Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԽԱԽՏ ՀԱՎԱՏՔՈՎ ՈՒ ԽԱՉԻ ՈՒԺՈՎ



ԱՆԽԱԽՏ ՀԱՎԱՏՔՈՎ ՈՒ ԽԱՉԻ ՈՒԺՈՎՀայոց եկեղեցին ու բանակը բոլոր ժամանակներում մեկ միասնականություն են եղել, կան ու կլինեն: Անխախտ հավատքով, մարտական ոգով՝ զենքով ու խաչով, հայ հոգևորականը միշտ եղել է մարտադաշտում, կանգնել զինվորի կողքին ու պաշտպանել մեր խաղաղ արարման իրավունքը, մեր ինքնությունն ու հայրենի եզերքը: Ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև խաղաղ պայմաններում հոգևորականները մշտապես զորամասերում են, մարտական դիրքերում: Խաչի զորությամբ ու հավատքի ուժով ոգևորում ու ամրացնում են տղաներին:

Յուրաքանչյուր օր ու դասաժամ գնդերեց Մանվել սարկավագ Սարգսյանը սկսում է Տերունական աղոթքով և հոգևոր ծառայության հանդեպ պարտքի մեծ զգացումով: Ինչպես մեր մյուս գնդերեցների, այդպես և նրա ջանքերով օրեցօր ամրապնդվում է զորքի ու հոգևորականի միջև փոխվստահությունը ու եկեղեցի-բանակ կենսական կապը:

-Երբ զորամաս եկա,- վերհիշում է գնդերեցը,- առաջին քայլը, որ անհրաժեշտ էր անել՝  վստահության մթնոլորտի հաստատումն էր, որպեսզի զինվորներն ազատ կարողանային կիսվել իրենց թե՛ ընտանեկան, թե՛ անձնական և թե՛ ծառայողական խնդիրներով, դժվարություններով, հոգսերով:

Այժմ արդեն շուրջ երկու տարի սահմանապահ այս զորամասում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցն ամեն օր շփվում և հաղորդակցվում է սպաների ու ժամկետային զինծառայողների հետ, առանձնազրույցներ է ունենում, տալիս է հարազատներից ու սիրած աղջիկներից կտրված զինվորներին հուզող հարցերի պատասխանները:

-Մանվել սարկավագի հետ շփվելով՝ թեթևություն եմ զգում, կտրվում հոգսերից ու ավելի մեծ ուժ ստանում,- ասում է ժամկետային զինծառայող Նորիկ Սիմոնյանը:

Գնդերեցն իր հերթին մեծ գոհունակությամբ  փաստում է. «Հովվական ծառայությունն այսօր արդեն բանակային կյանքի անբաժան մասն է, և լինի դա զորամասում, թե մարտական հենակետերում, ոչ ոք այլևս չի զարմանում՝ զինվորի կողքին կանգնած հոգևորականի տեսնելով:

-Եթե հոգևորականն ինքը «Մի՛ սպանիր» պատվիրանի քարոզիչն է, ինչպե՞ս կարող է նա նաև զենք կրել: Զինծառայողներին կարող է թվալ, թե հակասություն կա Աստվածաշնչի և զինծառայության միջև: Սակայն սա խնդրի ընդամենը մակերեսային ընկալումն է: Մենք այստեղ ենք, որ նման հարցերի պատասխանը տանք, պարզաբանենք, բացատրենք: Օրինակներով ներկայացնում ենք, թե մեր հոգևորականներն ինչ նշանակալի դերակատարում են ունեցել մեր պատմության շրջադարձային ժամանակներում:

Ի դեպ, զորամասում հոգևոր ծառայության ընթացքում Մանվել սարկավագը վճռեց և ամենայն պատասխանատվությամբ ստանձնեց մեկ այլ գործառույթ ևս՝ դարձավ Սփյուռքից հայրենիք վերադարձած և հաճախ հայերեն գրել-կարդալ չիմացող զինվորների հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչը:

-Անցյալ տարի ունեցանք զինվորների առաջին խումբը, որ հայերեն արդեն վարժ գրում, կարդում, խոսում էր: Այդուհետև ավանդույթ դարձավ ուսումնական գումարտակներում արտերկրից վերադարձած մեր զինվորների հետ մայրենիի դասընթացներ անցկացնելը:

Շաբաթը մի քանի անգամ Մանվել սարկավագը, Աշոտ Երկաթ արքայի խաչի կրկնօրինակը ձեռքին, շտապում է առաջնագիծ՝ նորից ու նորից կանգնելու բարձրադիր հենակետերում՝ մարտական ծառայություն իրականացնող զինվորների կողքին:

-Այն գիտակցությունը, թե այս հողը, սահմանի այս հատվածն ինչ մեծ զոհողությունների գնով է ազատագրվել, ուժ է տալիս, որ այս հողի վրա՝ սահմանին, դու էլ առավել կարևորես ու արժևորես քո գործունեությունը՝ քո առաքելությունը:

