Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Այսպիսով, 19-րդ դարի առաջին 30-ամյակում վրա հասավ Հայկական հարցի միջազգայնացման փուլը։ Գյուլիստանի, Բուխարեստի, Թուրքմենչայի, Ադրիանապոլի պայմանագրերը միջազգային փաստաթղթեր էին, որտեղ ընդգրկված էր նաեւ Հայկական հարցը, ճիշտ է, ոչ իր իսկական, այլ Արեւելյան Հայաստան, Երեւանի խանություն անվանումներով։ Հայկական հարցի զարգացման այս փուլը իր մեջ ներառում էր քաղաքական նոր մտածողության՝ ժամանակին համահունչ դրսեւորումներ, զինված պայքարի գաղափարախոսության խորացում, հասարակական-քաղաքական հոսանքների ձեւավորում, արեւմտահայ քաղաքական մակարդակի բարձրակետ՝ Ազգային սահմանադրության համար պայքար, Զեյթունի հերոսական ապստամբություն, որոնք հարստացնում, նոր աստիճանի էին հասցնում ազգային գաղափարախոսությունը։

19-րդ դարի երկրորդ կեսից Հայկական հարցի հիմնական առանցքը դարձավ Արեւմտյան Հայաստանը։ Արեւմտահայության ազատագրությունը վերածվեց հայ քաղաքական մտածողության բարձրակետի։

19-րդ դարի երկրորդ կեսը ճակատագրական էր թե՛ թուրքական կայսրության եւ թե՛ հպատակ, հատկապես քրիստոնյա ժողովուրդների համար։ Սուլթանական բիրտ վարչակարգը, զգալով անխուսափելի անկումը, կայսրության գոյությունը երկարաձգելու նպատակով ավելի էր ուժեղացնում քրիստոնյա հպատակների հալածանքները։ Ճնշված ժողովուրդները, փրկության ուրիշ ելք չտեսնելով, դիմում էին ազատագրական պայքարի։ Բռնատիրությունը, առիթն օգտագործելով, արյունալի հաշվեհարդար էր տեսնում։ Եվրոպական տերությունները, այդ անօրինակ դաժանությունների վկաները, ոչ միայն չէին կանգնեցնում սուլթանի վայրագությունները, այլեւ, ելնելով իրենց շահերից, պաշտպանում էին նրան։ Դիվանագիտական մրցակցության ասպարեզի վերածված Թուրքիան շուտով կանգնեց նոր պատերազմի վտանգի առաջ։ Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում գերիշխանության ձգտող Անգլիան ու Ֆրանսիան, սրելով ռուս-թուրքական հարաբերությունները, պատճառ դարձան նոր պատերազմի, որը հայտնի է Ղրիմի կամ Արեւելյան պատերազմ անունով ¥1853-1856թթ.¤։ Այս պատերազմում նույնպես հայ ժողովուրդը իր ավանդը ներդրեց ռուսական բանակի հաղթանակի ապահովման համար։ Սակայն պատերազմը նորից չանդրադարձավ Հայկական հարցի թեկուզ մասնակի լուծմանը։ Կովկասյան ճակատում գրաված բոլոր տարածքները՝ ներառյալ Կարս քաղաքը, Ռուսաստանը ետ վերադարձրեց, փոխարենը չկորցրեց Ղրիմի թերակղզին։ 1856թ. մարտի 20-ին Փարիզում կնքված պայմանագիրը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ Անգլիայի ու Ֆրանսիայի կամքի արտահայտություն։ Աշխարհաքաղաքական նոր պայմանները պահանջում էին, որ հիշյալ տերությունները թույլ չտան Ռուսաստանի չափազանց թուլացումը եւ Թուրքիայի ուժեղացումը։ Պայմանագրի 9-րդ հոդվածը ավելի քան ձեւական էր, որովհետեւ սուլթանը եթե խոստանում էր բարենորոգումներ անցկացնել, ապա պահանջում էր նաեւ, որ ազգային ու կրոնական խտրականության վերացմանը ուղղված այդ հոդվածի գործադրությունը չվերահսկվի որեւէ պետության կողմից։

