Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

1780թ. խորհրդակցությունից հետո գեներալ Սուվորովը ժամանում է Հյուսիսային Կովկաս։ Աստրախանից գեներալը կապեր է հաստատում Արցախի մելիքների հետ։ Նորից կենդանանում են հույսերը։ Ոգեւորությունը մեծանում է, երբ մելիքներին է հասնում Սուվորովին փոխարինած գեներալ Պավել Պոտյոմկինի նամակը, որը տեղեկացնում էր նախապատրաստվող արշավանքի մասին, հուսադրում։ 1783թ. մարտին Արցախի մելիքները հավաքվում են Գանձասարում եւ նամակին ծանոթանալուց հետո որոշում ընդունել ռուսական հպատակություն եւ նամակով խնդրում արագացնել արշավանքը։ Պարսկական Ալի-Մուրադ խանը սակայն, որը հավակնում էր շահական գահին, 1784թ. բանակցություններ սկսեց Եկատերինա կայսրուհու հետ եւ խոստացավ հաջողության դեպքում Ռուսաստանին զիջել Արցախի, Ղարադաղի եւ Երեւանի խանությունները, Կասպից ծովի արեւմտյան ափերը։ Առանց արյուն թափելու նպատակին հասնելու գայթակղությունը խաղաց իր դերը, եւ ռուսական արքունիքը որոշեց հետաձգել արշավանքը։ Խաները չկատարեցին իրենց խոստումները, ռուսական անհեռատեսությունը այս անգամ էլ ծանր հարված հասցրեց հայ ազատագրական շարժմանը։

 

Հայկական հարցի միջազգայնացման փուլը

19-րդ դարն սկսվեց նշանակալի իրադարձությամբ։ 1801թ. Արեւելյան Վրաստանը միացվեց Ռուսաստանին։ Թիֆլիսի Սիոնի եկեղեցում ցարի հրովարտակը հրապարակելու պատիվը վերապահվել էր Հովսեփ Արղության կաթողիկոսին։ Հսկա կայսրությունը սահմանակից էր դառնում բազմաչարչար Հայաստանին, սպասվում էր հաջորդ քայլը. ազատագրվելու էր նաեւ Արեւելահայաստանը։

Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը, սակայն, անհանգստացրեց ասիական բռնատիրություններին։ Վրաստանի խաղաղ միացումը զգալիորեն թեժացրեց ռուս-պարսկական հարաբերությունները, որոնք վերածվեցին պատերազմի։ 1804-1813 թթ. տեղի ունեցավ ռուս-պարսկական առաջին պատերազմը։ 1813թ. հոկտեմբերի 13-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց պայմանագիր։ Աղվանքի ¥Ադրբեջան¤ տարածքում գտնվող 7 խանությունների հետ միասին Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջեւանի, Շիրակի, Զանգեզուրի,Ղափանի շրջաններն ու Արցախը միացվեցին Ռուսաստանին։ Փաստորեն, պարսկական տիրապետությունից ձերբազատվեցին Արեւելյան Հայաստանի զգալի տարածքներ։ Ցարիզմը, եթե նպատակամղված լիներ վերականգնել հայկական պետականությունն ու մասնակիորեն լուծել Հայկական հարցը, այդ տարածքներից կարող էր կազմել հայկական վարչական նոր միավորում` հայկական պետականության վերականգնման խնդիրը թողնելով ապագային։ Սակայն, ունենալով հեռուն գնացող ծրագրեր, ցարը հայկական տարածքները կցեց ուրիշ վարչական միավորումների, տարանջատեց իրարից՝ հնարավորություն տալով երկրամասում թափառական կյանքով ապրող խաշնարածներին հիմնավորվել հայկական, հատկապես բարեբեր տարածքների վրա, զրկելով իսկական տերերին։

Հայ քաղաքական միտքը թեեւ անմասն չէր այս տեղատվություններից, սակայն անկարող էր որեւէ դերակատարում ստանձնել, որովհետեւ անվերապահորեն ընդունվել էր Ռուսաստանի հովանավորությունը, եւ ազատ պայմաններ էին ստեղծվել ռուսական քաղաքականության համար։

Մինչդեռ Անգլիայի մերձավորարեւելյան ծրագիրը հանգում էր Պարսկաստանի ու Թուրքիայի միջոցով Ռուսաստանին Անդրկովկասից հեռացնելու գաղափարին։ 1826թ. հուլիսի 16-ին պարսկական բանակը անցավ հարձակման, սկսվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը։

Հայ քաղաքական գործիչները, ձգտելով ժամ առաջ տեսնել Հայրենիքի ազատագրումը, հայության բոլոր կարողությունները տրամադրեցին ռուսական բանակի հաղթանակի ապահովմանը։ Ներսես Աշտարակեցին հուլիսի 29-ին կոչով դիմեց հայությանը. «Հասավ ժամը, երբ աչքով պիտի տեսնենք Արարատյան աշխարհի եւ հայոց ազգի ազատությունը… Ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցե՛ք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցեք հայրենի հողերը ու ապա ապրեցեք ազատ»։

Հայկական կամավորական դրուժինաները մասնակցեցին պատերազմի գրեթե բոլոր գործողություններին, ցուցաբերելով հերոսություն եւ անձնվիրություն։ Ցարիզմը, սակայն, իրեն ապահով չէր զգում։ Այն մտավախությունը կար, թե կամավորական խմբերը կարող են համարվել ապագա հայկական պետականության զինված ուժերը։ Որպեսզի զինված խմբերի գործունեությունը դուրս չգար նախատեսված շրջանակներից, 1827թ. մշակվեց «Առաջադրություն՝ հայկական գումարտակների ձեւավորման համար» կանոնադրությունը, որով խմբերի թե՛ գործելու, թե՛ ցրելու իրավունքը վերապահվում էր իշխանություններին։

