Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ



ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲԶինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարբեր ծավալի ու բնույթի զորավարժություններ: Հակառակորդի կողմից հնչեցվող ռազմական հոխորտանքներն իրենց հերթին ստիպում են անընդհատ զարգացնել ձեռքբերումները, նոր մեթոդներ մշակել պաշտպանողական և հարձակողական մարտական գործողություններն առավել արդյունավետորեն վարելու համար:

Նաև այս հանգամանքները հաշվի առնելով էր կազմակերպվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկի ընդգրկմամբ  անցկացված մարտավարական զորավարժությունը, որն ուղեկցվեց մարտական հրաձգությամբ:

Մարտականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորավարժության ընթացքում իրականացվեց անընդհատ ղեկավարում, կազմակերպվեց արդյունավետ փոխգործակցություն, անձնակազմը ցուցաբերեց մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստություն` ևս մեկ անգամ փաստելով, որ զորատեսակը պատրաստ է իրականացնելու վերադասի հանձնարարած ցանկացած մարտական խնդիր:

Մասնավորապես, զորախաղերի մտահղացման համաձայն՝ հարձակման անցած և յուրային ուժերի առաջնագիծ մխրճված պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու և նրան հետ շպրտելու նպատակով մարտի էին դուրս եկել փոխգնդապետ Նելսոն Հակոբջանյանի հրամանատարությամբ գործող զորամասի զրահատանկային ստորաբաժանումները: Հրետանային կրակով իրականացնելով հակառակորդի համապատասխան թիրախների խոցում, տանկերն ու ՀՄՄ-ները անցան հակագրոհի, որի ընթացքում վերականգնվեց առաջնագիծը, իսկ նահանջի դիմած «հակառակորդի» նկատմամբ իրականացվեց հետապնդում` առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ«Զորավարժությունը նպատակ ուներ ենթակա անձնակազմին գործնականում ուսուցանելու այն բոլոր գործողությունները, որոնք պետք է իրականացվեն մարտի դաշտում: Այն հիմնականում հարձակողական բնույթի էր և պարունակում էր այնպիսի տարրեր, որոնք բխում են նաև ապագայում հակառակորդին թելադրվելիք նախապայմաններից»,- մեզ հետ զրույցում ասաց միավորման շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը` շեշտելով, որ այս ամենից ելնելով, վստահաբար կարող ենք ասել, որ զորավարժությունը ծառայել է իր նպատակին:

«Առաջադրված խնդրին համապատասխան զորամասն իրականացրել է երթ, զբաղեցրել կենտրոնացման շրջանը` նպատակ ունենալով հակառակորդին խոցելու բոլոր կրակային միջոցներով և սրընթաց գրոհով ոչնչացնելու նրա մխրճված ուժերին: Կասեցնելով նրա հակագրոհը և վերախմբավորելով  ուժերը` զրահատանկային ստորաբաժանումները վերականգնել են առաջնագիծը և, զարգացնելով հակագրոհը, կատարել վերադասի կողմից տրված ցուցումները»,- մեզ  հետ զրույցում ասաց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Հակոբջանյանը, հավելելով, որ խնդիրը հաջողությամբ կատարված է, և  զբաղեցնելով նպաստավոր բնագծեր՝ զորամասը անցել է պաշտպանության:

Ինչպես հրամանատարական կազմը, այնպես էլ ժամկետային զինծառայողները ջանք ու եռանդ չէին խնայում ուսուցման ընթացքում մատուցված գիտելիքները գործնականում ի ցույց դնելու համար:

«Զորավարժություններն անհրաժեշտ են բոլոր զինծառայողներին, որովհետև դրանք անհրաժեշտ փորձ են տալիս, ինչը իր հերթին վստահություն և հաստատակամություն է ներշնչում, թույլ տալիս դաշտային պայմաններում պատկերացում կազմելու իրական մարտական գործողությունների վերաբերյալ: Զորավարժության ընթացքում զինծառայողներս հերթական անգամ համոզվեցինք, որ հաջողության հասնելու համար պիտի պատրաստ լինենք թե՛ հոգեբանորեն, թե՛ մասնագիտորեն»,- իր և ծառայակիցների մտորումները փոխանցեց շարքային Արմեն Հարությունյանը:

 

ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆ

Լուս.՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/11/2019