Մի անգամ եւս հայ հասարակական, քաղաքական միտքը համոզվեց, որ ազատագրության հույսը պետք չէ կապել մեծ տերությունների գիշատիչ ծրագրերի հետ, այլ պետք է նվիրվել միակ արդարացի՝ զինված պայքարի գաղափարին։ Այս ուղղությամբ շրջադարձային խոշոր դեր խաղաց արեւմտահայության սահմանադրական պայքարը։ 1863թ. մարտի 17-ին թուրքական կառավարությունը վավերացրեց արեւմտահայերի սահմանադրությունը։ Արեւմտահայությունը խոշոր հաղթանակ տարավ բռնատիրական ու իրենից կտրված, ազգային կյանքի տնօրինությունը իրեն վերապահած ամիրայական դասի նկատմամբ։ Հայ քաղաքական կյանք մուտք գործեց մինչ այդ անծանոթ՝ «Սահմանադրություն» հասկացությունը, ժողովուրդը զգաց իր ուժը, միակամ պայքարի հզորությունը։ Չնայած սահմանադրությունը ազգային ներքին որոշակի խնդիրներ լուծելու արտոնությունների հանրագումար էր իրենից ներկայացնում, սակայն կարեւորը ժողովրդական մտածողության մեջ պայքարի ըմբռնման ամրապնդումն էր, որից ծնունդ էր առնելու 1862թ. Զեյթունի հերոսական ապստամբությունը։ Այն համախմբեց արեւմտահայ հայրենասիրական ուժերին, նոր վերելք ապահովեց ազատագրական գաղափարախոսությանը, հայ քաղաքական մտքին։ Այս տեղաշարժերը չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել քաղաքական մտածողության վրա։ Ինչպես նշում է Լեոն, ամբողջ 19-րդ դարում հայության «Գլխավոր պաշտամունքը դառնում է հայրենիքը եւ ազգությունը։ Հայոց ամբողջ նոր գրականությունը տոգորվում է այդ սկզբունքներով եւ դաստիարակում է սերունդներ հայրենիքի ազատության գաղափարներին ծառայելու համար»։

1877թ. ապրիլի 12-ին սկսվեց ռուս-թուրքական նոր պատերազմ։ Բացվեց պատերազմի կովկասյան ճակատը, որի գլխավոր հրամանատարն էր Միխայիլ Նիկոլաեւիչը, կորպուսի հրամանատարը՝ գեներալ Լորիս Մելիքովը։

Կովկասյան ճակատում թուրքական բանակը կրեց ջախջախիչ պարտություն։ Հաղթանակի գործում մեծ ավանդ ուներ հայ ժողովուրդը։ Հայկական կամավորական ջոկատները խիզախության ու հերոսության օրինակներ էին ցույց տալիս։ Հայերի նվիրվածությունը Ռուսաստանին բազմաթիվ զեկուցագրերի հիմնական թեմաներից էր։ Ռուսական արքունիքը, սակայն, անտեսում էր այդ հանգամանքը, նախապատրաստվում էր վայելելու այնքան սպասված հաղթանակի պտուղները։ Հունվարի 19-ին կնքված զինադադարի պայմաններում Հայկական հարցը չկար, սակայն ռուսական պատվիրակության համառությունը պսակվեց հաջողությամբ. քննարկման դրվեց 16-րդ հոդվածի առաջին տարբերակը, այնուհետեւ երկրորդը, որոնք այս կամ այն չափով ապահովելու էին արեւմտահայության գոյատեւումը պապենական հայրենիքում։ Ծրագրում խոսք, միտք անգամ չկար հայկական պետականության վերականգնման, հայությանը առանձնաշնորհումներ տրամադրելու մասին։

1877թ. հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի երեսփոխանական ժողովն ընդունեց Հայկական հարցի լուծման տնօրինությունը Ռուսաստանին հանձնելու որոշում։ Մշակվեց Հայկական հարցի լուծման նոր տարբերակ. «Ռուսներու կողմե չվերադարձվի կրկին Տաճկաց Մեծ Հայքը՝ մինչեւ Եփրատի ափերը։ Այդ հողամասերը կցվելով Արարատյան նահանգին՝ մաս կազմեն կայսերական իշխանության»։

Սակայն, իրականում, 16-րդ հոդվածը չլուծելով Հայկական հարցը, դարձյալ անորոշության մեջ էր թողնում այն։ Հայության քաղաքական անփորձությունը մեկ անգամ եւս դեմ առավ դիվանագիտական խարդավանքին։