Պատերազմն ավարտվեց ռուսական բանակի հաղթանակով։ 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչա գյուղում կնքվեց պայմանագիր։ Շահը ճանաչում էր Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին եւ թույլատրում պարսկահայերի ներգաղթը Արեւելյան Հայաստան։ 1829թ. ավարտվեց նաեւ ռուս-թուրքական պատերազմը, որն սկսվել էր 1828թ.։ Կնքված Ադրիանապոլի պայմանագրով արեւմտահայերը եւս ներգաղթելու իրավունք էին ստանում։ Գաղթերը ¥50.000 Թավրիզի, Մակուի, Սալմաստի, Խոյի, Ուրմիայի, Արտավետի շրջաններից, 90.000՝ Կարինի նահանգից¤ կործանարար ազդեցություն ունեցան թե՛ Պարսկահայքի, թե՛ Բարձր Հայքի ճակատագրի վրա։ Այդ տարածքներում փոխվեց ժողովրդագրությունը, եւ սուլթանի կազմակերպած ներգաղթի հետեւանքով հայության հայրենիքում բուն դրեցին Հյուսիսային Կովկասի չերքեզներն ու այլ մահմեդական ցեղեր, որոնք չարիք դարձան Կարինի հայության գլխին, որոնց ու քրդերի սերտ համագործակցությամբ իրականացվեց 19-րդ դարի զարհուրելի ոճիրը՝ 1894-1896 թթ. կոտորածները։

Պարսկահայերի գաղթից հետո, կռահելով ցարիզմի նպատակները, թե՛ Ե. Լազարեւը, թե՛ Ն. Աշտարակեցին կտրականապես դեմ էին արեւմտահայերի ներգաղթին, այն համարում էին պապական հայրենիքը կորցնելու վտանգ, պայքարում էին որոշումը անկատար թողնելու համար։ Գրեթե նույն տեսակետին էր նաեւ Պոլսի պատրիարքարանը, որը պաշտոնանկ արեց Կարինի առաջնորդ, գաղթի ջերմ պաշտպան Կարապետ եպիսկոպոսին։ Սակայն նա շարունակեց իր գործունեությունը եւ գլխավորեց գաղթականների քարավանը։

Դարձյալ մշակվեց հայկական հարցի լուծման մի ծրագիր, որի հեղինակներն էին Խ.Լազարյանը, Կ. Արղության-Երկայնաբազուկը եւ Ա.Խուդաբաշյանը։ «Հայ հայրենասերներ» անվանվող այս խմբակը ծրագիրը համապատասխանեցրել էր «Հյուսիսային» եւ «Հարավային» ծրագրերին, առաջարկել Ռուսաստանի հովանու ներքո ստեղծել ինքնավար իշխանություն, որը պետք է ունենար հայերից կազմված գվարդիա։ Սահմանվում էին նաեւ բնակչության իրավունքներն ու պարտականությունները։

1827թ. դեկտեմբերին նախագիծը ներկայացվեց կառավարությանը։ Ցարիզմը այն դիտելով հայկական պետականության վերականգնման փորձ՝ անուշադրության մատնեց, 1828թ. մարտի 21-ին հրապարակվեց հրամանագիր «Հայկական մարզ» կազմելու մասին։ Հայության հույսերը հօդս ցնդեցին։ Ցարիզմը չափազանց էժան գնահատեց դարի առաջին երեսնամյակում մղված չորս պատերազմներում հայության թափած արյունը, բարոյական ու տնտեսական, ֆիզիկական զոհողությունները, որոնց մասին բազմաթիվ զեկուցագրեր էին հասել արքունիք։ Միակ հուսադրողն այն էր, որ ռուսական պետականության մեջ կազմվում էր ազգային վարչական միավոր։ Հայկական հարցը, որի լուծմանը անհամբերությամբ սպասում էր հայությունը, չիրականացավ։ Չէր իրականանալու նաեւ Արեւելյան Հայաստանի գրավված տարածքները «Հայկական մարզի» մեջ ներառելու երազանքը։ Հայկական տարածքները օտարվեցին իրարից ու բռնակցվեցին տարբեր վարչական միավորումների, որպեսզի մեկընդմիշտ հայությունը մոռանար սեփական պետականությունը վերականգնելու հույսը։ Ապա անհետացավ Խաչատուր Աբովյանը, Հովհաննես Ալամդարյանը սպանվեց, այնքան մեծ ծառայություններ մատուցած Ներսես Աշտարակեցին վտարվեց Հայրենիքից, յոթ տարվա գոյությունից հետո՝ 1840թ. «Հայկական մարզը» լուծարվեց, եւ Երեւանի, Նախիջեւանի, Ալեքսանդրապոլի գավառները, Օրդուբադի օկրուգը ընդգրկվեցին Վրաց-Իմերեթական նահանգի կազմում, Արցախը՝ Կասպիական նահանգի եւ, վերջապես, երկար պայքարից հետո՝ 1849թ. հունիսի 9-ին, կազմվեց Երեւանի նահանգը, որի կազմի մեջ չէին մտնում հայկական բոլոր տարածքները։

Շարունակելի

Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Պատմության էջերից


14/11/2019