ոտքի է ելնում: Այգաբացի օդն են ճեղքում տարբեր ստորաբաժանումների հրամանատարների կարճ ու հստակ հրամանները: Մեղվափեթակի նման ճամբարը սկսում է եռալ, ալեկոծվել: Կարծես անտես մի ձեռք, ժամացույցի մեխանիզմի նման, ստորաբաժանումների անձնակազմերին դրել է անաղմուկ շարժման մեջ: Պետք է տեսնել ու զգալ, թե որքան օպերատիվ ու հստակ են գործում շարքայիններն ու սերժանտները, հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Հրետանային զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանը տեղակալների, ծառայությունների պետերի, դիվիզիոնների, առանձին ստորաբաժանումների հրամանատարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ շտապ հրավիրված խորհրդակցությունում ներկայացնում է ստացված կարգադրությունները, պարզաբանում յուրաքանչյուրի խնդիրները և տալիս հստակ հանձնարարականներ:

Բացազատված դաշտային հրամանատարական աշխատանքային վրանում իրավիճակով թելադրված իրենց գործառույթներն են սկսում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ց. Խաչատրյանը, նույն համալսարանի շրջանավարտ, օպերատիվ բաժանմունքի պետ, մայոր Ա. Կիրիլենկոն` քարտեզի վրա աշխատելով վերադասից ստացված ուսումնամարտական խնդրի վրա:

Զորամասը մարտական պատրաստականության բերման պլանի համաձայն` հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանը շտապ մեկնում է զորամասի հիմնական տեղակայման վայր` որպես անձնակազմի և տեխնիկայի լրահամալրման կետի պետ տեղում ծավալելու համապատասխան ընդունիչ, բաշխիչ կետերն ու կազմակերպելու համալրման գործընթացը:

Մենք էլ հրամանատարի հետ շարժվում ենք հրետանային սպառազինության և ռազմական տեխնիկայի դաշտային կայանատեղի, ուր արդեն համապատասխան ստորաբաժանումների հրամանատարների հստակ ցուցումներով սկսվել է ամբողջ տեխնիկայի գործարկումը: Հարյուրի հասնող գործարկված մեքենաները քարշակվող Դ-20 հրանոթներով, ՄՄ-21 ռեակտիվ ականանետային տեղակայանքները, կարմիր ու դեղին դրոշակներով տրվող հրամաններով սկսում են ռազմերթը: Յուրաքանչյուր ստորաբաժանման մեքենաների շարասյունը, սահմանված հեռավորությունը պահպանելով, դուրս գալով դաշտային հավաքակայանից, շարժվում է դեպի ելակետային բնագծեր:

…Շարասյուների համաչափ ռազմերթը կողքից դիտողի մեջ առաջացնում է հպարտության, մեր զինվորների հանդեպ վստահության զգացում: Իսկ զինվորների հայացքներում կարելի է անվարան կարդալ հավատ ու թշնամուն հաղթելու պատրաստակամություն, դժվարություններն անվարան հաղթահարելու վճռականություն, անսպառ կորով ու նվիրվածություն:

– Զորամասը կայացած մարտական միավոր է` իր տարեգրությամբ, իր զինվորական ավանդույթներով,- նշում է զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանը և հավելում,- ունակ է առաջադրված մարտական խնդիրները անվարան իրագործելու: Վստահ եմ, որ մեր միասնական, համախմբված կոլեկտիվով մենք կկարողանանք օպերատիվ ծավալվել ըստ դիվիզիոնների ու մարտկոցների և ճշգրտորեն կյանքի կոչել զորավարժության պլանով նախատեսված միջոցառումներն ու խնդիրները, մասնավորապես` մարտական կիրառման շրջաններում գնդի ներդաշնակման կատարելագործումը, անձնակազմին դաշտային պայմաններում մարտ վարելուն վարժեցնելը:

Օպերատիվ հերթապահը մոտենալով մեզ՝ հրամանատարին զեկուցում է` «Հարձակում հրամանատարական կետի վրա»:

Հրամանատարը կարճ հրահանգներ արձակելով` անցնում է իր գործողությունների կատարմանը: Այդ ընթացքում հրամանատարական կետում առկա սպայական, ենթասպայական և շարքային անձնակազմը շատ արագ ստանում է զենքերը, հանդերձավորվում և անցնում շրջանաձև պահպանության, այնուհետև ինքնապաշտպանության` ըստ շտաբի պետ, փոխգնդապետ Ց. Խաչատրյանի՝ դեռ առավոտյան պարզաբանած մարտական հաշվարկի:

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԵվ մինչ կազմակերպվում էր հրամանատարական կետի ինքնապաշտպանությունը, ստացվում է մի նոր ներածական` «Կապի խափանում»: Զորամասի կապի պետ, կապիտան Արթուր Այվազյանն անմիջապես հանձնարարականներ է տալիս և կապավորների խմբեր ուղարկում բոլոր ուղղություններով` ստորաբաժանումների ու վերադասի հետ գծալարային կապը ստուգելու և խափանումները վերացնելու, խաթարված կապը վերականգնելու համար:

Հմուտ գործողությունների և միասնական կամքի դրսևորմամբ, կարճ ժամանակ անց ոչնչացվում է հակառակորդը, վերականգնվում է կապը, և հրամանատարական կետն անցնում է մարտկոցների մարտավարական զորավարժությունների նախապատրաստմանը` «Մարտկոցի գործողությունները խորքից առաջխաղացմամբ զրահատանկային գումարտակի հարձակողական մարտին աջակցմանը» թեմայով:

