ՉԱՐԱՑԱԾ ՉԽՈՍԵՆՔ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
«Հայ զինվորի» հյուրասրահում զորամասի հրամանատար գնդապետ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆՆ է
-Պարոն գնդապետ, մեր զրույցն ուզում եմ սկսել շնորհավորանքով. սեպտեմբերի 21-ին՝ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ պարգեւատրեց «Մարտական ծառայության» մեդալով։ Դա Ձեր առաջի՞ն կառավարական պարգեւն էր։
-Երկրորդը։ Առաջինը «Արիության» մեդալն է, որով պարգեւատրվել եմ դեռեւս 1999թ., երբ գումարտակի հրամանատար էի։
-Մի ամբողջ օր միասին շրջեցինք առաջնագծում, զրուցեցինք դիրքապահ զինվորների հետ եւ չնկատեցի, որ որեւէ զինվորի կամ սպայի դիտողություն անեք։ Ձեզ մոտ իսկապես ամեն ինչ լա՞վ է, թե՞ մեր ներկայությունն էր ինչ-որ տեղ կաշկանդում։
-Եթե որեւէ խախտում նկատեի, մի՛ կասկածեք` դիտողություն կանեի։ Իմ աչքից ոչինչ չի վրիպում։ Առաջնագծում մեր զինվորն ավելի հավաք է ու կազմակերպված։
-Հենակետերի ստուգման մատյանների լուսանցքերում կարդացի Ձեր գրառումները` «Կեցցե՜ն իմ արծիվները» եւ «Կեցցե՜ն իմ քաջերը»: Ոգևորո՞ւմ եք:
-Նրանց, որոնց ես կոչում եմ արծիվներ, քաջեր են, հայրենապաշտության մարմնացում։ Տղաներ, որոնք իրենց երկիրը անսահմանորեն սիրում են։
– Ինչպիսի՞ն է կարգապահությունը Ձեր հրամանատարությամբ գործող զորամասում, ո՞ր բնույթի խախտումներն են գերակշռում, եւ ի՞նչ է արվում` դրանք վերացնելու համար։
-Վերջին երկու տարում մեր զորամասում զինվորական կարգապահության կոպիտ խախտման ոչ մի դեպք չի եղել։ Իհարկե, ժամկետային զինծառայողների միջեւ լինում են վիճաբանություններ, որոնք չունեն նախապատմություն եւ չեն ունենում շարունակություն։ Կարգապահության խախտման եւ ոչ մի դեպք հրամկազմի և անձամբ իմ տեսադաշտից դուրս չի մնում, անմիջապես կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում, կարգազանց զինվորի հետ անհատական աշխատանք ենք տանում, որպեսզի այս կամ այն արարքը հանցագործության չվերաճի։ Ասեմ, որ կարգապահական խախտման վերջին դեպքը երկու զինվորի միջեւ ծագած վիճաբանությունն էր, որը վերաճել էր ծեծկռտուքի։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ավելացնեմ նաեւ, որ պաշտպանության նախարարի հայտնի ուղերձը հասցվել է զորքին ամենայն մանրամասնությամբ։
-Երբեւէ զինվորի վրա ձեռք բարձրացրե՞լ եք։
-Ո՛չ։ Խիստ խոսել եմ, բայց ձեռք չեմ բարձրացրել։ Եղել է դեպք, երբ զինվորն իր արարքով մինչեւ հոգուս խորքը վիրավորել է ինձ։ Վիրավորվել եմ որպես զինվորական, որպես հրամանատար, որպես ծնող, բայց մատով չեմ դիպել: Հաջորդ օրը կանչել եմ ինձ մոտ, երկար զրուցել հետը, խրատել, եւ նա հասկացել է։ Այդ զինվորը մինչեւ զորացրվելը կարգապահական որեւէ խախտում թույլ չտվեց, անգամ խրախուսվեց արձակուրդով։
