ՊԱՏՄԱՀՈՐ ԿՅԱՆՔԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Հիմա, տարիների հեռվից, դժվար է ասել, թե անձնական կյանքում կրած ողբերգությունն ու տառապանքը, կյանքի հատակից մարդկանց ճանաչելու հնարավորությունը օգնե՞լ են Խորենացուն, թե՝ ոչ, տառապանքը հարստացրե՞լ է նրա հոգին, տեսադաշտը, մտահորիզոնը կամ, ինչպես ասում են, նա բյուրեղացե՞լ է արդյոք տառապանքով: Խորենացու պարագայում հնարավոր է եւ մեկը, եւ մյուսը, համենայն դեպս նրա հոգեկան ինքնահաղթահարումից է ծնվել գլուխգործոցը՝ «Հայոց պատմությունը»:
Ինքնահաղթահարման, հանճարի ուժով դեմ գնալ պարտադրված ճակատագրին, բոլոր պայմաններում ու դժնի ժամանակներում կարողանալ պահպանել հոգու մաքրության նշխարահատիկը: Խոստովանենք, դա մարդկային օվկիանոսում քչերին է վիճակված, որովհետեւ բազում ու բազմաթիվ են կոչվածները, սակայն քիչ են ընտրյալները:
Խորենացու «Հայոց պատմության» վերջաբանից, 5-րդ դարի մեկ ուրիշ մատենագրի՝ Ղազար Փարպեցու «Թղթից» եւ այլ աղբյուրներից պարզ երեւում է, որ Խորենացին Ալեքսանդրիայում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում է Հայաստան ու իր լուսավոր հայացքների պատճառով տգետ հոգեւորականների կողմից ենթարկվում է խիստ հալածանքների եւ հետապնդումների, անգամ արհամարհվում է, եւ ոչնչացվում են նրա մի շարք աշխատությունները: Նրա հետ հունական բարձրագույն կրթություն ստացած ուսանողներից ոչ մեկն այնքան չարչարանքների չի ենթարկվել, որքան՝ պատմահայրը: Ղ. Փարպեցու հիշատակած վկայությունը Մովսես Խորենացու կրած հալածանքների մասին համակերպ է ոչ միայն պատմահոր «Ողբին», այլեւ ժողովրդական մի ստեղծագործության, որը հմուտ խորենացիագետ Ստեփանոս Մալխասյանն օգտագործել է իր աշխատության մեջ: Ըստ այդ ավանդության՝ Խորենացին հոգեւորականներից ազատվելու նպատակով փախչում-թաքնվում է Վաղարշապատի գյուղերից մեկում: Շատերն են փնտրում նրան, բայց չեն գտնում: Շուտով նրա դասընկեր Գյուտը դառնում է կաթողիկոս եւ նույնպես սկսում է փնտրել հալածանքի ենթարկված իր վաղեմի ընկերոջը, որն ուսման մեջ լավագույնն էր, սակայն անձնական կյանքում այդքան դժբախտ դուրս եկավ:
Հետաքրքիր է՝ ճակատագրի պարտադրանքով նույն խմբի ուսանողներից մեկը դառնում է Ամենայն Հայոց կաթողիկոս, իսկ մյուսը մինչեւ հասունացած տարիքը ստիպված է լինում հայրենի երկրում թաքնված ապրել: Բայց ճակատագրի քմահաճույքն էլ, երեւի, սահման ունի, եւ ահա Գյուտ վեհապետը տարբեր բնակավայրեր շրջագայելուց հետո գալիս է այն գյուղը, որտեղ թաքնված էր քերթողահայրը, որն իմաստությամբ ու բարի խրատներով դարձել էր շինականների սիրելին: Գյուղացիները կաթողիկոսի պատվին մեծ խնջույք են կազմակերպում: Ամենքը տարբեր ասույթներով, արտասանություններով ու խոսքի այլ հնարքներով աշխատում են զբաղեցնել նրան: Խոսք ասելու հերթը հասնում է ցնցոտիներ հագած մի ծերունու, որն իր գրած բանաստեղծություններից մեկի արտասանությամբ հմայում-դյութում է բոլոր մասնակիցներին: Հանդիսականներից մեկը հայտնում է այդ կախարդ բանաստեղծի ով լինելը: Փառքի բարձունքում գտնվող Գյուտ կաթողիկոսը եւ նրա դիմաց ցնցոտիներ հագած եւ արդեն ծերունազարդ դասընկերը… Գյուտն այդ պահին, հաստատ է, մտածել է մարդկանց բաժնեգրված տարբեր ճակատագրերի մասին, հուզվել է, եւ նրա աչքերը թրջվել են արցունքներից… Գյուտը, հաստատ է, մտովի մի ակնթարթ տեղափոխվել է ուսանողական տարիները, վերհիշել անցած-գնացած բաները եւ ամենայն հավանականությամբ մտածել է, որ մարդու մեջ սատանան ավելի առօրեական է, տեսանելի ու զորավոր, ավելի գետնաքարշ, քան երկնային հրեշտակը: Հարկավոր էր, ուրեմն, դեմ գնալ մարդու մեջ արթնացած եւ իր խրախճանքն անող սատանային, մանավանդ, որ Գյուտը, իբրեւ կաթողիկոս, իշխելու իրավունք ուներ հոգիների վրա: Եվ ժողովրդական պատմությունը շարունակվում է այնպես, ինչպես հեքիաթում, հարկավոր է վերջ տալ Խորենացու կյանքի ոդիսականին, անլուր տառապանք կրած հայոց այդ յուրօրինակ Ոդիսեւսին, ի վերջո, թեկուզ ծեր տարիքում, վերադարձնել հարազատ օջախը: Դա ուշացած զղջումի է նման, ուշացած հաղթանակի: Գյուտ կաթողիկոսի դիմաց հրաշալի բանաստեղծություն արտասանողը սովորական ծերունի չէ, ինչպես սովորական դյուցազն չի Ոդիսեւսը, այլ Աստծո եզակի ընտրյալ է, Հանճար է՝ սովորական մարդկանց կողմից արհամարհված, լքված ու միայնակ: Ինչպես մարգարիտը՝ խոզերի առջեւ: Եվ կաթողիկոսն իսկույն ճանաչում է նրան, անսահման ուրախանում, որ կարող է առաքինություն գործել, իր վաղեմի ընկերոջը փրկել երկրային սատանայի ճիրաններից՝ հրեշտակի պարգեւած բարության լույսով: Նա Խորենացուն հրավիրում է Էջմիածին, ձեռնադրում Բագրեւանդի եպիսկոպոս: Այստեղ էլ ահա, առաջացած տարիքում, Սահակ Բագրատունի իշխանի պատվերով Խորենացին արարում է «Հայոց պատմությունը»:
Ես գիտակցաբար, Մովսես Խորենացու կյանքի որոշ դրվագների հիման վրա, վերհիշեցի այս պատմությունը՝ հաստատելու, ո՞վ գիտի, գուցե հազար անգամ արդեն հաստատվածը, թե՝ կյանքի, ճակատագրի եւ արթնացած սատանայի ճիրաններում տապակվելիս անգամ հոգու լույսը չկորցնողին բարու ու չարի հավերժական պատերազմում, ի վերջո, բաժնեգրվելու է արդար հատուցումը՝ անմահության հաղթանակը, մահկանացու մարդու ֆիզիկական ու մարմնական, նյութեղեն ու անձուկ կյանքի սահմանագծում:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Պատմության էջերից