Բեռլինի կոնգրեսի գումարման լուրը լսելով՝ արեւմտահայ ազգային գործիչները որոշեցին եվրոպական երկրների մայրաքաղաքներ ուղարկել պատրիարքարանի պատվիրակությանը, ճանաչված քաղաքական ու կրոնական գործիչ, նախկին պատրիարք Մ.Խրիմյանի գլխավորությամբ։

Ամիսներ շարունակ ծեծելով եվրոպական պալատների դռները, պատվիրակությունը Հայկական հարցի արդարացի լուծման խնդրանքներ էր հղում։ Լոնդոնում, Փարիզում, Պետերբուրգում, Հռոմում, Բեռլինում Մ.Խրիմյանը գութ էր աղերսում հարյուր հազարավոր անմեղ զոհերի, երեք միլիոն ստրկացված ժողովրդի համար։

Բեռլինի վեհաժողովում չլուծվեց Հայկական հարցը։ Վեց ամիս շարունակ ձգձգելուց հետո եվրոպացի դիվանագետները լույս աշխարհ հանեցին կամազուրկ մի հոդված, որը ոչինչ չէր խոստանում։ Վերադառնալով Կ.Պոլիս, հայոց մայր եկեղեցում հավաքված ժողովրդին Մ.Խրիմյանը պատմելով հարիսայի ու իր թղթե շերեփի մասին, ասաց.

«Հոն, ուր զենքն է խոսողը, ուր սուրերը կշողշողան, հոն ի՞նչ գործ ունին խնդիրք եւ աղերսություններ»։

Ազատության հասնելու համար, շարունակում է իր միտքը Մ.Խրիմյանը, պետք է գնալ գավառները, ոչ թե ձեռնաբաց, այլ՝ «Մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք, եւ դարձյալ զենք։ Ժողովուրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քեզ վրա դիր, քո խելքին եւ քո բազուկին ուժ տուր, մարդ ինքն իրեն պետք է աշխատի, որ փրկվի»։

Ռուսական զորքերը հեռանում էին գրաված շրջաններից, եւ հայ ժողովուրդը կարինցի ծեր կնոջ բերանով նրանց երեսին ասում էր. «Ոչ գալերնիդ լիներ, ոչ գնալնիդ…»։

Արեւմտահայությունը կանխատեսում էր ռուսական զորքերի հեռանալուց հետո եկող գալիք չարագուշակ օրերը։ Իրավացի էր Հ. Պարոնյանը, երբ 61-րդ հոդվածով խանդավառված դիվանագետների մասին գրում էր. «1878 թվին իբրեւ ազգային նվիրակ Խրիմյանի հետ ավագաժողովը ղրկվեցավ։ Թեպետ եւ չգիտակցելով, թե ինչու չկրցին ավագաժողովին ներկայանալ, սակայն շատերը պնդեցին այն ատեն, թե ազգը մեծ օգուտ քաղեց անոնց ուղեւորութենեն, թե ձայն հանելու չէ, այդ օգուտին ինչ ըլլալը վերջին պիտի հասկացվի»։ Իսկ վերջն անփառունակ էր, արյունով լեցուն։ Արտագաղթի էր պատրաստվում ամբողջ Կարինի նահանգը։

Եթե Ռուսական արշավող բանակի գլուխ կանգնած հայազգի գեներալ Լորիս Մելիքովը, անցնելով Արեւմտյան Հայաստանի անմարդաբնակ ու ավերված գյուղերով, զարմացած ասում էր. «Հայաստանը կտեսնեմ ահա, սակայն հայ չեմ տեսներ հոն», ապա ի՞նչ էին ասելու դարավերջին Հայաստան այցելողները։

Հայկական հարցի միջազգայնացման փուլը, լեցուն լինելով տարակարծություններով, գաղափարական որոշակի ընդհանրություն չբերեց։ Իրարամերժ տեսակետները պտտվում էին այս կամ այն ուժը ելակետ համարող վարկածների շուրջ։ Այդքան փորձություններից հետո էլ չէր խամրում Եվրոպայի, Ռուսաստանի նկատմամբ հավատի հանգանակը։

Շարունակելի

Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Պատմության էջերից


21/11/2019