Առիթն օգտագործելով` ուզում եմ ասել հետևյալը: Այսօր շատ է խոսվում բանակում տիրող կարգապահական վիճակի մասին, աջ ու ձախ անխնա դատափետում են հրամանատարին, սպային։ Իսկ քննադատողները երբեւէ հարցրե՞լ են` արդյո՞ք կարգապահ, դաստիարակված պատանի է գալիս բանակ։ Հավատացեք, այն պատանին, որ բարեկիրթ է, կարգապահ թե՛ տանը, թե՛ դպրոցում ու փողոցում, նա չի կարող անկարգապահ զինվոր լինել։ Ստացվում է, որ տան, դպրոցի բոլոր բացթողումներն ու փողոցային բարքերը ուղղելու դժվարին գործը դրվում է բանակի, ասել է թե՝ սպայի, հրամանատարի ուսերին։ Ես չեմ արդարացնում զինվորին ծեծող սպային, հրամանատարին, բայց եւ չեմ կարողանում հասկանալ նրանց, ովքեր ամեն ինչում անարդարացիորեն մեղադրում են բանակին՝ սերժանտից մինչեւ նախարար։
Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ծնող, որպես սպա եւ զորամասի հրամանատար, իմ ամբողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնում եմ մեր երկրի պաշտպանության սուրբ գործին։ Առավոտից իրիկուն զորամասում եմ, զինվորի հետ, զինվորի կողքին։ Այսօր հրամանատարն այնքան իր երեխաների հետ չի լինում, որքան` զինվորների։ Այսօր հրամանատարն շատ ավելի զբաղվում է զինվորի հոգսով ու դաստիարակությամբ, քան թե` իր սեփական երեխաների։ Տուն ես գնում կեսգիշերին` հոգնած-ջարդված, երեխաները քնած են, գալիս ես ծառայության՝ էլի քնած են։ Մեր սպաներից շատերն իրենց երեխաների երեսը օրերով, շաբաթներով չեն տեսնում։ Մեր զորամասում ծառայող սպան անկարեւոր բաների մասին ժամանակ էլ չունի մտածելու։ Նրանց ուշքն ու միտքը ծառայությունն է։ Ես ունեմ որդի, դուք ունեք որդի, եւ մենք խոսում ենք նրանց մասին` վստահ, որ նրանք, երբ գա ժամանակը, ազնվորեն կկատարեն իրենց սուրբ պարտքը հայրենիքի առաջ, քանի որ մենք պարտավոր ենք նախեւառաջ երկրին, բանակին տալ կարգապահ, օրինավոր, պետական մտածողություն ունեցող զինվորներ։ Բարոյական սահման կա, որ պարզապես չի կարելի անցնել։
– Զորամասի հրամանատարի պաշտոնում ծառայության այս 3,5 տարիների ընթացքում ի՞նչ բացահայտումներ եք արել ինքներդ Ձեզ համար։
-Երբ ասացիք, որ ուզում եք լինել սահմանի ամենադժվարին հատվածում, ես չառարկեցի, թեպետ եղանակային պայմանները խիստ անբարենպաստ էին։ Դուք եղաք հենակետերում եւ բարձր դիրքերից նայեցիք հայ զինվորի շնորհիվ խաղաղության մեջ ապրող մեր շեներին։ Դուք տեսաք ծովի մակերեւույթից 3200 մ եւ ավելի բարձրության վրա իր պարտականությունները կատարող, իր հայրենական պարտքին անմնացորդ նվիրված զինվորների, որոնց ամեն օրը խիզախում է, մաքառում։ Ես ինձ համար բացահայտել եմ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստ, ծառայակից ընկերոջ համար սեփական կյանքը չխնայող զինվորին։ Գուցե անձնական հարաբերություններում երբեմն իրար չհասկացող, բայց դժվարությունների մեջ մեկը մյուսի համար հոգի տվող զինվորին։ Տարվա 7-8 ամիսն այստեղ ձմեռ է, ճանապարհները` դժվարանցանելի, բնակավայրից հեռու գտնվելու պատճառով ապահովման խնդիրներն ու մարտական հերթապահությունն իրականացվում են դժվարին պայմաններում, եւ ի հեճուկս այս ամենի` հայ զինվորի ու սպայի բացառիկ նվիրումի շնորհիվ մեր զորամասը պատվով է կատարում իր առջեւ դրված բարդ մարտական առաջադրանքները։
-Վերջում Ձեր` որպես սպայի, հրամանատարի ցանկությունը։
-Չարացած չխոսենք մեր բանակի մասին։ Բանակը մեր միս ու արյունն է, իսկ զինվորը՝ նրա մարտունակության գրավականը։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան