ՕՋԱԽԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՄՈՒՐ ՍՅՈՒՆԵՐԸ
Երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր որդիներ են մեծացնում: Օշականցի մանկավարժ ամուսիններ Ավագյանները այս առումով իրավամբ հպարտանալու տեղ ունեն` ազնիվ, շիտակ, աշխատասեր, մեծի հարգն իմացող, մեծի հոգսը կիսող զավակներ են դաստիարակել:
Ավագյանների կրտսեր որդին՝ Նարեկը, այս զորակոչին համալրելու է հայոց բանակի շարքերը, ամռանը նրան կմիանա նաեւ ավագ եղբայրը՝ Տիգրանը:
Նարեկը «Հայբուսակ» համալսարանում է սովորում, ապագա ատամնաբույժ է.
-Բանակում ծառայելը կարեւոր է յուրաքանչյուր երիտասարդի համար՝ եւ հոգեպես ես ամրանում, եւ ֆիզիկապես, ինքդ քեզ ավելի լավ ես ճանաչում, բացահայտում, առավել ինքնուրույն ու պատասխանատու դառնում: Ինձ համար էական չէ, թե որտեղ կծառայեմ, որ հատվածում, բայց մասնագիտությունիցս ելնելով՝ կնախընտրեի որպես բուժակ ծառայել, կարծում եմ ՝ այդպես առավել արդյունավետ կօգտագործեմ բանակային երկու տարին:
Նարեկը նաեւ հրաշալի նվագում է ազգային նվագարաններով՝ շվի, դուդուկ: Տարբեր փառատոների է մասնակցել՝ թե՛ հանրապետությունում, թե՛ հանրապետությունից դուրս: Գյուղում ինչ միջոցառում, ինչ տոնախմբություն լինի, ծիրանափողի հոգեպարար մեղեդին պարտադիր հնչում է:
-Երեւի դուդուկն ու շվին էլ քեզ հետ «զորակոչվեն»,- կատակով ասում եմ ես:
-Եթե զորամասում թույլատրեն, ինչու՝ ոչ, ազատ պահերին կնվագեմ:
-Ծառայող տղաներից հաճախ եմ լսել՝ ասում են՝բանակում երգը, երաժշտությունը ուրախացնում է զինվորի սիրտը, ոգեւորում, ոգեշնչում, մեղմում կարոտը:
-Արդեն պատկերացրի,- ժպտում է Նարեկը,- դիրքերում, դուրսը ձյուն-ձմեռ է, տաք վառարանի մեջ այրվող փայտը ճտճտում է, ես էլ զինվոր ընկերներիս համար դուդուկ եմ նվագում…
Շնորհաշատ են Ավագյան եղբայրները: Նարեկի եղբայրն էլ՝ Տիգրանը, սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի չորրորդ կուրսում:
– Բեմը, թատրոնը, կինոն քեզ տանում է մի ուրիշ աշխարհ: Ասում են՝ եթե հանդիսատեսը եկել է թատրոն, նրա մեջ ինչ-որ բան պետք է փոխվի դեպի դրականը, լուսավորը, այլապես ներկայացումն անօգուտ կհամարվի,- ասում է Տիգրանն ու շարունակում:- Իսկական արվեստը բարձրացնում է մարդուն, վեհացնում ու կատարելագործում: Արվեստն էլ զենք է, պետք է կարողանալ ճիշտ ղեկավարել:
Տիգրանը բանակի մասին իր պատկերացումն ունի. ծառայավայրում տարբեր մարդկանց հետ ես շփվում, տարբեր խառնվածքի ու մտածելակերպի, ծառայության երկու տարին մեծ կենսափորձ կտա:
Ապագա զինվորների հետ դեռ երկար զրուցում ենք տարբեր թեմաներից՝ արվեստից, բանակից, քաղաքականությունից: Չափազանց կիրթ են եղբայրները, բազմակողմանի զարգացած ու ամենակարեւորը՝ անսահման նվիրված հայրենի եզերքին:
Ռոզա տատիկը, քիչ հեռու նստած, ուշադիր ունկնդրում է թոռների ամեն խոսքն ու բառը ու մեկ-մեկ ձեռքը տանում է աչքերին՝ ջանալով աննկատ սրբել արցունքը:
-Դեռ չգնացած՝ արդեն կարոտում ենք: Մենակ խաղաղություն լինի, անփորձանք ծառայեն, հետ գան մեր բոլոր զինվորները, վերադառնան շենացնեն օջախները, շենացնեն ու ծաղկեցնեն երկիրը: Միշտ ասել եմ ու էլի կրկնում եմ՝ տղան պարտադիր պետք է ծառայի: Ծառայած տղան ուրիշ է, ավելի կոփված է, ավելի հավասարակշիռ…
Երկու որդիներս խորհրդային բանակում են ծառայել, մեկը՝ Մուրմանսկում, մեկը՝ Ուլան Ուդեում: Պատվով ծառայել են, պատվոգրերի արժանացել լավ ծառայության համար, բայց, հավատացեք, հայրենիքին, քո հողուջրին ծառայելը, քո տունը պաշտպանելը մի ուրիշ պատիվ է, մի ուրիշ հպարտություն: Նարեկն առաջին թոռս է, որ բանակ է գնում, հայկական բանակ…
Տղաների մայրը՝ Անահիտը, հպարտություն-հուզմունք իրար խառնած, սեղանն անվերջ լցնում է այգու արեւահամ բարիքներով, իրենց պատրաստած տեսակ-տեսակ չրեղենով: Մանկավարժների ընտանիքից է Անահիտը: Անսքող հպարտությամբ շեշտում է. «Հովնանյանների ազգում ուսուցիչներ շատ կան: Հայրս էլ երկար տարիներ դպրոցի տնօրեն է եղել»:
Անահիտն ինքն էլ արդեն 23 երկարուձիգ տարիներ աշակերտներ կրթելու եւ դաստիարակելու գործին է նվիրված:
-Որպես ծնող, որպես մայր շատ եմ անհանգստանում որդիներիս համար, բայց նաեւ հասկանում եմ, թե որքան կարեւոր է ամեն զինվորի դերը: Մեր օջախի սյուները նաեւ հայրենիքի ամուր սյուներն են, հայրենիքի ամուր ու հզոր հենարանը… Գիտեմ, հասկանում եմ՝ դժվար կլինի, շատ դժվար, հատկապես երբ երկու որդիներս միաժամանակ բանակում լինեն, կարոտս կկրկնապատկվի, բայց դե գոնե ժամանակի առումով չորս տարվա սպասումս կփոխարինվի 2.5 տարով:
-Մաման մաթեմատիկայի ուսուցչուհի է, գումարեց ու հանեց,-կատակում են որդիները:
Հազար տարվա հարազատի պես հրաժեշտ տվեցինք Ավագյանների հյուրընկալ ընտանիքին: Երբ մեր մեքենան արդեն շարժվում էր, բաց դարպասից նկատեցի՝ Նարեկը կացինը վերցրել էր ձեռքն ու բակում իրար վրա դարսված ձմեռվա փայտն էր կոտրատում-մանրացնում:
Ձմռանը ինքը ծառայավայրում կլինի, ջարդած փայտը կջերմացնի հայրական օջախը, իսկ իր դուդուկի հոգեպարար մեղեդիներն էլ կջերմացնեն զինակից ընկերների սրտերը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս՝ հեղինակի
Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում