Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ 77



ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ 77«Ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն»:

 

♦♦♦

«Սա Հայաստանն է` իր չափերով այնպիսին, որ կարող եմ հանգիստ տեղավորել սրտումս»

 Լեոնիդ Ազգալդյան

Արցախի հերոս

 

 

Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մարտիկ էր` ֆիզիկական եւ հոգեւոր արժանիքների բարձր համադրությամբ: 1988թ., երբ Երեւանում խաղաղ ցույցեր էին, Լեոնիդի խորաթափանց միտքը հասկանում է, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զինված պայքարի միջոցով: Նա սկսում է ինքնաշեն հրթիռներ պատրաստել, այնուհետեւ ստեղծում է կամավորների ջոկատ` ընտրելով 300 մարտիկի, որոնք պետք է կռվեին հանուն հայրենիքի: Նա անթերի ղեկավարեց եւ հաղթանակով ավարտեց 27 ռազմական գործողություն` ազատագրելով հայկական հողերը։

 

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյան

«50 տարեկանում հազվագյուտ մեկը կարող էր իր մեջ այդքան եռանդ կենտրոնացնել եւ դրսեւորել, այդպես պայքարել, անգամ խոսքի ուժով կրկնապատկել իր զինվորների թիվը: 1990թ. օգոստոսն էր, Աշոտ Նավասարդյանը հրավիրեց ինձ իր մոտ եւ ասաց, որ Ոսկեպարում վիճակը ծանր է, պետք է օգնենք: Նա ինձ ծանոթացրեց Լեոնիդի հետ, պետք է միասին գործեինք: Հարցուփորձ արեցի, քանի որ հրամանատար էր, ուզում էի իմանալ նրա զինվորական կրթության մասին, բայց պարզվեց՝ ֆիզիկոս է, բարձրակարգ գիտնական: Նա էլ հարցրեց, թե ռազմական ոլորտին առնչվող ինչ գրականություն ունեմ, որ կարող եմ իրեն փոխանցել. զարմացա, մտածեցի` մենք մարտի դաշտ ենք գնում, իսկ նա գրականությունից է խոսում, բայց ժամեր անց հասկացա, որ նա գերազանց տիրապետում է զինվորական օրենքներին, հեռատես է եւ իր գիտելիքները նպատակային է օգտագործում, նա փորձագետի նման էր գործում, թեեւ ինքնուս ռազմական գործիչ էր: Ոսկեպարում հաջողություն ունեցանք, որը ավարտվեց երկու նախագահների հանդիպումով, եւ հակառակորդը հետ քաշվեց: Ես խորհրդային սպա էի եւ Խորհրդային Միությունն էի համարում իմ հայրենիքը, իսկ Լեոնիդի միջոցով հասկացա, որ իմ հայրենիքը սահման ունի, եւ որ այն իմ հպարտությունն է»:

 

Հովսեփ Հովսեփյան, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր, պահեստազորի գնդապետ

1991թ. հունիսին Լեոնիդ Ազգալդյանը ստեղծեց «Ազատագրական բանակ» ռազմական կառույցը, որը Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում: Ես առաջին անգամ Արցախ եմ գնացել Լեոնիդ Ազգալդյանի հետ` 1990 թվականին։ Մեր նպատակը ազգային-ազատագրական բանակ ստեղծելն էր, այդ այցելությունը կամավորներ հավաքագրելու խնդիր ուներ։ Անշուշտ, մարտական փոքր խմբավորումներ արդեն կային, կազմավորվել էին, բայց հավատը վարչակարգի, գորբաչովյան վերակառուցման նկատմամբ դեռևս զորավոր էր։ Հենց այդ պատճառով էլ շատերն անվստահությամբ էին մեզ լսում, սեփական ուժերին, հաղթանակին չէին հավատում։ Բայցեւայնպես, անտառում` ձմեռային դաժան պայմաններում Լեոնիդն ու ես հիմնեցինք ռազմական ճամբար, մասնակցեցինք Մարտունու, Հադրութի, Մարտակերտի` Արցախի քսանյոթ բնակավայրերի ազատագրմանը։ Հենց որևէ ճակատում իրադրությունը լարվում, օրհասական էր դառնում, մեր օգնությանն էին դիմում»: Հովսեփ Հովսեփյանը նշեց, որ Լեոնիդը ասում էր` եթե ուզում եք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, ապա պետք է ազատագրել Քարվաճառը: Քարվաճառի ազատագրումը տեղի ունեցավ Լ. Ազգալդյանի մահից հետո, որին մասնակցեցին նաև Լ. Ազգալդյանի ջոկատի տղաները` Հովսեփյանի գլխավորությամբ:

Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Ճակատագրեր


14/11/2019