ՔՈ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԶԻՆՎՈ՛Ր
Լուրթ երկնքի տակ, առաջին գծում
Կանգնած է զինվորը խրամատի մեջ,
Զենքը ձեռքին, կրակն աչքերում,
Ու խավար գիշերվան ասես չկա վերջ:
Ժամապահն է նա Արցախ աշխարհի,
Խրոխտ, անսասան չորս կողմն է հսկում,
Ու թե թշնամին մայր հող սողոսկի,
Քաջի գնդակից նա չունի պրծում:
Լավ գիտի քաջը, երդում է տվել,
Պահել Հայրենին, հողը սրբազան,
Այստեղ իր եղբոր արյունն է թափվել,
Ու չկա առավել դրանից թանկ բան:
Դո՛ւրս արի, լուսի՛ն, ամպերի տակից,
Նենգ է թշնամին, խավար է սիրում,
Ստվերներ են սողում դիմացի լանջից,
Օգնի՛ր զինվորին իր արդար գործում:
Խոտերի մեջ ծղրիդն է երգում,
Աստղերը կարծես շուրջպար են բռնել,
Քաղցր հուշերն են թեւածում հոգում,
Սիրած աղջկան շատ է կարոտել:
Թախիծն է իջնում քաջի աչքերին,
Մայրական գգվանքը երազ է թվում,
Հեռվում է թողել սերը առաջին,
Հանդիպման պահն է մտքով փափագում:
Բայց քանի դեռ ամպեր կան մթին,
Արցախ աշխարհի գլխին կուտակված,
Մայր հողն է հիմա քաջին անկողին,
Զինվորն ամուր է իր հողին կանգնած:
Ու թող հասկանան ուժերը մթին,
Անկարելի է մորը բաժանել որդուց,
Կջախջախվեն նրանք կրկին ու կրկին,
Սահմանն է հսկում «Մհերը Առյուծ»:
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ազատամարտիկ
Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Հոգևոր-մշակութային