ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «ԵՍ ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ԹԱԳԱՎՈՐԸ» ՎԵՊԸ
Եթե մի քանի տարի առաջ Մհեր Իսրայելյանի ստեղծագործական երևումները գրական մամուլում և կայքերում, նաև՝ «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակի ու «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուի՝ առանձին գրքերով հրատարակվելը ընկալվում ու մեկնաբանվում էր իբրև գրականություն, թեկուզև շատ խոստումնալից ու տաղանդավոր դրսևորումներով, մուտք գործելու հայտ, ապա նրա երրորդ գիրքը՝ «Ես եմ աշխարհի թագավորը» վեպն արդեն փաստումն է իր ուրույն ձեռագրով ու ոճով, ասելիքի թիրախով արձակագրի հաստատուն ներկայության արդի հայ գրականության պարագծում:
«Ես եմ աշխարհի թագավորը» վեպում Մհեր Իսրայելյանը յուրովի ամփոփում է իր նախընթաց ստեղծագործական որոնումները՝ ոճի, ասելիքի, թեմաների, հարցադրումների փնտրվող ու հաճախ չհստակվող փնտրտուքները հասցնելով որոշակի հանգրվանի: Վեպի հերոսների՝ երկվորյակ եղբայրների զարմանահրաշ հեծանիվով ճամփորդությունը իրենց տոհմածառի հետքերով ոչ միայն իրենց պատմված-ավանդվածը ստուգելու փորձ է կամ հանդգնություն, այլև Մհեր Իսրայելյանի՝ սեփական գրողական որոնումների յուրովի ստուգում: Այս պատճառով է, որ վեպը չափազանց համադրական բնույթ ունի՝ ներառելով ժանրային ու ոճական բազմազան տարրեր: Թերևս ամենից ուշագրավը վեպում Մհեր Իսրայելյանի հոր՝ Վրեժ Իսրայելյանի պատմվածքների սյուժեների, հերոսների, նրանց պատմությունների համադրումն է: Ընդ որում՝ այդ համադրումը չի արտացոլվում սոսկ մեջբերումներով կամ հիշատակումներով: Մհեր Իսրայելյանի երկվորյակ հերոսները իրենց, այսպես կոչված, արկածների ճանապարհին շարունակում են այդ սյուժեները, նոր իրավիճակներում են հանդիպում այդ հերոսներին և անգամ ճշգրտում են նրանց պատմությունների որոշ մանրամասներ:
Ընդհանրապես, «Ես եմ աշխարհի թագավորը» վեպը վերջին տարիների լավագույն գրքերից է, որ յուրովի շարունակում է մեր գրականության՝ Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի, Սասունիկ Թորոսյանի, Վրեժ Իսրայելյանի, Ռոլանդ Շառոյանի և ուրիշների ստեղծագործություններով ամրագրված ավանդները, դրանք ներդաշնակելով ժամանակակից գրականության լավագույն փորձին և նորարարություններին:
ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Հոգևոր-մշակութային