Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՃՌՈՐՈՇԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ Է



ՎՃՌՈՐՈՇԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ ԷԱրցախ աշխարհի պաշտպանական շրջաններից մեկում ենք՝ «Եղնիկներում»: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանի ուղեկցությամբ գնում ենք մարտական հենակետ:

Փոխգնդապետ Մարկոսյանն արդեն քսան տարի զինված ուժերում է. զինվորական ուղին սկսել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից, հետո ավարտել Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական համալսարանը՝ հրետանավորի մասնագիտությամբ:

-Հայրս 1988թ. Շարժման առաջին իսկ օրից անդամագրվել էր Երկրապահ կամավորականների ջոկատներին, մասնակցել Արցախյան ազատամարտին: 1992թ. Մատաղիսի հատվածում տեղի ունեցած մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է, բուժվել, նորից միացել զինընկերներին: Մեկ տարի չանցած՝ Երասխավանում դարձյալ վիրավորվել է, առաջին կարգի զինհաշմանդամ է: Երբ պատերազմի թոհուբոհն անցած հորս տեղեկացրի, որ որոշել եմ զինվորական դառնալ, բառերով անզոր են նկարագրելու նրան համակած ուրախությունն ու  հպարտությունը՝ իմ չկատարած գործերը, իմ չիրագործած նպատակները դու կիրագործես, տղա՛ս:

Ռազմական բուհն ավարտելուց հետո Արմեն Մարկոսյանը զինվորական տարբեր պաշտոններ է զբաղեցրել. եղել է դիվիզիոնի շտաբի պետ, հետո, որպես առաջխաղացում, նշանակվել է դիվիզիոնի հրամանատար:

Փոխգնդապետն ապրիլյան մարտական գործողությունների մասնակից է:

ՎՃՌՈՐՈՇԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ ԷՓորձառու սպան ապրիլյան օրերից պատմել չի սիրում. ցավով, դառնությունով շաղախված օրեր էին, մարտական ընկերների կորուստը երբեք չի ամոքվի, բայց հպարտությամբ շեշտում է՝ մեր զինվորներն ավելի հզոր են, քան հակառակորդի հատուկ պատրաստված հետախույզները:

-Կռվի հաղթական ելքը որոշող գործոնները մարդն ու սպառազինությունն են, սակայն որքան էլ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ անի, իր սպառազինությամբ պարծենա, միայն զենքով հաղթանակ չի լինում,- նշում է փոխգնդապետը,- որքան էլ գերժամանակակից զինատեսակներով զինված լինեն, միեւնույն է՝ յուրաքանչյուր տեխնիկա մարդն է ղեկավարում, ու նրա մասնագիտական պատրաստվածությունից, ինքնավստահ գործելաոճից, նրա վճռականությունից եւ ի վերջո՝ նվիրումից, շատ բան է կախված: Մարդկային գործոնն ամենակարեւորն է, վճռորոշը, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորի ու սպայի բազում անօրինակ սխրանքների  ականատեսը եղանք: Մեր ժամկետային զինվորներից մեկը՝ Մարատ Պետրոսյանը (տղերքը հետո կատակով «Ուստա» էին կանչում), կարողացավ «Ֆագոտով» հակառակորդի հինգ տանկ եւ մեկ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ) շարքից հանել…

Փոխգնդապետը ժամկետային զինվորների հերոսական արարքներից դրվագներ է հիշատակում, իսկ ես որտեղից որտեղ հիշել եմ զորացրված զինվորներից մեկի՝ Դավիթի հետեւյալ խոսքերը. «Մենք մեր ծառայության ընթացքում տեսել ենք բազում փորձություններ, ընկերության ու քաջության հարյուրավոր օրինակներ: Ափսոսում եմ, որ դրանք այդպես էլ բերանացի փոխանցվելով, մի օր, միեւնույն է, կմոռացվեն, իսկ եթե Հոլիվուդը դրանց գոնե հինգ տոկոսն ունենար՝ որպես սցենար, միլիոնավոր դոլարների ֆիլմեր կնկարեր….»:

♦♦♦

…Զինվորական «Վիլիսը» կտրուկ արգելակում է, հասել ենք մարտական հենակետ:

ՎՃՌՈՐՈՇԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ ԷՀանգստի ժամ է, զինվորներից ոմանք շախմատ, շաշկի են խաղում, մյուսներն էլ կողքից հետեւում են, քայլեր հուշում:

Անձնակազմի ակտիվ ժամանցի և հանգստի արդյունավետ կազմակերպման  գործը մշտապես զորամասի հրամանատարության ուշադրության կենտրոնում է. առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զինվորների լարվածությունը թոթափելու նպատակով տարաբնույթ միջոցառումներ են հաճախակի կազմակերպվում՝ վիկտորինաներ, համերգներ, մարզական միջոցառումներ…

Դիրքապահների տրամադրությունը բարձր է, սրամտում են, զվարճալի պատմություններ  վերհիշում-պատմում զինվորական կյանքից:

-Մեր թե՛ զորամասը, թե՛ մարտական դիրքերը աշխարհի ծայրին են, քարտեզից դուրս, բարդ ու դժվարին այս տեղանքում ծառայությանդ ամեն օրը քեզ ավելի է ամրացնում, կոփում, իսկ զորամասի անցած հերոսական ուղին իր հերթին է՛լ ավելի պարտավորեցնում,- ասում են տղերքն ու ավելացնում,- միասնական, մեկս մյուսին աջակցելով, մեկս մյուսին թեւութիկունք ծառայում ենք՝ հստակ գիտակցելով մեր դերն ու պատասխանատվությունը հայրենիքի սահմաններն անառիկ պահելու գործում:

-Զորամասի հրամանատարից մինչեւ կրտսեր հրամանատար ընկերական, փոխվստահության մթնոլորտ է, եղած խստությունն էլ սրտացավ ծնողի, ավագ ընկերոջ խստություն է,- նշում փոխգնդապետ Մարկոսյանը:- Թե որոշակի տարաձայնություններ, խնդիրներ  են նկատվում, փորձում ենք հարթել,  բացատրելով, պարզաբանելով հասկացնել, ճիշտ ուղու վրա դնել, հաշի առնելով յուրաքանչյուր զինծառայողի հոգեբանական առանձնահատկությունները: Հաճախ ենք զրուցում տարբեր թեմաների շուրջ՝ հետաքրքրվում թե՛ ընտանեկան, թե՛ ծառայողական խնդիրներով՝ փորձելով ի հայտ բերել նրանց հուզող, մտահոգող խնդիրները, գտնել անհրաժեշտ լուծումը:

Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բանակի մարտունակության ամենակարեւոր բաղկացուցիչն է: Կարող եմ վստահեցնել. հոգեպես և ֆիզիկապես ամուր են մեր զինվորները, եւ այսօր իրենք էլ նույն անկոտրում ոգով, նույն արժանապատվությամբ, նույն պարտքի ու պատասխանատվության գիտակցումով  ծառայում են՝ շարունակելով հայրերի, եղբայրների հերոսական գործը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/11/2019