Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ-ՈՒՄ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է СУ-24 ՌՄԲԱԿՈԾԻՉ



Ամուրի շրջանի Ուկրաինկա ռազմաբազայի օդանավակայանում այսօր առավոտյան կործանվել է СУ-24 ռազմաճակատային ռմբակոծիչ: Անձնակազմի երկու անդամները զոհվել են:

Ռմբակոծիչը վթարվել է վայրէջք կատարելիս: Այն դուրս է եկել թռիչքավայրէջքային երթուղու սահմաններից, շուռ է եկել և բոցավառվել է: Նախնական տվյալներով կոտրվել է առջևի շասսիի կանգնակը, ինչի պատճառով ինքնաթիռը հարվածել է գետնին և կործանվել:

Սակայն տեխնիկական անսարքության վարկածից բացի առաջ է քաշվել նաև օդաչուի և ղեկապետի սխալ գործողությունների վարկածը: ՌԴ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ շասսիի կանգնակը կոտրվել է կոշտ վայրէջքի պատճառով:

Վթարի պատճառները քննելու համար ՌԴ զինվորական գլխավոր քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Օդանավակայանում, ուր տեղի է ունեցել վթարը, ուսումնասիրվում են թռիչքների կազմակերպման հետ կապված բոլոր փաստաթղթերը:

Արդեն գտնվել են օդանավային ինքնագրիչները, այսպես կոչված «սև արկղերը», որոնք գրեթե չեն վնասվել: Ինքնաթիռի թռիչքի վերաբերյալ դրանցում գրանցված տվյալները կօգնեն վթարի պատճառների բացահայտմանը:

ՌԴ պաշտպանության նախարարը վթարից հետո կարգադրել է ստուգել երկրի ռազմաօդային ուժերում սպառազինության կանգնած բոլոր СУ-24 ռմբակոծիչների տեխնիկական վիճակը: Տարբեր տվյալներով դրանց թիվը 556-590 միավոր է:

Խորագիր՝ Նորություններ


20/10/2011