Այդ ընթացքում առանձնահատուկ եռուզեռ էր սկսվել բացազատված դիվիզիոնների մարտկոցներում, ինչը տեսնելու համար էլ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վահագն Խաչատրյանի հետ մեկնում ենք ստորաբաժանումների բացազատված կրակային բնագծեր:

– Մեր զինվորները լավն են ու հուսալի,- բարձրաձայնում է փոխգնդապետ Վ. Խաչատրյանն և անմիջապես անցնում Դ-20 հրանոթների հրամանատարների ստացած խնդիրների պարզաբանումներին ու հրահանգավորմանը: Հատուկ ուշադրություն է հրավիրում ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս և հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների խստագույնս պահպանմանը:

Երբ մոտեցանք ՄՄ-21 ռեակտիվ ականանետային տեղակայանքների 1-ին մարտկոցին, այդտեղ առանձին ցուցումներ էին տրվում նախապատրաստական գործընթացների ժամանակ նկատված վրիպումների, բացթողումների, բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ: Այնուհետև պարզաբանվեցին յուրաքանչյուր զինծառայողի խնդիրները: Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում կրակի ղեկավարման սարքով իրականացվող հաշվարկների ճշգրտությանն ու արագագործությանը, մարտական աշխատանքին, կրակի կառավարման դաշտային պարապմունքներին:

Հետևում ենք, թե ինչպես են գործում մարտական հաշվարկներն ըստ հրամանատարական կետից տրվող հրամանների: Րոպեներ անց մեր սպասումները հանգուցալուծվում են. հնչում է «Կրակ» հրամանը, և անմիջապես ՄՄ-21 տեղակայանքի ռեակտիվ արկը, կրակ ու բոց արձակելով, մեծ արագությամբ դուրս է թռչում փողից և ուղղվում դեպի նախորոշված թիրախ:

…Զորավարժության վերջին՝ եզրափակիչ փուլի ժամանակ զորամասի հրամանատարի հրահանգները լսելուց հետո շտաբի սպաները զբաղվում են սպառազինության ու տեխնիկայի, թիկունքային ապահովման, կապի, ինժեներական, բժշկական ու բարոյահոգեբանական ապահովման լայնածավալ աշխատանքներով: Առաջնահերթ խնդիր է դառնում տեղազննությունն ու նոր մարտակարգերի ծավալման վերաբերյալ որոշումների կայացումը:

Ծառայությունների պետերն իրենց ենթակա ստորաբաժանումներին վերաբերող մասով կարգադրություններ են արձակում. սկսվում է կիլոմետրերով ձգվող՝ դեպի առաջավոր բնագծեր շարժվող շարասյան կազմումը: Շարժման ժամանակ ռադիոկապով հրամանատարին են զեկուցում անսպասելի խափանումների մասին, որոնք հենց երթի ընթացքում օպերատիվորեն վերացվում են: Ու մինչ իրականացվում են նոր առաջավոր հրամանատարական կետի բացազատման աշխատանքները, բավականին արհեստավարժ գործի են անցնում կապավորները, ՀՕՊ դիտորդները, սակրավորները: Աշխատանքային վրանում իրենց քարտեզների վրա աշխատում են շտաբի սպաները: Նրանք մտահոգ են ու լարված, շարունակ դիվիզիոնների ու առանձին ստորաբաժանումների հետ հեռախոսակապով ճշգրտումներ են կատարում, տալիս մասնակի ցուցումներ…

Վաղ առավոտից, մոռանալով անքնությունն ու հոգնածությունը, բոլորը մեկեն լծվում են զորամասի հրամանատարի առաջավոր դիտակետից տրվող հրամանների կատարման գործին:

Սկսվում է հրետանային կրակի կառավարման բարդ ու դժվարին գործընթացը, մարտական հաշվարկներն օպերատիվորեն արձագանքում են առաջին հայացքից անհասկանալի թվերին ու բառակապակցություններին, և րոպեներ անց հնչում են հրետանային համազարկերն ու ճնշում հակառակորդի ուժերը…

Սեփական ուժերով հակառակորդի հրետակոծությունից վնասված տեխնիկայի վերանորոգմանը զուգահեռ, շտապ կազմվում և վերադաս հրամանատարությանն են ներկայացվում սպառազինությամբ, տեխնիկայով ու անձնակազմով համալրման հայտեր:

Ակտիվ գործողություններով յուրային ստորաբաժանումները, հրետանու ակտիվ աջակցությամբ ջախջախում են հակառակորդին ու պարտության մատնելով՝ պարտադրում նահանջի ուղին: Տրվում է զորավարժության ավարտի ազդանշան, և սկսվում է հաղթողի հոգեբանությամբ համակված անձնակազմի գործողությունների նոր ալիք, ինչը «համեմվում» է երկար սպասված ուրախալի լուրով. ծնվել է զորամասի ծառայության պետ, մայոր Նորայր Խալաթյանի դուստրը: Ու հետևում է շնորհավորանքների հեղեղը, ու բոլորի տրամադրությունն ավելի է բարձրանում:

… Հրամանատարի մեքենայով գնում ենք պատկառանք ներշնչող շարասյան առջևից: Շրջադարձերին կամ ոլորաններում երևում է միայն համաչափ, սահմանված արագությամբ և հեռավորությամբ առաջացող, կիլոմետրերով ձգված ուժի մի չնչին մասը:

Անտարակույս, Հայոց բանակի ուժն ու զորությունը հենց այս միասնական, ժամացույցի մեխանիզմի պես աշխատող ու դինամիկ շարժվող կենդանի օրգանիզմի ուժի մեջ է:

 

ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/11/2019