Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՐՑԵՑԻՆ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ



ՄՐՑԵՑԻՆ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸԻնժեներասակրավորների ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամիավորումների ստորաբաժանումները  մրցում են լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Սա զինվորների ու սպաների ֆիզիկական ունակություններն ամրապնդելու, կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակությունը բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն ու փորձ է:

-Այս տարի նկատվում է ավելի բարձր պատրաստվածություն,  որովհետև սակրավորները տարեցտարի կատարելագործում են իրենց մարտական ունակությունները և արհեստավարժորեն են կատարում առաջադրված բարդ ու դժվարին խնդիրները,- ասում է համաբանակային մրցույթի մրցավար, ինժեներական զորքերի վարչության ավագ սպա, փոխգնդապետ  Արմեն Մուրադյանը:

Հակատանկային, հակահետևակային  ականադաշտերի տեղադրում, պարետային ծառայության կազմակերպում, պայթեցման եղանակով խրամատի փորում, ճանապարհային հատվածի ավերում. սրանք առաջադրված   խնդիրներն են:

Տղաների հագին զրահաբաճկոն է,  պաշտպանիչ սաղավարտ, իսկ նրանց ձեռքին ինժեներական սպառազինության միջոցներն են:  Թեժ մրցապայքարում  սկսվում են ականների հայտնաբերման  աշխատանքները:  Շոշափիչով  հողը ծակոտելուց ու փորելուց հետո՝ տարածքն անմիջապես ականազերծվում է:  Սակրավորները հայտնաբերված ականները վնասազերծում են ու էստաֆետը հանձնում զինակից ընկերներին: Առանց սխալվելու իրավունքի, առավել արագ ու առավել ճշգրիտ. ոչ միայն  վարժադաշտում, այլև իրական մարտական խնդիր կատարելիս այս դասակներից յուրաքանչյուրը ձգտում է լինել հենց այդպիսին:

ՄՐՑԵՑԻՆ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸԱյսօրվա  լավագույն սակրավորներից է ժամկետային զինծառայող Վռամ Թորիկյանը: Նա դեռ չի հասցրել մասնագիտական հմտությունները կիրառել իրական ռազմական խնդիրներ կատարելիս, փոխարենն իր վարպետությունը ցուցադրեց «Բաղրամյան» վարժադաշտում. «Այս առաջնությունը մեծ հնարավորություն է մեզ համար: Մենք  այստեղ վարժվում ենք, ձեռք բերում գործնական գիտելիքներ, կոփվում ենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես»:

Ի տարբերություն Թորիկյանի՝ ինժեներասակրավորային գնդի պայմանագրային զինծառայող Արամ Կիրակոսյանը մեկ անգամ չէ, որ մասնակցել է ականազերծման աշխատանքների: Նա նույնպես  փաստում է. մրցույթը  փորձի փոխանակման ու արհեստավարժ դառնալու լավ հնարավորություն է. «Նախկինում  ես մասնակցել եմ ականազերծման աշխատանքների տարբեր վայրերում՝ Սյունիքում,  Արցախում: Մեր աշխատանքները չափազանց բարդ ու պատասխանատու են: Եվ այսպիսի միջոցառումները նպաստում են ռազմական խնդիրները արհեստավարժորեն կատարելուն»:

…Եկավ վճռորոշ պահը. մրցավարները   որոշում են մրցույթի հաղթողին, արդյունքները գլխավոր մրցավար, ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Հակոբ Հարությունյանն է ներկայացնում. «Մրցումներն անցան լուրջ մրցակցությամբ: Առաջին տեղը զբաղեցրեց ինժեներասակրավորային գնդի ստորաբաժանումը, երկրորդ տեղը` չորրորդ զորամիավորման սակրավորների ստորաբաժանումը, և երրորդ տեղը` ՊԲ սակրավորները»:

Ինժեներասակրավորային գնդի ստորաբաժանմանը  խրախուսում ու գավաթը հանձնում է գնդապետ Հարությունյանը: Գնդի յուրաքանչյուր զինծառայող գործում է առանց սխալվելու իրավունքի: Եվ այս գերազանց ցուցանիշներով է, որ ինժեներասակրավորների շնորհիվ բազմաթիվ կյանքեր դեռ նոր են փրկվելու:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Ազգային բանակ


21/11/2019