Հասնում ենք ամենաբարձրադիր՝ ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա գտնվող մարտական հենակետերից մեկը: Մանվել սարկավագի հետ հագնում ենք զրահաբաճկոններն ու դիրքի ավագի օգնական Մոնթեի ուղեկցությամբ քարքարոտ խրամուղիով բարձրանում սահմանի այս հատվածը պաշտպանող տղաների մոտ: Լեռնային այս տեղանքում գրեթե զրոյական ջերմաստիճան է. սարերի լանջերը ծածկվել են առաջին ձյան շերտով:

-Էստե՞ղ է ցուրտ, թե՞ Աշոցքում,- Աշոցքի ծնունդ Մոնթեին է դիմում Մանվել սարկավագը:

-Էստեղ ավելի ցուրտ է,- պատասխանում է Մոնթեն:

Րոպեներ անց հասնում ենք առաջին դիտախորշին, որտեղ մեզ դիմավորում է զորամասի հոգևոր ակտիվի անդամ Հովհաննեսը: Մարտական ծառայության շուրջ մտերմիկ ու անկաշկանդ զրույցի ընթացքում Մանվել սարկավագը հետաքրքրվում է առաջնագծի իրադրությամբ, հորդորում լինել աչալուրջ, հարկ եղած դեպքում էլ՝ անվարան:

-Ով հավատում է խաչի զորությանը, կյանքում որևէ խնդրի, որևէ դժվարության, որևէ վտանգի առաջ չի նահանջի,- խաչով դիրքապահ զինվորներին օրհնելուց հետո ասում է Մանվել սարկավագը:

Դիրքերից մեկում անակնկալ հանդիպեցինք Վաղարշակին՝ այն տասնյակ տղաներից մեկին, որին Մանվել սարկավագը մայրենիով գրել և կարդալ էր սովորեցրել: Երկու տարեկանից ծնողների հետ արտերկրում բնակված զինվորը 21 տարեկան էր, երբ վերադարձավ հայրենիք՝ զինվորական ծառայությունը բնօրրանում իրականացնելու համար:

Մանվել սարկավագը անթաքույց հպարտությամբ է խոսում երիտասարդի հաջողությունների մասին:

-Երբ եկավ, գրեթե հայերեն չէր խոսում: Հատուկենտ բառեր գիտեր միայն: Իբր դա քիչ է, դեռ մկրտված էլ չէր,- ժպիտով պատմում է գնդերեցը:- Կարճ ժամանակում մեր Վաղարշակը հայերեն գրել-կարդալ սովորեց: Դրան հաջորդեց նաև մկրտությունը, և նա դարձավ ճշմարիտ հայ քրիստոնյա, մարտիկ:

Սարերի ծերպերին կանգնած, զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանող զինվորները խոստովանում են, որ լուսնի աղոտ լույսի, քամու սվսվոցի և այն մերթընդմերթ ընդմիջող հակառակորդի կրակոցների ներքո առավել է արժևորվում հոգևորին հաղորդակից լինելու դերն ու նշանակությունը:

-Ամեն անգամ խրամատ մտնելիս ասում եմ՝ «Աստված պահապան»: Եվ դա ինձ մեծ ուժ է տալիս,- ասում է ժամկետային զինծառայող Մոնթե Մուրադյանը:

Զինվորներից մյուսը՝ Նորիկ Սիմոնյանը, հավելում է.

-Այստեղ՝ դիրքերում, է՛լ ավելի մեծ հավատքով ես լցվում: Յուրաքանչյուրս վստահ է՝ Աստված միշտ մեզ հետ է, միշտ մեր կողքին ու մեր մեջ:

Ժամկետային զինծառայող Դավիթ Ստամբոլցյանը հաստատում է ընկերների խոսքը.

-Մենք այստեղ միայն ֆիզիկապես ենք մենակ, ո՛չ հոգեպես: Ու ոչ մի վախ կամ անհանգստություն չունենք:

Մեզ ուղեկցող վաշտի հրամանատար Գուրգեն Համբարձումյանն իր հերթին նկատում է.

-Զինվորը պետք է իմանա, որ դիտակետից մեկ քայլ այն կողմ իր եկեղեցու դուռն է: Եթե հակառակորդը հատի սահմանը, մեր եկեղեցին ու  մեր տունն է մտնելու: Դրա համար լիովին գիտակցում է, որ այստեղ ինքը պաշտպանում է իր թիկունքում գտնվող Խաչը՝ իր հավատքը, իր եկեղեցին ու իր երկիրը:

Սահմանը հսկող զինվորականների հետ համակարծիք է նաև գնդերեցը. «Այստեղ՝ սահմանին, յուրովի վերաարժևորվել և իմաստավորվել է նաև իմ առաքելությունը. այն է՝ մեր հարատևության նախապայման ազգ-բանակ-եկեղեցի կապի ամրապնդումն ու դրա խորհրդի փոխանցումը հայրենիքի պաշտպաններին»:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


14/11/2019