ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ կրթական և հետազոտական գործունեությունը, համալսարանում ընթացող «Պետության ռազմական անվտանգության» վերաբերյալ գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը:
Գեներալ-մայոր Տավարածյանը տեղեկացրել է, որ ՊԱՀՀ-ում մշակվում և հաջորդ տարի իրականացվելու է միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց, օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթաց, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագիր, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթության կազմակերպում (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտությանը և ռազմավարությանը, ազգային անվտանգությանը վերաբերող թեմաներով:
Դեսպան Թրեյսին բարձր է գնահատել ռազմական մասնագիտական կրթության բնագավառում ՊԱՀՀ իրականացրած մեծածավալ աշխատանքը, կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, այդ թվում՝ նշված բնագավառում:
Դեսպան Լին Թրեյսին հանդիպել է նաև ՊԱՀՀ դասընթացի ուսումնառողներին, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման ընթացքում Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բ. Անդերսը շարունակել է ՊԱՀՀ-ում իր եռօրյա դասախոսությունը ԱՄՆ սերժանտական համակարգի վերաբերյալ: