ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
Գաղափարական այդ խառնաշփոթ ներհակությունների մեջ, սակայն, առանձնանում էր այն ուղղությունը, որը ձերբազատվելով հովանավորության բարդույթից, հայության ազատագրությունը կապում էր նրա իսկական տիրոջ՝ հայ ժողովրդի աննահանջ զինված պայքարի հետ։ Հայության ազատագրությանը նման ճակատագիր էր կանխատեսում նաեւ Գարիբալդին, երբ պատասխանելով հայ ժողովրդի ապագայի մասին հարցին, «բացարձակապէս անօգուտ» էր համարում Եվրոպայի օգնությամբ ազատագրվելու գաղափարը եւ ավելացնում. «Հայերը, ինչպէս եւ միւուս ժողովուրդները, որոնք այսօր թրքոց բռնութեան լուծը կը կրեն, եթե ազատ ըլլալ կուզեն, պետք է այդ արդարութեան եւ մարդկութեան գործը պահանջէն զենքը ձեռուին։
Այս կերպ միայն կարելի է ստիպել Եւրոպական դիւանագիտութիւնը, որպեսզի լսէ թշուառ ժողովուրդներու ձայնը»։
Հայ առաջավոր քաղաքական միտքը արդեն մոտենում էր այս գաղափարին։ Նրանք դեռեւս հասունացման գործընթաց էին ապրում, սակայն հայոց Հայրիկի պատգամը, որ բերել էր կոնգրեսից, շրջադարձային եղավ ազատագրական գաղափարախոսության զինված պայքարի կողմնակիցների համար, որոնք Գ. Սրվանձտյանցի բերանով բարձրագոչում էին. «Հայաստանի մեջ է բուն հայկական խնդիրը, մենք Պերլինի մեջ կորոնենք զայն»։
Գաղափարական նոր ուղղությանը դեռեւս սպասվում էին փորձություններ, որից հետո ժողովուրդը զգալով պայքարի՝ ազատագրության հասնելու միակ ճշմարիտ ուղու արդարացիությունը, զինվորագրվելու էր դրան։
Ազատագրական պայքարի փուլ
1878-1918թթ.
Արեւմտահայության ազատագրության հարցը դարձել էր դարի երկրորդ կեսի հայ հասարակական, քաղաքական կյանքի հիմնական առանցքը։ Արեւմտահայ ազատագրական գաղափարախոսության ձեւավորման վրա իր խոշոր ազդեցությունը թողեց 1877-1878թթ. պատերազմը։ Այն արագացրեց հայացքների որոշակի ուղղվածություն ձեռք բերելու գործընթացը, կազմավորման վիճակի մեջ դնելով տարբեր ներհակություններ ունեցող կողմնորոշումները։ Եթե մինչ այդ ազատագրության խարիսխ էր ընդունվում այս կամ այն տերությունը, ապա այժմ հանդես եկավ մի նոր՝ սեփական ուժերով բաղձալի նպատակին հասնելու գաղափարը։
Վրա էր հասնում ներքին կազմակերպվածության ու համախմբման շրջանը։ Երես թեքելով մեծ տերությունների շահամոլ քաղաքականությունից, արեւմտահայությունը պատրաստվում էր սեփական ուժերով լուծել իր ազատագրության հարցը։
19-րդ դարի 60-ական թվականները արեւմտահայությունը չդիմավորեց շարժումների բուռն վերելքով։ Այսինքն, ինչպես նկատում է Լեոն, «60-ական թվականներին մենք դեռ նոր-նոր էինք սկսում զգալ, ապրել, շարժումը մասնավոր ազդեցություն արավ մեզ վրա»։
Բայց կարեւորը ոչ թե շարժումների ընդգրկման սահմաններն էին, այլ պայքարի ոգին, խոստումնալից սկիզբը։ Այս առումով էլ, 1862թ. Զեյթունի հերոսական ապստամբությունը, 1863թ. արեւմտահայ սահմանադրության համար մղված պայքարը վճռական դեր խաղացին ազատագրական շարժումների ծավալման, խորացման ու ամրապնդման գործում։
Սահմանադրական շարժման բաղկացուցիչ մասն էր Կարինի բարենորոգումների ծրագիրը, որը մշակվել էր Արեւմտյան Հայաստանի կոմիսարին ներկայացվելու համար։ Այն կազմված էր առաջաբանից, 46 հոդվածներից եւ վերջաբանից։
Առաջաբանում խոսքն ուղղելով կոմիսարին՝ ծրագրի հեղինակները հույս են հայտնում, թե գալով Հայաստան, նա ամեն ինչ կանի, որպեսզի իրագործվեն 61-րդ հոդվածի պահանջները։ Այնուհետեւ ծրագիրը առաջարկում է վարչական, դատական, հարկահավաքության կարգավորում, հարստահարությունների դեմ միջոցառումներ։ Հմտորեն գրված ծրագիրը համոզում է նորոգումների անհրաժեշտության մասին, հակահարված տալիս Բ. Դռան այն բարենորոգումների պնդումներին, թե հայերը թշնամաբար են տրամադրված եւ ցանկանում են անջատվել Թուրքիայից։ Ծրագիրը ապացուցում է, որ հայության միակ ցանկությունը «ժողովրդյան կյանքը, ինչքն ու պատիվը» պաշտպանելն է։
Համարձակորեն առաջ տանելով ազգային իրավունքների պաշտպանության խնդիրը՝ ծրագիրը պահանջում է, որ արեւմտահայության հետ կապված բոլոր հարցերի քննությանն ու լուծմանը մասնակցի նաեւ պատրիարքը, որովհետեւ նա տերության ու ազգի միջնորդն է, իսկ նրա ձայնը՝ ամբողջ ազգինը։
Թեեւ ինչպես սահմանադրությունը, այնպես էլ գավառների սահմանադրական հրահանգն ու Կարինի բարենորոգումների ծրագիրը չգործադրվեցին, սակայն այդ կարեւոր փաստաթղթերը վկայում են արեւմտահայության քաղաքական մակարդակի աճի, ազգային ինքնագիտակցության բարձրացման մասին, ազատագրական պայքարի գաղափարախոսության ձեւավորված վիճակի մասին, որի առաջին արտահայտությունը Զեյթունի հերոսամարտն էր։
Քաջակորով զեյթունցիների պայքարը ոգեշնչող օրինակ եղավ եւ արագացրեց հայ ազատագրական խմբակների ու կազմակերպությունների ձեւավորման գործընթացը։
1880-90-ական թվականներին ձեւավորվեցին «Արմենական» «1885թ.», «Հնչակյան» «1887թ.» եւ «Դաշնակցություն» «1890թ.» կուսակցությունները։
Չնայած զգալի տեղաշարժերին, այնուամենայնիվ, արեւմտահայ ազատագրական շարժման գաղափարախոսությունը դեռեւս համաձույլ, կուռ որոշակիության չէր հասել։
19-րդ դարի 80-ական թվականներին այն եռափեղկվեց եւ պտտվում էր Բեռլինի 61-րդ հոդվածն իրագործելու, Եվրոպայի օգնությամբ ազատագրության հասնելու եւ բուն երկրում ապստամբական շարժում սկսելու ուղղությունների շուրջ։ Այդ նպատակների իրագործման համար եռանդուն գործունեություն էին սկսել Եվրոպայում գործող Մ. Փորթուգալյանի «Արմենիա» թերթի շուրջը համախմբված ուժերը, նրանցից անջատված Կ. Հակոբյանի խումբը, որը 1887թ. Լոնդոնում անգլերեն եւ հայերեն սկսեց հրատարակել «Հայաստան» թերթը, Մ. Չերազի Լոնդոնում ֆրանսերեն հրատարակվող «Հայաստան» թերթը, 1882թ. Վառնայում հիմնադրված «Հայրենասիրաց ընկերությունը» եւ այլն։
«Երկիր» անցնելու շարժումը իր մեջ ընդգրկեց հայրենասեր երիտասարդությանը։
1889թ. Թուրքիա անցնելու փորձ կատարեցին Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը, Կարապետ Գուլուգսըզյանը, որը սակայն ավարտվեց անհաջողությամբ։
Չնայած այս ամենին, հայ ազատագրական շարժումը տարածում էր ստանում, համախմբում էր երիտասարդությանը։
«Փորձ» ամսագիրը, անդրադառնալով Բեռլինի կոնգրեսից հետո արեւմտահայության վիճակին, «Արեւելյան խնդիրը եւ հայերը» հոդվածում խոսում էր այն մասին, որ Եվրոպան երբեք էլ չի լուծելու արեւելյան խնդիրը, եւ որ նրանից խուսափելու համար նրանք այս վերջին քսան տարիների ընթացքում միայն մի բան երազեցին. այն է՝ պատերազմի պատրաստություն տեսնել այդ քաղաքականությունից ազատվելու նպատակով։ Թուրքիայի քրիստոնյա ժողովուրդները երբեք վստահություն չեն ունեցել այն մեծ խոստումների նկատմամբ, որ թուրքերը տվել են Եվրոպային՝ իրենց պետության մեջ իրավունքների հավասարություն, բարենորոգություն եւ առաջադիմություն մտցնելու։
Եվ քանի որ, սկսած դարի առաջին կեսից, Թուրքիայի խոստումները գործից մղոններով հեռու էին, ուստի այս պատերազմից հետո էլ, բնական է, քրիստոնյաների՝ հատկապես հայերի վիճակը պիտի ավելի վատթարանար։
Անհրաժեշտություն էր դառնում պայքարի նոր ուղիների մշակումը։ Նոր պատգամ հնչեցրեց Ն. Վարժապետյանը՝ «Ազգ մը տնանկ է եւ տկար, եթե ընկերաբար գործել չունի»։
Պատգամը կազմակերպվելու, բռունցք դառնալու կոչ էր։ Դրան գումարվեց Մ. Խրիմյանի ու Գ. Սրվանձտյանցի «երկաթի» փիլիսոփայությունը, ու կարծես ավարտվում էր գաղափարական դեգերումների շրջանը, եւ հայ քաղաքական կյանք էր խուժում սեփական ուժերի վրա հենվելու, արյունով ազատություն ձեռք բերելու գաղափարը։
Այսպիսով, եթե 19-րդ դարի 70-ական թվականներին հայության ձգտումները խարսխվում էին 61-րդ հոդվածի վրա, ապա 80-ական թվականներից տեղաշարժն ակնհայտ էր։ Ասպարեզ էր գալիս ազատագրական շարժման նոր սերունդ, որը, դաս առնելով անցյալից, կազմակերպական նոր որակներ հաղորդեց շարժմանը՝ իրական հիմքեր ստեղծելով ազատագրական գաղափարախոսության ձեւավորման, պայքարի իմաստավորման ու կողմնորոշման համար։
Արեւմտյան Հայաստանում եւ Եվրոպայում բորբոքված հայ ազատագրական շարժումներն անհանգստության առիթներ էին ստեղծում սուլթանական վարչակարգի համար։ Եթե երկրի ներսում սուլթանը կարող էր բռնությունների ճանապարհով լուծել խնդիրները, ապա Եվրոպայում ստեղծվող հայանպաստ դիրքորոշումները հղի էին վտանգներով։ Ահա թե ինչու ասիական Մաքիավելին Պոլսի պատրիարքին պարտադրեց Եվրոպա ուղարկել պատգամախոս, որպեսզի Եվրոպայում լույս տեսնող հայկական թերթերին հաղորդի պատրիարքի հորդորները։ Հոգեւոր առաջնորդը ահազանգում էր, որ եթե չդադարեցվեն հակաթուրքական ազատագրական գործողությունները, ապա սուլթանը կհրաժարվի բարենորոգումների գործադրումից։ Պատրիարքի նվիրակ, վարդապետ Ե. Դուրյանի առաքելությունը ձախողվեց։ Հակաթուրքական ազատագրական քարոզչությունը շարունակվեց նոր եռանդով։
Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Պատմության էջերից